Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ Ստեփանակերտում սկսվեց դեռևս այս տարվա հունիսին ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտների դատավարությունը: Նրանցից մեկին` Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին, մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով, ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու, իսկ մյուսին` Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին, նաև մարդ առևանգելով կամ պատանդ առնելով զուգորդված սպանության, ինչպես նաև քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելու հատկանիշներով:
Ադրբեջանցիներին հատկացվել են պաշտպաններ: Բուն դատական պրոցեսն ընթանում է բաց ռեժիմով, որին ներկա լինելու հնարավորություն է տրվել գործնականում բոլորին: Այս դատավարությունն առանձնահատուկ է նրանով, որ ԼՂ համակամարտության ողջ ընթացքում թերևս առաջին անգամ միջազգային ճանաչում չունեցող ԼՂՀ-ում քննվում է գերեվարված դիվերսանտների գործ, ինչն ինքնին արդեն խնդիրը դուրս է բերում զուտ քրեաիրավական հարթությունից, հումանիտար իրավունքի շրջանակից ու դրան հաղորդում առավելապես քաղաքական պաստառ ու միջազգային հնչեղություն:
Քարվաճառում, ինչպես նաև Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանում դիվերսանտների գործողությունները հանգեցրել էին մարդկային զոհերի, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերի, նյութական վնասների: Եվ հասկանալի է, որ այս մասով առկա է արդարացի վճռի ներհասարակական սպասելիք: Այսինքն` դատական գործընթացի ելքը կարևոր է հայ հասարակության համար: Մինչդեռ միջազգային ընկալման տեսանկյունից էականը ոչ այնքան գործի հանգուցալուծումն է, որքան ինքնին դատավարության անցկացման փաստը և պրոցեսը: Այս իմաստով` դիվերսանտների գործի քննությունն իրականում լուրջ քննություն է ԼՂՀ-ի համար երկու տեսանկյունից:
Նախ` դատավարության ընթացքը ցույց է տալու, թե, առհասարակ, արդարադատության ինչպիսի համակարգ ունի ԼՂՀ-ն, ունի՞` ընդհանրապես, թե` ոչ, որքանով է այն համապատասխանում ժամանակակից միջազգային ստանդարտներին, որքանով են այս չճանաչված երկրում պահպանվում մարդու իրավունքներն ու ազատությունները: Այնքանով, որքանով դատական համակարգը ցանկացած երկրի պետական իշխանության երեք թևերից մեկն է, դրա կայացվածության մակարդակը մարմնավորում է տվյալ պետության կայացվածության մակարդակն ամբողջապես: Այսինքն` այս դատավարությունը նախ պետականության ինստիտուցիոնալ առկայության քննություն է ԼՂՀ-ի համար և ունի գրեթե նույն նշանակությունը, ինչ համապետական ընտրությունների կամ հանրաքվեների անցկացումը: Եվ այստեղ ոչ մի նշանակություն չունի` դրանք ճանաչվո՞ւմ են միջազգային հանրության կողմից, թե՞ ոչ: Այս առումով` չափազանց կարևոր է դառնում դատավարության թափանցիկության ապահովումը, էմոցիաների զսպմամբ դիվերսանտների մարդկային իրավունքների պաշտպանության ապահովման կամքի ցուցադրումը, ինչը, կարծես, ԼՂՀ իշխանությունները լուծում են` դատելով ոչ միայն դիվերսանտներին պաշտպաններ հատկացնելուց կամ դռնբաց նիստեր հրավիրելուց, այլև հենց դատարանում մեղադրյալների նկատելի անկաշկանդ պահվածքից: Դա աշխատում է հենց ԼՂՀ-ի օգտին, քանի որ բացահայտում է, թե իրականում ինչպիսի պայմաններ են ապահովված նույնիսկ թշնամական երկրի համար լրտեսության, դիվերսիաներ իրականացնելու մեջ մեղադրվողների համար: Բայց սա նաև հսկայական պատասխանատվություն է ԼՂՀ դատախազության համար` մեղադրանքը մինչև վերջ պաշտպանելու առումով:
Երկրորդ` գուցե պատահական համընկել է, սակայն այս դատավարությունը տեղի է ունենում նախ` մարդու իրավունքների վիճակով պայմանավորված` Ադրբեջանի նկատմամբ կիրառվող միջազգային հսկայական ճնշումների, ապա` այս տարվա օգոստոսին ադրբեջանական գերության մեջ հայտնված` Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան կամ, ավելի ճիշտ, սպանության միջազգային արձագանքների, ինչպես նաև Փարիզում Ալիև-Սարգսյան բանակցությունների ֆոնին: Մի կողմից` դա ամրապնդում է համոզմունքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԼՂՀ-ի ու Ադրբեջանի` բացարձակապես տարբեր հարթություններում գտնվելու վերաբերյալ, մյուս կողմից` հասկանալի ու օրինաչափ է դարձնում Ադրբեջանի և ԼՂՀ-ի անհամատեղելիության իրողությունը: Ուզի Ադրբեջանը, թե` ոչ, այդ համեմատությունները տարվում են, և դա նոր քաղաքական լծակ է դառնում հայկական կողմի ձեռքին` հիմնավորելու, թե ինչով է հղի ԼՂ-ն Ադրբեջանին վերադարձնելու` նույնիսկ տեսական հնարավորությունը:
Եվ պատահական չէ, որ թեեւ արդեն երկու օր է անցել դատավարության մեկնարկից, սակայն միջազգային հանրությունը բացարձակապես չի շտապում որևէ քաղաքական գնահատական տալ չճանաչված երկրում նման դատավարության անցկացմանը, դրա օրինականությանը: Ավելին` ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Պսակին այսօր ասուլիսի ժամանակ խուսափել է արտահայտել ԱՄՆ-ի դիրքորոշումը Ստեփանակերտում ընթացող դատավարության վերաբերյալ` խոստանալով հստակեցումներ կատարել առաջիկայում: Հետաքրքրականն այն է, որ Պսակին դա պատճառաբանել է իրենց ունեցած տեղեկատվության սակավությամբ: Սա առավել քան անհամոզիչ փաստարկ է, եթե հաշվի առնենք, թե այդ ընթացքում քանի անգամ է, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եղել հակամարտության գոտում: Չի բացառվում, որ ներկայիս սպասողականությամբ Վաշինգտոնը փորձում է ապտակել Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների հետ կապված իր զգուշացումներն անտեսելու համար, և առաջիկայում Վաշինգտոնը կարող է նաև ընթացող դատավարության լեգիտիմությունը չճանաչելու մասին հայտարարությամբ հանդես գալ: Բայց գոնե այս պահին, հաշվի առնելով նաև իրողությունը, որ չեն շտապում դիրքորոշում հայտնել նաև ուժային մյուս կենտրոնները, նման վերաբերմունքն ավելի շատ ցուցադրում է ոչ ֆորմալ առումով այդ դատավարությունն անցկացնելու` ԼՂՀ-ի սուվերեն իրավունքը ճանաչելու փաստը: Հետևաբար, տակտիկական առումով լիովին արդարացված էր դատավարությունը հենց ԼՂՀ-ում անցկացնելու որոշումը:
Մնացածն իրականում դիվանագիտության հարց է, որում իր ուղղակի դերակատարումը պետք է ունենար Հայաստանը` թե' պետական և թե' հասարակական մակարդակներով: Ամենատրամաբանական քայլը, թերևս, պետք է լիներ` յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում դատավարության պրոցեսին միջազգային, հատկապես` իրավապաշտպան կազմակերպությունների ներկայության ապահովմանն ուղղված գործողություններ ձեռնարկելը: Մանավանդ` կառչելու տեղ է թողնում պրոցեսի ուղղակի կապը մարդու իրավունքների պաշտպանության հետ: Այդ մասնակցության ապահովումը ոչ միայն առավել մեծ հնչեղություն, այլև լրացուցիչ լեգիտիմություն կհաղորդեր պրոցեսին` ԼՂՀ-ի համար դրանից բխող բոլոր դիվիդենդներով հանդերձ:
Գևորգ Դարբինյան