կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-09 18:20
Առանց Կատեգորիա

Գագիկ Ծառուկյանը բացում է խաղաքարտերը. արդյո՞ք եռյակի հաշվին

Գագիկ Ծառուկյանը բացում է խաղաքարտերը. արդյո՞ք եռյակի հաշվին

Այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Գագիկ Ծառուկյանը բաց տեքստով հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու` իր մտադրության, ավելի ճիշտ` պատրաստակամության մասին: «Եթե իմ քաղաքական գործընկերները ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, որ իմ թեկնածությունը (հանրապետության նախագահի պաշտոնում-հեղ.) պետք է լինի, ուրեմն դրան էլ եմ պատրաստ»,- ասել է նա:

 

Սա կարելի է համարել նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին պաշտոնապես արված երկրորդ հայտարարությունը: Հայտնի է, որ Ծառուկյանից առաջ նախագահական իր ամբիցիաների մասին հայտնել էր նաև ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Սակայն, ի տարբերություն նրա, Ծառուկյանն այս թեման զարգացնում է աստիճանաբար, ինչով և պայմանավորվում է ոչ թե թեկնածությունը պարտադիր առաջադրելու, այլ առայժմ ընդամենը դրան պատրաստ լինելու մասին հայտարարելու հանգամանքը:

 

Այսպիսի մարտավարություն ընտրելու համար նա ունի առնվազն երեք լուրջ պատճառ: Առաջինն այն է, որ Ծառուկյանը ցանկանում է դառնալ, այսպես կոչված, ոչ իշխանական կոնսոլիդացված բևեռի միասնական թեկնածու: Դա անհրաժեշտ է, մի կողմից, համազգային լիդերի կարգավիճակ ձեռք բերելու, իսկ մյուս կողմից` ոչ իշխանական մյուս ուժերի մտավոր ու կազմակերպչական ներուժն օգտագործելու նպատակով: Այդ կերպ` չլինելով ընդդիմադիր, նա հնարավորություն կստանա ինքնաիրացվելու իբրև արմատական ընդդիմադիր գործիչ: Այլ կերպ ասած` նա փորձում է առաջնորդվել «հայկական Իվանիշվիլիի» սինդրոմով, որը, հենց Ծառուկյանին նկատի ունենալով, շրջանառության մեջ դրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հաշվի առնելով, որ միասնական թեկածու դառնալու երազանքն անցնում է ապագա իշխանությունն իր թեկնածությունը պոտենցիալ պաշտպանող ուժերի հետ կիսելու ճանապարհով, Ծառուկյանն արդեն իսկ դրան ուղղված կոնկրետ ուղերձներ է հղում: Վերոհիշյալ հայտարարության մեջ նա խոսում է այն մասին, որ այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե իր «քաղաքական գործընկերները համարեն, որ կա դրա անհրաժեշտությունը»: Այլ կերպ ասած` նա փորձում է դրա հետ կապված քաղաքական պատվեր, պահանջարկ ձևավորել: Տարօրինակ զուգադիպությամբ հենց այսօր հրապարակվել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված` Ծառուկյանի հարցազրույցը, որում նա նրբորեն ևս շոշափում է այս թեման` իշխանությունը կիսելու իր առաջարկը փաթեթավորելով հետևյալ կերպ: Պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ո՞րն է Հայաստանի հաջողության բանաձևը, Ծառուկյանը նշում է. «Հասարակական և քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա, որը կբերեր բազմակուսակցական իշխանության՝ օժտված իրական ժողովրդական մանդատով»:

 

Երկրորդ` Ծառուկյանը հասկանում է, որ նախագահական իր ծրագրերն իրականացնելու հարցում միայն ներքաղաքական վերադասավորումներն ու ներքին հենարան ստեղծելը բավարար չէ և առաջնահերթորեն անհրաժեշտ է ձեռք բերել արտաքին ուժային կենտրոններից գոնե մեկի աջակցությունը: Այդ դերում ոչ պատահականորեն նա տեսնում է Ռուսաստանին և փորձում իր թեկնածությունը, որպես Սերժ Սարգսյանի արժանի փոխարինողի, ավելի ճիշտ` ժառանգորդի, առաջարկել Մոսկվային: Այս իմաստով խոսուն հանգամանք է հարցազրույցը հատկապես ռուսական հեղինակավոր թերթին տալը, ինչպես նաև հարցազրույցում հենց Ռուսաստանի վերաբերյալ չափազանց սիրալիր, գրեթե ՌԴ «գուբերնատորին» հարիր վերաբերմունքի դրսևորումը: «Դուք երբևէ չեք լսել ու հետագայում էլ չեք լսի ինձնից կամ իմ թիմակիցներից որևէ հակառուսական հայտարարություն: Այս կեղծ գաղափարն արհեստականորեն է դրվել շրջանառության մեջ»,- ասում է Ծառուկյանը և իբրև թե ձեռքի հետ, հենց այնպես, ընդգծում, որ հայաստանյան քաղաքական ուժերից ԲՀԿ-ն միակն է, որը նաև ներկայումս ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ ունի համագործակցության հուշագիր:

 

Երրորդ` բոլորովին պատահական չէ, որ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը Ծառուկյանը հայտնում է այս պահին, փաստացի հերթական ընտրություններից ուղիղ 4 տարի առաջ և հատկապես` հոկտեմբերի 10-ի, այսինքն` վաղը Ազատության հրապարակում անցկացվելիք` եռյակի համապետական հանրահավաքի նախօրեին: Սա չի նշանակում, թե Ծառուկյանը սկսում է Սերժ Սարգսյանի հրաժարականին միտված գործընթաց: Եթե նպատակը դա լիներ, ապա, նման հայտ ներկայացնելով, գործընթացը կմեկնարկեր ոչ թե հոկտեմբերի 10-ի նախօրեին, այլ առնվազն 2015թ. հունվարի 1-ից հետո` հաշվի առնելով, որ այդ օրը Մինսկում ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և որի համաձայն` Հայաստանն այդ կազմակերպության լիիրավ անդամ է դառնում միայն 2015թ. հունվարի 1-ից: Առնվազն քաղաքականապես անգրագետ պետք է լինել հակառուսական որևէ հայտարարություն չանելու «երդում» տալու պարագայում սկսել իշխանափոխության գործընթաց, որը կարող է որևէ ձևով խանգարել ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, այսինքն` հակասել այդ հարցում Մոսկվայի կենսական շահերին: Ակնհայտ է, որ գոնե այդ պրոցեսը կասկածի տակ չդնելու համար առաջինը Ռուսաստանն է շահագրգռված Հայաստանում քաղաքական ապակայունացում թույլ չտալու հարցում: Պրոցեսը հերթական ընտրությունների տրամաբանությամբ զարգացնելու `Ծառուկյանի մտադրության մասին է վկայում նաև նրա այն հայտարարությունը, թե իր նպատակը Հայաստանում նոր մայդան հրահրելը չէ. «Ըստ իս` այսպես կոչված` մայդանները հաճախ մարդկանց ցավ ու տառապանք են բերում: Ես դեմ եմ այդ ճանապարհին: Բայց մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը»: Ծառուկյանը չի կարող չգիտակցել, որ գործող նախագահի հրաժարականին հասնելը թերևս հնարավոր չէ առանց «մայդանի» միջով անցնելու: Հետևաբար, խոսելով այդ մասին, նա տողատակում նկատի ունի Ռուսատանի օգնությամբ շատ սահուն իշխանությունը Սերժ Սարգսյանից վերցնելու և իրեն հանձնելու տարբերակը: Իսկ դա սահուն հնարավոր է անել կա'մ ուղղակի Մոսկվայից Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու պարագայում, ինչի նախադրյալները ներկայումս կարծես թե չկան, կա'մ էլ հերթական ընտրությունների միջոցով:

 

Սակայն հենց այս փուլում նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու իմաստը, ըստ էության, վաղը կայանալիք հանրահավաքը իրեն նախագահի թեկնածու «օծելու» յուրօրինակ միջոցառման վերածելն է: Նա արդեն հայտարարել է, որ մասնակցելու է հանրահավաքին: Այսօրվա հայտարարությունից հետո այլևս պարզ է, որ նրան ընկալելու և հարթակի վրա ընդունելու են որպես ոչ թե պարզապես եռյակի մաս կազմող ԲՀԿ-ի լիդերի, այլ նախագահի պոտենցիալ թեկնածուի: Մինչդեռ սկզբում որոշվել էր այս հանրահավաքն անցկացնել բոլորովին այլ նկատառումներով, մասնավորապես` իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման վիճակը գնահատելու: Այնքանով, որքանով այս ինքնաառաջադրումը տեղի է ունենում հանրահավաքից ընդամենը ժամեր առաջ, պետք է ենթադրել, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հավանություն տվել են հանրահավաքի իմաստը փոխելու և Ծառուկյանին իբրև միասնական թեկնածու ճանաչելու` ԲՀԿ-ի ուղղակի կամ անուղղակի առաջարկին: Հակառակ դեպքում` ստացվում է, որ ԲՀԿ-ն նրանց կանգնեցնում է ռեալ փաստի առաջ:

 

Գևորգ Դարբինյան