Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունիսի 10-ին հաստատել է, որ աշխատանքներ են տարվում Սանկտ Պետերեբուրգում ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ, ինչպես նաև Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև երկկողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: «Մենք չենք բացառում, որ այդպիսի հանդիպումներ կկայանան: Երբ վերջնականապես հաստատվի, մենք կտեղեկացնենք»,- հավելել է Պեսկովը:
Դրանից ընդամենը մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն էր տարածել, թե ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերի հետ քննարկել է Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստությանը վերաբերող հարցեր: Կարճ ժամանակ անց եռակողմ հանդիպմանը վերաբերող և դրա վայրը բացահայտող տեղեկատվությունը հեռացվել էր:
Այն փաստը, որ դրանից ընդամենը մեկ օր անց արդեն նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով հաստատվեց Ռուսաստանի երկրորդ քաղաքում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման հնարավորությունը, վկայում է, որ Երևանը և Բաքուն առնվազն նախնական մակարդակով տվել են դրան մասնակցության իրենց համաձայնությունը: Դա նշանակում է, որ գործընթացը հիմա գտնվում է ոչ թե համաձայնությունների ձեռք բերման, այլ նախապատրաստության փուլում՝ չնայած այն հանգամանքին, որ թե' Երևանը և թե' Բաքուն խուսափել են հաստատել դրան մասնակցելու իրենց համաձայնությունը:
Այս «գաղտնապահությունը», պետք է ենթադրել, կապված է Երևանի հետ: Հունիսի 2-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի կանխման, արձանագրման և հետաքննության մեխանիզմների ստեղծմանը վերաբերող հարցեր: Այնտեղ որևէ խոսք չկար նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպման մասին, ինչից պարզ էր դառնում, որ Երևանի համար առաջնայինը ոչ թե այդ հանդիպումն է, այլ հրադադարի ամրապնդման մեխանիզմների ներդրումը, որը ի սկզբանե հայկական կողմը փորձում էր մատուցել որպես ԼՂ կարգավորման բանակցությունների վերսկսման նախապայման: Այս իմաստով` եթե Սանկտ Պետերբուրգի հանդիպումը հրավիրվում է՝ առանց այդ պայմանների կատարման, ստացվում է, որ հայկական կողմը դրան գնում է տակտիկական կորստով:
Մյուս կողմից՝ շեշտադրումը կատարելով նախևառաջ հրադադարի հաստատման մեխանիզմների տեղակայման վրա՝ Երևանը նաև փորձում էր որոշակի ժամանակ շահել՝ ամենայն հավանականությամբ, 200 մլն դոլարի վարկային պայմանագրով Ռուսաստանից գնած զինտեխնիկան ձեռք բերելու, Ադրբեջանի հետ խախտված ռազմական հավասարակշռությունը գոնե փոքր-ինչ վերականգնելու համար՝ հրաշալի հասկանալով, որ սկսվող բանակցությունները ցանկացած պահի կարող են դարձյալ մտնել փակուղի, և Ադրբեջանը դարձյալ կարող է անցնել ռազմական շանտաժի քաղաքականությանը: Այս տեսակետից առաջիկա հանդիպման նախապատրաստման մասին ռուսական կողմից արված տեղեկատվական արտահոսքը, ապա` դրա պաշտոնական հաստատումը պետք է համարել Մոսկվայի կողմից Երևանին մանևրելու և այդ ժամանակը շահելուց զրկելուն ուղղված քայլ:
Ուշագրավ է, որ Մոսկվայից արված այդ արտահոսքին գրեթե զուգահեռ կամ, թերևս, ի պատասխան, Հայաստանի ԱԺ-ում առկախվեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման քննարկումն ու քվեարկությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ վավերացման համար ժամկետներ չեն սահմանվել: Չի կարելի բացառել, որ այս որոշումն ուղղակիորեն կապված է նախագահների մակարդակով հանդիպումն արագացնելու և դրանով Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ու անհրաժեշտ զինտեխնիկան Հայաստանին մատակարարելու` իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու` Մոսկվայի վարքագծի հետ: Առնվազն տարօրինակ է թվում, որ չնայած Ռուսաստանից գնված սպառազինությունը ստանալուդրա հրատապությանը, հայկական կողմը վերջին պահին որոշում է հետաձգել հայ-ռուսական միասնական ՀՕՊ-ի ստեղծման պայմանագրի վավերացումը, ինչը կարելի է բացատրել միայն Երևանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունների հերթական խախտման հանգամանքով:
Իսկ Հայաստանի` նման մտավախություններն անտեղի չեն: Խնդիրն այն է, որ Սանկտ Պետերբուրգում սկսվելու է ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը՝ գործնականում մադրիդյան մոդիֆիկացված և «կազանյան փաստաթուղթ» անվանումն ստացած սկզբունքների շուրջ, ըստ որոնց` դիտարկվում է նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանների հանձնում Ադրբեջանին և ԼՂ-ի կարգավիճակի որոշման հստակեցում: Որ հենց սա է դրված սեղանին և դրա շուրջ առկա է ՄԽ համանախագահող բոլոր երեք երկրների միջև կոնսենսուս, երկու օր առաջ անուղղակի հաստատել է պաշտոնական Վաշինգտոնը: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանցիների կազմակերպած ստորագրահավաքին ի պատասխան հղված հայտարարությամբ Սպիտակ տունը, ըստ panarmenian.net-ի, ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել «անհապաղ սկսել բանակցությունները Արցախի շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու և ԼՂ կարգավիճակի որոշման շուրջ»: Ընդ որում՝ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված` Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ նաև ԵՄ-ն, ի դեմս Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, ևս հստակ հայտարարել էր, որ քանի դեռ ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան փորձում է ֆինանսական միջոցներ գտնել շփման գծում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի մոնիթորինգային թիմի ընդլայնման ուղղությամբ, առանց հետաձգելու պետք է վերսկսվեն ԼՂ կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները:
Միջազգային հանրությունն, այսպիսով, Հայաստանին փորձում է կանգնեցնել բանակցությունների` հնարավորինս շուտ վերսկսման և ստատուս քվոն փոխելուն գնալու փաստի առջև:
Գևորգ Դարբինյան