կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 19:37
Առանց Կատեգորիա

Հայաստանը պաշտպանվելու է. նախագահը բացում է խաղաքարտերը

Հայաստանը պաշտպանվելու է. նախագահը բացում է խաղաքարտերը

Վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում մարտական գործողությունների մասնակցած մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Նա նշել է, թե հայկական կողմը երբեք ԼՂ կարգավիճակի որոշման նպատակին այքան մոտ չի եղել, որքան հիմա և այս հարցում միջազգային հանրության մոտեցումներն երբեք այսքան հստակ չեն եղել:

Ո՞րն է նման լավատեսության պատճառը, դժվար է ասել: Չկա ԼՂ կարգավորման գործըթնացին առնչվող որևէ աշխատանքային փատաթուղթ, որտեղ ԼՂ կարգավիճակի որոշման հարցը՝ մեխանիզմների, ժամկետների առումով, հստակ ձևակերպված լինի: Միակ նման նախագիծը՝ մադրիդյան փաստաթուղթն է, որը Երևանն ընդունում է որպես բանակցությունների միակ հիմք, ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցը համարում է փուլային կարգավորման ամենավերջին դետալը՝ ընդ որում առանց հստակեցնելու, թե ինքնորոշմանն ուղղված հանրաքվեն ե՞րբ և ինչպես է անցկացվելու: Մնումէ ենթադրել, որ նախագահի լավատեսության հիմքը ԼՂ հակամարտության ներկայիս հանգրվանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և հատկապես Ռուսաստանի դիրքորոշումներում արձանագրված հանգրվանային որոշակի փոփոխությունն է:

Նախորդ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե «օկուպացված» տարածքների հանձնման հարցը չի կարող լուծվել ուժի գործադրման միջոցով և առանց ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման: Լավրովի մեկնաբանությունը հետաքրքրական էր երկու պատճառով: Նախ՝ նա խոսում է ԼՂ վերջնական, այլ ոչ թե միջանկյալ կարգավիճակի հստակեցման մասին, մինչդեռ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Մոսկվան պնդում էր հայկական կողմից առաջնահերթորեն որոշ տարածքներ հանձնելու դիմաց ԼՂ-ին ընդամենը միջանկյալ կարգավիճակ շնորհելու մասին: Սա նշանակում է, որ Մոսկվան հրաժարվել է այսպես կոչված «Լավրովյան պլանից» և վերադարձ է կատարում մադրիդյան սկզբունքներին: Երկրորդ՝ կարգավիճակի որոշումը, ըստ էության, Լավրովը հավասարեցրել էր հայկական կողմից տարածքների հանձնմանը, որը, ըստ էության բխում էր հայկական կողմի այն սկզբունքային դիրքորոշումից, թե քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ, ուրեմն որոշված չէ ոչինչ:

Ռուսաստանի դիրքորոշման այս փոփոխությունը պայմանավորված է Սանկտ-Պետերբուրգում՝ շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության շրջանակը մեծացնելու շուջր ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի միակողմանի հրաժարվելով: Մոսկվան հասկացել է, որ Բաքուն չի հրաժարվում նոր պատերազմ սանձազերծելու մտադրությունից, որ դա օգտագործում է Ռուսաստանին և համանախագահող մյուս երկրներին շանտաժի ենթարկելու համար: Եվ, հակամարտության կարգավորման սխեմայի վերաբերյալ իր մոտեցումները որոշ սրբագրումների ենթարկելով ՝ Մոսկվան, համանախագահող մյուս երկրների լուռ աջակցությամբ անցնում է Բաքվի նկատմամբ «փափուկ ճնշման» մարտավարության՝ հույս ունենալով հասնել նրան, որ շփման գծի կայունացմանն ուղղված հանձնառությունները վերջինս կատարի: Այս համատեքստում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ համանախագահող մյուս երկրներն ընդգծված ըմբռնողականություն են դրսևորում ԼՂ կարգավորման բովանդակային բանակցություններից հրաժարվելու Երևանի դիրքավորման հանդեպ:

 Թերևս հենց այս հանգամանքն է ընկած նախագահ Սարգսյանի լավատեսության հիմքում: Խնդիրն այն է, որ Երևանը բանակցություններում զիջումների գնալու ամենամեծ ճնշումները մշտապես զգացել է հենց Մոսկվայից: Եվ նրանում, որ ճնշումներն այս պահին ոչ միայն զգալիորեն թուլացել են, այլև դրանց սլաքները գրեթե լիովին ուղղվել են Բաքվի դեմ, Երևանը տեսնում է իր մարտավարական հաղթանակը և որոշակի հիմքեր, որ նման պայմաններում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ամբողջ պատասխանատվությունը դրվելու է Ադրբեջանի վրա:

Թերևս դրանով է պայմանավորված զորացրված տղաների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից ԼՂ հարցում բացառապես պաշտպանական ստրատեգիայով առաջնորդվելու իրողության «բացահայտումը»: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հայկական կողմը չի առաջնորդվում Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու նպատակներով:  «ժամանակակից աշխարհում սկսել ռազմական գործողություններ, գրավել այլ երկրի տարածք և ասել՝ սա իմն է, կարող են անել այն պետությունները, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում և որոնք տասնյակ անգամ գերազանցում են իրենց հակառակորդին: Ենթադրենք մենք ձեռնարկեցինք ռազմական լուրջ օպերացիա և ենթքադրենք գրավեցինք երկու-երեք շրջան: Ի՞նչ է լինելու դրանից հետո. Ադրբեջանը հանձնվելո՞ւ է: ...Մեզ համար ամենաընդունելին այն է, որ կարողանանք լուծել ԼՂ հիմնահարցը, ԼՂ-ի վերջնական կարգավիճակը»,-ասում է Սերժ Սարգսյանը: Որ հայկական կողմը նախահարձակ լինելու տրամադրվածություն չունի, նախագահը վերահաստատեց նաև սպառազինությունների ձեռքբերման հետ կապված իր պարզաբանումներով: Նա նշեց, որ հայկական կողմն ամենաօպտիմալը համարում է հակառակրոդի հարձակողական սպառազինությանն ավելի էժան, համարժեք պաշտպանողական համակարգերով հակակշռելու, ունեցած տեխնիկական միջոցների օգտագործման պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձրացնելու մարտավարությունը:

Այս դիտարկումները թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի դիրքավորման հանդեպ միջազգային հանրության և հատկապես միջնորդների լոյալ տրամադրվածությունն ընկալվում է որպես Երևանի որդեգրած դիվանագիտական կուրսի արդարացվածության և արդյունավետության ապացույց: Մյուս կողմից՝ դրանով թերևս փորձ է արվում Բաքվի նկատմամբ փափուկ ճնշումների ֆոնին վերահաստատել փոխզիջումների միջոցով խնդիրը կարգավորելու հայկական կողմի իրական տրամադրվածությունը:

Խնդիրն այն է սակայն, որ չկա և չի կարող լինել որևէ երաշխիք, որ ՄԽ համանախագահող երկրների ներկայիս ուղեգիծը տեսանելի հեռանկարում որևէ փոփոխության չի ենթարկվելու: ԼՂ բանակցային գործընթացի 23-ամյա փորձը ցույց է տալիս, որ միջնորդները մշտապես այս առումով փոփոխականություն են հանդես բերել և, որ Ադրբեջանի նկատմամբ մինչ այժմ կիրառած որևէ լծակ հակառակ արդյունքին է հանգեցրել:

 Մյուս կողմից ակնհայտ է, որ այս ինքնավստահությունը խարսխված է բացառապես մեկ համոզմունքի վրա, որ Ադրբեջանը երբեք չի տրվելու ճնշումներին և համաձայնություն չի տալու նույնիսկ ոչ թե ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման որևէ մեխանիզմի, այլև Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, այսինքն ԵԱՀԿ դիտորդների խմբի մեծացմանը և շփման գծում միջադեպերի հետաքննության կառուցակարգերի ստեղծմանը: Սա փխրուն համոզմունք է: Ունի՞ արդյոք Երևանը պահեստային որևէ տարբերակ այն դեպքի համար, եթե Բաքուն, ի վերջո, համաձայնի այդ հանձնառությունների կատարմանը: Որևէ կասկած չկա, որ այդ դեպքում միջնորդների ճնշումները Երևանի նկատմամբ տասնապատկվելու են՝  հասնելու համար մադրիդյան սկզբունքներին վերջինիս համաձայնելուն: Իսկ դրանցով, կրկնենք, ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման որևէ մեխանիզմ նշված չէ և դա թողնված է հետագա բանակցություններին: Եթե ռազմական առումով որոշել ենք հավերժ պաշտպանվել, ապա գոնե դիվանագիտական դաշտում դա պետք է փոխհատուցել հարձակողականությամբ, որի հետքերը, սակայն, դեռևս տեսանելի չեն:      

Գևորգ Դարբինյան