կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-28 11:55
Հասարակություն

Հորդառատ անձրեւներ. եղանակն առաջիկա ամիսներին

Հորդառատ անձրեւներ. եղանակն առաջիկա ամիսներին

ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը և օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ապրիլ-հունիս ամիսների և առաջիկա օրերի կլիմայական պայմանների կանխատեսումների, ցրտահարության ռիսկի գնահատման, ինչպես նաև՝ գետերում գարնանային վարարումների, ջրամբարների և Սևանա լճի ջրի մակարդակի հնարավոր բարձրացման մասին:

 

Գագիկ Սուրենյանի բնորոշմամբ՝ առաջիկա օրերին սպասվում է տեղումնառատ եղանակ: «Գյուղատնտեսության առումով` պետք է նշեմ, որ տեղումները միայն դրականորեն են ազդելու գյուղատնտեսության վրա»,- ասաց նա, նաեւ նշեց, որ ապրիլ-հունիս ամիսներին նորմայից ավելի տեղումներ են լինելու:

 

«Այսօր երեկոյան ժամերին ցիկլոն է մոտենում մեր տարածաշրջանին, և արդեն վաղվանից կսկսվեն տեղումները: Մարտի 30-ին սպասվում են հորդառատ անձրեւներ: Կունենանք հորդառատ տեղումներով ապրիլ, մայիս, Լոռիում, Սյունիքում` ձյան տեսքով, Արարատյան դաշտում՝ անձրևների տեսքով: Սյունիքում, Արցախում մարտի 30-ին ջերմաստիճանը շուրջ 15-17 աստիճանով կնվազի: Առաջիկա օրերին մենք ցածր ջերմաստիճան չենք կանխատեսում: Սակայն պետք է նշեմ, որ, համաձայն վիճակագրության, ցրտահարություններ կարող են լինել մինչև ապրիլի 20-ը»,- ասաց Սուրենյանը:

 

Նա նշեց նաև, որ ապրիլի 12-ից օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա: Իսկ ապրիլի 24-ին վերջին 3 տարիներին անձրեւ չի եկել եւ, կանխատեսումների համաձայն, այս տարի էլ չի գա:

 

Լևոն Ազիզյանի բնորոշմամբ՝ գետերի վարարումները հիմանականում նորմայի սահմաններում են լինելու: Նա նշեց, որ Սևանա լճի մակարդակն ապրիլ-հունիս ամիսներին կբարձրանա 35-40 սանտիմետրով:

 

«Հեղեղումներ հնարավոր են միայն օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների դեպքում: Առավելագույն վարարումներ հնարավոր են Կուրի ավազանում: Ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքումի շարք գետերի ավազաններում հնարավոր են վարարումներ: Մարտի 27-ի դրությամբ՝ ջրային վարարումները նորմայի նկատմամբ կազմել են  60 տոկոս» ,- նշեց Ազիզյանը:

 

Ըստ նրա`  գետերի միջոցով ջրերի հոսքը դեպի Սևան կանխատեսվում է նորմայի 70 տոկոսի սահմաններում: