Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չառաջադրվելով նախագահական ընտրություններում և հայտարարելով, որ որևէ այլ թեկնածուի չի սատարելու` Գագիկ Ծառուկյանը ձախողեց առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ում նրա համախոհների պլանը: Ընդ որում` ձախողումը թե' տակտիկական էր և թե' ստրատեգիական:
Տակտիկապես Տեր-Պետրոսյանը ձախողվեց, որովհետև, դուրս գալով խաղից, Ծառուկյանն անուղղակի պարտադրեց Տեր-Պետրոսյանին ոչ միայն մնալ այդ խաղի մեջ, այլև ստանձնել նախաձեռնողականությունը: Իսկ դա հենց այն է, ինչից վերջինս համառորեն խուսափում էր` հույսը դնելով ՀԱԿ-ին դեպի Ծառուկյանը մղելու վրա: Հիմա ամեն ինչ կախված է միայն նրա որոշումից, որը կայացնելն այդքան էլ հեշտ չէ:
2007-ին քաղաքականություն վերադառնալիս Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ 2008-ի ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, եթե վերլուծությունները և սթափ հաշվարկները ցույց տան, որ ընտրվելու ավելի մեծ շանսեր ունի, քան չընտրվելու: 2008-ի ընտրություններին նա մասնակցեց այն համոզմամբ, որ ընտրությունները լինելու են պարզապես իր` արդեն ընտրված լինելը վավերացնող ֆորմալ պրոցեդուրա: Այսօր Տեր-Պետրոսյանն, այդ վստահությունը չունի: Նախ` մինչև վերջին պահը պահպանելով անորոշության էֆեկտը` Ծառուկյանը մի կողմից նրան զրկեց օգտագործել անցած ամիսները` հանրությանը նոր շարժման մեկնարկին տրամադրելու, և թույլ տալով, որ ՀԱԿ-ի լևոնզուրաբյանական թևը շարունակ իր նկատմամբ առավել քան թափանցիկ ռևերանսներ կատարի, պարզապես նվազագույնի հասցրեց ՀԱԿ-ի քաղաքական ինքնուրույնության և հեղինակության ռեսուրսները: Որպեսզի գոնե առաջադրվելու նախադրյալներ ունենար, Տեր-Պետրոսյանը պետք է նախ կորսված այդ ռեսուրսները վերականգներ, ինչի համար, սակայն այլևս ժամանակ չկա: Իսկ ունեցածով պայքարի մեջ մտնելը Տեր-Պետրոսյանի համար հավասարազոր է քաղաքական ինքնասպանության, որովհետև պարտությունը նրան կզրկի արժանապատիվ հեռանալու շանսից:
Բայց, մյուս կողմից ,չառաջադրվելը նշանակելու է, որ Տեր-Պետրոսյանը հանձնվում է, դեռ մարտի մեջ չմտած` գրեթե վավերացնում ու լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի հաղթանակը և իշխանության վերարտադրումը: Իրավիճակի նրբությունն այն է, որ Տեր-Պետրոսյանը նաև չի կարող իր փոխարեն առաջարկել ՀԱԿ-ից այլ թեկնածուի. նախ` ՀԱԿ-ում չկա այնպիսի խարիզմատիկ կերպար, որը կարող է փոխարինել իրեն, և որը կդառնա անառարկելի հեղինակություն, և երկրորդ` քանի որ ՀԱԿ-ում առկա լրջագույն հակասությունները հնարավոր է լինում զսպել միայն իր` Տեր-Պետրոսյանի գործոնի շնորհիվ, այդ կարգավիճակից հրաժարվելով` նա պարզապես կդնի Կոնգրեսի տապանաքարը: Ստացվում է, որ ինչ ընտրություն էլ կատարի նա, ունենալու է միևնույն` իր համար ամենաանցանկալի ելքը:
Իսկ ստրատեգիական ձախողումն այն էր, որ Ծառուկյանը, դուրս գալով խաղից և հայտարարելով, որ որևէ այլ թեկնածուի չի պաշտպանելու, փաստացի հասկացրեց, որ բոլոր մնացած խաղացողները, այդ թվում` նաև Տեր-Պետրոսյանը, իր աջակցության վրա պետք է հույս չդնեն: Այդքանով հանդերձ` ԲՀԿ լիդերը հասկացրեց, որ գործում է իշխանական կոնյունկտուրայի շրջանակում և պատրաստ չէ որևէ ձևով դուրս գալու դրա դեմ: Այլ կերպ ասած` Ծառուկյանը խոստովանեց, որ նախագահի` մոնոլիտ իշխանություն ձևավորելուն հակադրվելու, խոչընդոտելու ցանկություն չունի: Այնինչ` ԲՀԿ-ի նկատմամբ ՀԱԿ-ի և Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունների պատճառը ոչ թե Ծառուկյանի «մուսկուլներով» տարվելն էր, այլ նրա միջոցով իշխանության պառակտմանը հասնելու` ստատեգիական խնդրի լուծումը, որը նա, որպես կոնցեպտուալ մոտեցում, արտահայտել էր դեռ 2009թ. մարտի 1-ին:
«Մի՞թե դժվար է հասկանալ, որ մի քանի ամսից իշխանություններն ... ուժերից վեր խնդիրների եւ ներքին գզվռտոցի պատճառով իրենք իրենց քանդվելու են»,- պնդում էր նա,`արդեն 2011թ. հստակեցնելով. «...Բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ անհրաժեշտ քաղաքական վարքագիծ»։
ԲՀԿ նախագահը ՀԱԿ-ին ու հանրությանը պարզորոշ ուղերձ հղեց, որ ո'չ «բռնապետության թոթափումն» էր իր համար նպատակ եղել, ո'չ էլ առավել ևս ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Եվ այս իմաստով Ծառուկյանի սույն որոշումը յուրատեսակ ապտակ էր հատկապես Տեր-Պետրոսյանին, ում համար այս ռազմավարական ձախողման պատճառը ոչ թե Ծառուկյանի այլընտրանքայնության նկատմամբ կույր հավատն էր, որը նա երբեք չի ունեցել իբրև խիստ պրագմատիկ գործիչ, այլ նրան իր «քաղաքագիտական վերլուծությունների» ծուղակ գցելու հարցում ունեցած վստահությունը:
Այնպես որ` զարմանալի չէ` ինչո՞ւ է նույնիսկ հիմա Տեր-Պետրոսյանը խուսափում խոսել իր հետագա քայլերի մասին: Ի դեպ, այս իմաստով ՀԱԿ-ի ներքին սպասումներն ու մթնոլորտը ոչնչով չեն տարբերվում դեռ երեք-չորս օր առաջ ԲՀԿ-ում տիրող անորոշության մթնոլորտից, երբ կուսակցական երկրորդ-երրորդ էշելոնի ներկայացուցիչներն անգամ չեն համարձակվում իրենց լիդերին որևէ առաջարկ անել, կարծիք հայտնել: Սա ոչ այնքան ներկուսակցական կամ ներխմբային «ժողովրդավարության» ու արժեհամակարգի ընդհանրության, որքան իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը լիդերների վրա թողնելու` հենց վերջիններիս կողմից ձևավորված ավանդույթի արդյունքն է: Ինչպես ասում են` փոսը նրանք են փորել, իրենք էլ պետք է դրանից դուրս գան:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ