Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս սեպտեմբերի 5-ին աղմուկ բարձրացավ, որ կոտրել են ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը և հրապարակել նրա ֆեյսբուքյան նամակները: Նամակներում եղած ինֆորմացիայի համաձայն` բուհի ռեկտորի և նրա վարչության պետի՝ Ռուզաննա Հայրապետյանի միջև գոյություն ունի սեքսուալ կապ: Նամակներում անդրադարձ է կատարվում նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որին ռեկտորն անբարո խոսքեր է ուղղում:
Այդ օրվանից սկսած` բուհի անդորրը խաթարվեց, բանը հասավ նրան, որ հիմա բուհում ստեղծված մթնոլորտը հեռու է կրթական կոչվելուց:
Մարտ ամսին, երբ Թոքմաջյանը նշանակվել էր ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար, yerkir.am-ի հետ զրույցում նա նշել էր, որ այդ պաշտոնը ստանձնելն իր համար կապված է Հայաստանում ինժեներական կրթության զարգացման հետ: Պետք է փաստել, որ բուհում վերջին շրջանում տիրող իրավիճակը Հայաստանում ինժեներական կրթության զարգացման հետ ոչ մի կապ չունի: Սեքս-սկանդալից հետո թվում էր` հարցը միայն Թոքմաջյանին ու քննչական մարմնին պետք է վերաբերվի /քանի որ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով/, սակայն դրանից հետո բուհում «Մի կաթիլ մեղրի պատմությունը» սկսվեց` միայն մեկ տարբերությամբ` հեքիաթի դեպքում կռվի դրդապատճառն անկարեւոր, մանր խնդիր էր:
Հոկտեմբերի սկզբին Թոքմաջյանը աշխատակազմի նոր ղեկավար նշանակեց` Սամսոն Զատիկյանին, ով 20 տարի աշխատել էր ոստիկանական համակարգում: Այնուհետև սկսվեց Զատիկյանի և բուհի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանի «վեճը»: Խոեցյանը մամուլի ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ Զատիկյանը ճնշում է բուհի աշխատակիցներին, իսկ ռեկտորն աչք է փակում` «լավ հարաբերությունների մեջ են»: Նա նաև հայտարարեց, որ մի քիչ տարօրինակ է սեքս-սկանդալից հետո աշխատակազմի ղեկավար նշանակել մեկին, ով կրթական համակարգում որևէ փորձ չունի, փոխարենը հարուստ փորձ ունի ոստիկանական համակարգում:
Աշխատակազմի նորանշանակ ղեկավարը, իր հերթին, նշեց, որ բուհում բարեփոխումներ է իրականացնում, որոնց շատերը չեն հարմարվում ու դրա պատճառով էլ բողոքում են:
«Բարեփոխումների» նպատակով էլ հոկտեմբերի 30-ին ռեկտորատի նիստում որոշվել էր` Վլադիմիր Խոեցյանի քեռուն` բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին, ազատել ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից: Թոքմաջյանը հավաստիացրեց` Խաչատրյանը շարունակում է մնալ բուհի պրոռեկտոր, և պաշտոնանկությունն ամենևին էլ կապ չունի Խոեցյանի և աշխատակազմի նորանշանակ ղեկավարի հարաբերությունների հետ: Սակայն մեկ շաբաթ անց գիտխորհրդի նիստում որոշվեց Խաչատրյանին ընդհանրապես ազատել աշխատանքից, ավելին` հաստիքն էլ վերացնել` ավելորդ խոսակցությունների տեղիք չտալու և հեռացումը պատճառաբանված ներկայացնելու համար:
Միաժամանակ, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանն անհարկի բացակայությունների պատճառով, ստանալով երկրորդ նկատողությունը, նույնպես ազատվեց պաշտոնից:
Այսօր, երբ Թոքմաջյանը հաստատում էր հեռացումների մասին լուրը, նշեց, որ բուհում բարեփոխումներ են: «Հասկանո՞ւմ եք` կան մարդիկ, որոնք բարեփոխումների արդյունքների հետ համաձայն չեն: Ի՞նչ ասեմ, թող իրենց բողոքը դատարան ներկայացնեն»,- ասաց նա:
Ի դեպ, yerkir.am-ի հետ զրույցում Վլադիմիր Խոեցյանը նշեց, որ բացակայությունները, որոնց համար նկատողություն է ստացել ու աշխատանքից ազատվել, եղել են այն ժամանակ, երբ ինքը ոստիկանությունում, Թոքմաջյանի ցանկությամբ, նրա ներկայացուցիչն էր սեքս-սկանդալի գործով: Բացի դրանից, Խոեցյանի հավաստմամբ, քեռուն` Աշոտ Խաչատրյանին, ռեկտորն ազատել է պաշտոնից, հետո միայն գիտխորհրդի նիստ հրավիրել, որտեղ ձայների 46/44 հարաբերակցությամբ էլ որոշվել է փակել այդ հաստիքը: «Մինչդեռ պետք է փաստել, որ, պոլիտեխնիկի կանոնադրության համաձայն, գիտխորհրդի որոշմամբ ընդունված հաստիքը կարող է փակվել միմիայն կրկին գիտխորհրդի որոշմամբ: Ավելին` որոշումը համարվում է ընդունված, երբ ոչ թե նիստին ներկա, այլ գիտխորհրդի անդամների 50 տոկոսից ավելին է կողմ քվեարկում, որն էլ այս դեպքում խախտվել է»,- ասաց նա:
Խոեցյանն այսօր բաց նամակով դիմել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` խնդրելով հետամուտ լինել, թե ինչ է կատարվում բուհում: Նա իր և քեռու` աշխատանքից ազատման փաստը պատրաստվում է վիճարկել դատարանում:
Թոքմաջյանն էլ, իր հերթին, նշեց, որ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Խոեցյանի տեղակալը` Վահե Կիրակոսյանը, ով նույնպես մասնակցում էր Խոեցյանի հրավիրած մամլո ասուլիսին և բողոքում բուհում տիրող իրավիճակից: «Ենթադրություններն ինքներդ արեք: Ի՞նչ է, եթե վաղը մենք մեկ ուրիշին էլ ազատենք աշխատանքից, պետք է ուրիշ բաների հետ կապե՞ն այդ փաստը»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:
Ենթադրություններ թող ընթերցողն անի, միայն համառոտ ներկայացնենք ստեղծված իրավիճակի սխեման` բուհի ռեկտորի շուրջ սկանդալ է հասունանում, բուհում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, աշխատակիցներից մեկը որոշում է բողոքել ստեղծված իրավիճակից ու հանկարծ ստանում մի քանի նկատողություններ, հետո` ազատվում աշխատանքից: Աշխատանքից ազատվում է նաև բողոքող աշխատակցի քեռին, սկզբում` մի պաշտոնից, հետո` մյուսից, և այս ամենը ներկայացվում է որպես «բարեփոխում»:
Սակայն եկեք ամենևին էլ չբացառենք, որ այս ամենը կարող է և բարեփոխում լինել, ուղղակի մեր և ձեր պատկերացումները բարեփոխման մասին երևի մի քիչ տարբեր են:
Լիահույս եմ, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, երբ մարտ ամսին ստորագրում էր Հովհաննես Թոքմաջյանի` բուհի ռեկտորի պաշտոնակատար լինելու հրամանը, ամենևին էլ հույս չէր տածում տեսնել այն «բարեփոխումները», որոնք առկա են այժմ ՀՊՃՀ-ում:
Կարինե Հարությունյան