կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-29 13:40
Տնտեսական

Ի՞նչ է սպասվում դոլարին առաջիկա ամիսներին

Ի՞նչ է սպասվում դոլարին առաջիկա ամիսներին

Ամանորին դոլարի կուրսը Հայաստանում կկայունանա` հիմնականում պայմանավորված ներքին, այլ ոչ թե արտաքին գործոններով:

 

Առջևում ձմեռ է, ինչը ենթադրում է, որ Հայաստանում դրամով կատարվող վճարումները ավելանալու են մի քանի անգամ: Առաջին հանգամանքը կոմունալ վճարների ավելացումն է, այնուհետև` համեմատաբար թանկ ու տաք հագուստները և, իհարկե, Ամանորը:

 

«Միայն դեկտեմբրի 20-30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի է ունենում այնքան առևտուր, որքան 1.5 ամսում, ինչը նշանակում է, որ քաղաքացիներն օգտագործելու են իրենց պահուստները, որն այս դեպքում արտարժույթով է: Հետևաբար` արտարժույթի մեծ քանակի առկայությունը կբերի դոլարի փոխարժեքի կայունացման» ,- նշում է տնտեսագետ Արթուր Առաքելյանը:

 

Դոլարի փոխարժեքի կայունացմանը կնպաստի նաև խոպանում աշխատող մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան: Նրանք ամենևին դատարկաձեռն չեն գալիս` նրանց գրպանի արտարժույթը մոտավորապես 1.2 միլիարդ դոլար է: Սա, իհարկե, նույնպես իր ազդեցությունը կունենա դոլարի փոխարժեքի կայունացման վրա:

 

Այս բոլոր գործոններն ու կանխատեսումները միայն կարճաժամկետ հեռանկարի վերաբերյալ են: Ամանորից հետո տեղի կունենա հակառակ գործընթացը: Առևտրաշրջանառության ծավալը կտրուկ կնվազի մինչև փետրվարի կեսերը: Այս ժամանակահատվածում կրկին իրենց ազդեցությունը կթողնեն միջազգային գործոնները:

 

2011-ից միջազգային ներդրումները Հայաստանում տարեկան նվազում են 150 միլիոն դոլարով, իսկ տրանսֆերտները այս տարի, նախորդի համեմատ, նվազել են մոտավորապես 500 միլիոն դոլարով: Այս վիճակը 2015-ին դեռ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանում տնտեսական վիճակը չի շտկվել:

 

Իսկ Կենտրոնական բանկն էլ չի կարող անվերջ օգագործել միջազգային պահուստները՝ դրամի արժեզրկումը կանխելու համար: Սա կարճաժամկետ գործիք է, և մեր պահուստներն էլ անսպառ չեն:

 

Արթուր Առաքելյանի խոսքով` պետությունը չի կարող ազդել արտաքին գործոնների վրա, բայց շտկել տեղական խնդիրները` դրամի կտրուկ արժեզրկումից խուսափելու համար, կարող է: «Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը շտկելու և ներդրումների ավելացման վրա պետությունը կարող է ազդել: Հիմա բազմաթիվ ապրանքներ, որոնք կարող են արտադրվել Հայաստանում, մենք ներմուծում ենք: Պարզ օրինակ` լոլիկը, որը ներմուծում ենք Թուրքիայից: Մենք ունենք գյուղատնտեսական նշանակության հողեր՝ շուրջ 30 տոկոս, որոնք չեն օգտագործվում, և կարելի է այդ անմշակ հողերի վրա լոլիկ աճեցնել»,- ասում է մասնագետը:

 

Կա մի գործոն ևս, որը 2015-ից կարող է կանխել դրամի կտրուկ արժեզրկումը: Դա ԵՏՄ փաստն է: Մեր քաղաքացիները ստանալու են ազատ տեղաշարժի հնարավորություն, ինչը նշանակում է, որ դրսում աշխատողների թիվը կմեծանա, դրա հաշվին կավելանա նաև տրանսֆերտների ծավալը:

 

Այնուամենայնիվ, եթե ամեն ինչ դասավորվի Հայաստանի համար ոչ ցանկալի սցենարով, դոլարի կտրուկ արժեւորում սպասել պետք չէ, այն, ամենայն հավանականությամբ, կտատանվի 440 դրամի սահմանում:

 

Գեւորգ Խաչատրյան