կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-06 19:43
Քաղաքական

Ղարաբաղյան ճոճանակ. Սերգեյ Մարկեդոնովը` «Անդրկովկասի գլխավոր հակամարտության» կարգավորման մասին

Ղարաբաղյան ճոճանակ. Սերգեյ Մարկեդոնովը` «Անդրկովկասի գլխավոր հակամարտության» կարգավորման մասին

Բրատիսլավայում ԵԱՀԿ  26-րդ նախարարական համաժողովի ընթացքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական ռաունդը: Անցնող 2019 թվականին Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն արդեն հինգերորդն է: Ավելացնենք դրանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, նաև նրանց հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բանակցություններն ու միջնորդ դիվանագետների այցերը տարածաշրջան: Ակնառու է բանակցային գործընթացի ինտենսիվացում, սակայն մի խնդիր կա`  Ղարաբաղյան հակամարտության` Անդրկովկասի անվտանգության ամենաբարդ հիմնախնդրի կարգավորման գործընթացում հանդիպումների ու շփումների թիվը չի վերաճել գործնական որոշումների որակի. ըստ Yerkir.am-ի` «Կոմերսանտ»-ում հրապարակած հոդվածում գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Հակամարտության կողմերը պատրաստ չեն փոխզիջման բոլոր հարցերում` ԼՂ ապագա կարգավիճակ, նախկին ԼՂԻՄ շրջակա տարածքների ապաօկուպացում, փախստականների վերադարձ: Այս տարվա մայիսին լրացավ Լեռնային Ղարաբաղում կրակի անժամկետ դադարեցման մասին համաձայնագրի 25 տարին: Սակայն հրադադարն անընդհատ խախտվում է, և տեսնում ենք «ղարաբաղյան ճոճանակի» աշխատանքը, երբ բանակցային նոր ռաունդները և կողմերի շփման գծում սրացումները հաջորդում են միմյանց»,- ում է քաղաքագետը և հավելում, որ դա սպառնալիքի միակ աղբյուրը չէ` զինված դիմակայության բռնկումներ են լինում նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչը ՀԱՊԿ-ին ուղղակի կամ կողմնակիորեն հակամարտության մեջ ներքաշելու սպառնալիք են ստեղծում:

Մարկեդոնովը հիշեցնում է, որ 2019-ի հուլիսին  նշվում էր մեկ այլ հոբելյան`այսպես կոչված, «Հիմնարար սկզբունքների» նորացված տարբերակի տասնամյակը, որով էլ ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկում է կողմերին համաձայնության հասնել: Սակայն ամբողջ ընթացքում կողմերը որևէ զգալի քայլ չեն արել իրենց առաջարկված կոնկրետ միջոցառումների ուղղությամբ:

«Այս ամենը նշանակո՞ւմ է, որ շարունակվող բանակցությունները և հանդիպումներն անիմաստ են: Առաջին հայացքից դրանց ՕԳԳ-ն բարձր չէ, քանի որ զգալի արդյունք չկա: Սակայն առարկային ավելի խորությամբ ծանոթանալը և ադեկվատ գնահատականն այն բանի, թե որ կետում է հակամարտությունը, ցույց են տալիս, որ պատասխանը միանշանակ չէ: Իրադրությունն այնպիսին է, որ հակամարտության կողմերը քաղաքական կամք չեն դրսևորում փոխզիջման հասնելու համար, միաժամանակ չունեն ռեսուրսներ, որոնք կապահովեին  ճնշող գերակշռություն: Որպես հետևանք` ունենք «ղարաբաղյան ճոճանակի» տատանումներ` դիվանագիտական ֆորմատից` ուժային «թեստավորում»,- գրում է քաղաքագետը:

Ըստ նրա` այս իրավիճակում սկզբունքորեն կարևոր է դառնում հակամարտային մենեջմենթը. եթե չի հաջողվում տեսանելի ժամկետում խաղաղության հասնել, ապա շփման գծում ապաէսկալացիան, միջադեպերի կանխումը և նույնիսկ պարզապես երկխոսության պահպանումը վատ արդյունք չէ: Այս ամենն ապահովում է որոշակի փոխգործակցություն, որի այլընտրանքը դիմակայության «հալեցումն է»:

«Առանց փոքր իսկ վստահության բովանդակային երկխոսություն հնարավոր չէ: Այդ մակարդակին հասնելու և հետագայում այն բարձրացնելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատանք, որը հնարավոր չէ պատկերացնել առանց կանոնավոր հանդիպումների, գագաթնաժողովների և բանակցությունների»,- եզրափակում է Սերգեյ Մարկեդոնովը: