կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-30 20:56
Առանց Կատեգորիա

Երբ մտքային աճպարարություններն այլևս չեն օգնում

Երբ մտքային աճպարարություններն այլևս չեն օգնում

Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական թշնամին անսխալականության այն ներքին համոզվածությունն է, որը մերժում է ցանկացած այլընտրանքի, այլ կարծիքի գոյությունը և դրանք կրողներին նրա համար դարձնում գաղափարական և քաղաքական «իզգոյի», մերժված կատեգորիայի: Բոլոր այն ուժերը, որոնք որևէ կերպ կարող են չհամաձայնել քաղաքական գործունեության` նրա որդեգրած ուղենիշներին, կայացրած որոշումներին, նրա ընկալմամբ ավտոմատ կերպով վերածվում են մարգինալների: Եվ առաջին նախագահին թվում է, որ եթե ինքն այդ շրջանակներին դասում է մարգինալների շարքը, նրանք հենց այդպիսին էլ կան: Եթե դա հեշտացնում է նրա կյանքը, տալիս ներքին ինքնաբավարարության խորը զգացում, հաղթանակի բերկրանք, թերևս չարժե զրկել այդ «հաճույքից»: Միայն պետք է արձանագրել, որ դա, արդեն իրականության հետ որևէ աղերս չունենալով, ավելի շատ ընդգծում է իրականությունից նրա բացարձակ կտրված լինելու իրողությունը:

 

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում նա «լուսանցքային» որակեց այն քաղաքական ուժերին, որոնք իբր «կատաղի պայքար» են սանձազերծել իր հռչակած ոչ իշխանական եռյակի նախաձեռնած իշխանափոխության համաժողովրդական շարժման դեմ: Եվ դա, նրա կարծիքով, զուտ այն պատճառով, որ ուզում են Հայաստանում նախ «ընդդիմափոխություն» տեղի ունենա, նոր միայն` իշխանափոխություն: Նախ` դժվար է ասել, թե որտեղից է առաջին նախագահը վերցրել, որ այդ բոլորը ուժերը հատկապես կատաղի պայքար են սկսել հենց եռյակի դեմ: Նրանց մեծամասնությունը, կարծես, ավելի շատ սպասողականությամբ է աչքի ընկնում, քան «կատաղությամբ»: Եվ բացի դրանից` եռյակը դեռ մի այնպիսի շրջադարձային հաջողության չի հասել, որ, գոնե ներքին մրցակցության մղումներից կամ իր հաջողությունների նկատմամբ նախանձից, չարախնդությունից ելնելով, իր դեմ նման կատաղություն առաջացնի: Այս իմաստով Տեր-Պետրոսյանն առայժմ խիստ գերագնահատում է իր արածն ու չարածը:

 

Մյուս կողմից`շատ հետաքրքրական է, որ եռյակի իշխանափոխության ծրագիրը քննադատողների մի ստվար մասն այն մարդիկ կամ հասարակական-քաղաքական շրջանակներն են, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ պատրաստ էին աջակցել նույն Լևոն Տեր-Պետրոսյանին, գնալ լրջագույն զոհողությունների ու գնում էին: Դրանք այն շրջանակներն են, որոնց նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին համարում էր Հայաստանի իսկական, սրտացավ, պայքարող քաղաքացիներ: Քանի դեռ նրանք իր կողքին էին, ուրեմն` լուսանցքայիններ չէին և այդպիսին դարձան, փաստորեն, հենց որոշեցին առարկել նրա քայլերի ու որոշումների արդարացվածության և նպատակահարմարության դեմ: Սա ոչինչ ու ոչ մեկին չգնահատող մարդու դասական օրինակ է, որից հետևեություն անելու խնդիր ունեն ոչ թե նրա կողմից այս «մերժվածները», այլ նրանք, ում նույն ջերմեռանդությամբ Տեր-Պետրոսյանը ներկայումս է համարում իր քաղաքական համախոհները: Որևէ կասկած չկա, որ վաղը վերջիններիս մեծ մասը նույն «չափումներով» համալրելու է մարգինալների շարքը:

 

Բայց նույնիսկ եթե Տեր-Պետրոսյանը ճիշտ է և իր դեմ մյուսների կողմից «կատաղի» պայքարելու հիմնական պատճառն այն է, որ այդ «լուսանցքայիններն» իրենք են ուզում իշխանափոխությունը կատարել, ապա դա մարգինալության հետ որևէ հեռավոր աղերս չունի: Դա հասարակ քաղաքագիտական կանոն է, ըստ որի` քաղաքական ուժերի գոյության իմաստը հենց իշխանության ձգտումն է: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա առաջին մարգինալը պետք է համարենք հենց Տեր-Պետրոսյանին: Նախ` որովհետև եռյակի պայքարն էլ է, այսպես, թե այնպես, ուղղված իշխանություն ձեռք բերելուն, երկրորդ` որովհետև նա անձամբ է 2008-ից առ այսօր ընդգրկված այդ պրոցեսում` անկախ նպատակներից ու ձևաչափից:

 

Եվ պնդել, թե իշխանության համար պայքարելը մարգինալության դրսևորում է, առնվազն քաղաքագիտական տհասություն է, թեև Տեր-Պետրոսյանի պարագայում սա քարոզչական մանիպուլյացիոն հնարք է, որով փորձում է նվաստացնել, արժեզրկել իր քաղաքական օպոնենտներին` թերևս օգտագործելով նման մանրուքների մեջ չխորանալու` հասարակության մեծ մասի հակումը և անտարբերությունը: Լուսանցքայնությունն իրականում հասարակական հարաբերություններում գործող որոշակի ստանդարտներ, արժեքներ, ավանդույթներ մերժելու և սեփական արժեհամակարգը ձևավորելու ձգտումն է:

 

Երբ քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու, հասարակությունն ու քաղաքական դաշտը հրեշտակների ու սատանաների վերածելու, իր համար ցանկացած խորթը մերժելու ձեռագիրը և հատկապես այդ ամենի արդյունքը դիտարկում ենք այս կանոնի շրջանակում, ապա պարզվում է, որ իրականում հենց նրա գործելաոճն է դասական լուսանցքայնության դրսևորում: Պատահական չէ, որ յուրաքանչյուր այն պայքարից, քաղաքական պրոցեսի յուրաքանչյուր այն էտապից, որտեղ փորձել է ունենալ որոշակի դերակատարություն, Տեր-Պետրոսյանը դուրս է եկել մշտապես պարտված, մշտապես մեկուսացված և նույնքան մերժված իր նախկին համախոհների, գաղափարակիցների կողմից: Սա է մարգինալությունը, այլ ոչ թե սեփական գործողություններով ու ոչ միանշանակ որոշումներով ունեցած հսկայական քաղաքական կապիտալը, հասարակական վստահության ռեսուրսը մսխելուց հետո ԲՀԿ-ի ստվերի տակ հանգրվանելն ու մտքային աճպարարություններով սեփական լուսանցքայնությունը թաքցնելը և հավատալը, որ դա ոչ ոք չի տեսնում ու չի հասկանում:

 

Բայց տերպետրոսյանական այս մանիպուլյատիվ հնարանքների վտանգավորությունն այն է, որ փորձում է մարգինալ ներկայացնել ցանկացած իրական արժեքայինը, մնայունը, օբյեկտիվորեն անհրաժեշտը: Նրա տրամաբանությամբ, փաստորեն, մարգինալ է այն ուժը, որը հետևողականություն է դրսևորում իր տասնամյակներով պաշտպանված գաղափարները, ծրագրային մոտեցումները կենսագործելու հարցում: Եվ հակառակը` ոչ մարգինալ, այսինքն` օրինաչափ ու նորմալ է, օրումեջ տեսակետ, վարքագիծ փոխելու, ըստ քաղաքական կոնյունկտուրայի ու իրավիճակի փոփոխության դիրքավորվելու քամելեոնական պրակտիկան: Կարևորը` որ այդպիսիները գործեն իր նախագծած սխեմաների տիրույթում, ջհանդամը, թե դրանով քաղաքական մշակույթի, ավանդույթների, իրական արժեքների ստեղծման հեռանկարը չի բռնաբարվում:

 

Գևորգ Դարբինյան