Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաշտոցի պուրակ, Վիշապների այգի, պարտադիր կենսաթոշակային, տրանսպորտի թանկացում, «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք... Սրանք այն խնդիրներն են, որոնց լուծման համար հարյուրավոր մարդիկ ոտքի կանգնեցին: Ամեն անգամ, երբ ակտիվիստների պայքարը, այս կամ այն հարցի հետ կապված, հաջողում է' քաղաքացիական ակտիվիզմի դերը, կարծես, վարագույրից փոքր-ինչ այս կողմ է մղվում, բայց, միևնույն ժամանակ, ակտիվիստի յուրաքանչյուր թերացումը կամ սխալը կարող է ուղղակի պարտության տանել:
Ակտիվիստ և քաղաքացիական ակտիվիզմ' ե՞րբ, ո՞ր դեպքերում են մարդիկ որոշում պայքարել, ինչո՞ւ է հանկարծ, հարցին լուծում չտրված, պայքարը մարում, կարելի՞ է դիտարկել ակտիվիզմը որպես սոցիալական դեր: Այս և շատ այլ հարցերի վերաբերյալ yerkir.am-ը զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Արթուր Ավթանդիլյանի հետ:
-Ի՞նչ ասել է ակտիվիստ, ակտիվիստ' որպես սոցիալական դեր, գոյությո՞ւն ունի:
-Մեր օրերում ակտիվիստ հասկացությունը բավականաչափ ուռճացված է և այնքան էլ չի համապատասխանում այն գործառույթին, որը բնութագրելու համար այն կիրառվում է: Ակտիվիստ ասելով' շատերը հասկանում են որոշակի մասնագիտություն կամ զբաղմունքի ձև, որին նվիրում ես օրվա մի մասը, իսկ մնացած մասը' զբաղվում ուրիշ գործերով: Իմ պատկերացմամբ' դա բավականաչափ նեղ և ոչ այդքան ճշգրիտ ձևակերպում է, քանի որ ակտիվ քաղաքացի լինելը պետք է կենսաձև լինի' արտաքին աշխարհին, երևույթներին վերաբերվելու և որոշակի արձագանք տալու «վիճակ»: Այլ կերպ ասած' դու ոչ թե պարտավորություն ունես' օրական 2 ժամ կռիվ անելու այսինչի կամ այնինչի դեմ, այլ օրվա բոլոր իրավիճակների ընթացքում պետք է ապացուցես, որ ունես այն սկզբունքները, որոնք հայտարարագրել ես: Այդ տեսակետից ակտիվիզմը որոշակի կենսափիլիսոփայություն է, որոշակի սկզբունքների անընդհատ իրագործում:
-Ի՞նչ սկզբունքով է որոշվում' ո՞ր դեպքին անդրադառնալ, ոտքի կանգնել ու պայքարել, որի՞ն' ոչ:
-Մեր կյանքում, մանավանդ հիմա, անընդհատ կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնք նվազագույնը որոշակի պարսավանքի տեղիք են տալիս' սկսած ամենավերջին դեպքից, ասենք' ոմն մարզպետի նշանակումը: Շատ դեպքերում խնդիրը վերաբերում է կոնկրետ հարցով զբաղվող, հետաքրքրվող մարդկանց կամ այդ ոլորտում իրենց առավել իրացրած մարդկանց. կենսաթոշակայինի մասին օրենքը միավորեց մարդկանց, ովքեր ամենաշատը կորցնելու բան ունեին: Մի կողմից` կա հարցի մասնագիտական կողմը, մյուս կողմից' սոցիալական կողմը, որը կապված է հասարակական «շահի» զգացողության հետ, այսինքն' այսինչը կամ այնինչը որ կատարվեց, որքանո՞վ կառնչվի ինձ հետ, որքանո՞վ է սահմանափակում այն պահանջմունքները, որ ես կենսական եմ համարում: Մի պահ այդպիսին էր ՄՄ-ին միանալու հարցի հետ կապված իրարանցումը, գտնվել էին մարդիկ, որոնք հավասարապես համարում էին, որ դա իրենց կենսական շահերին էլ է սպառնում: Կա նաև հարցի մյուս կողմը' գործողությունների ազդեցությունը և արդյունավետության աստիճանը' մատուցման ձևից կախված:
-Ե՞րբ է որոշվում, որ ակտիվիստները պետք է դադարեցնեն իրենց պայքարը, քանի որ շատ դեպքերում դադարեցվում է' հարցին լուծում չտրված' սահմանափակվելով խոստումներով:
-Սա ուղղակիորեն բխում է ակտիվիստի մասին ընդունված պատկերացումից: Այն, ինչ ես անում եմ իմ օրվա մի քանի ժամերի ընթացքում, ընկալվում է այսպես' ոչ թե ես իմ սկզբունքներն եմ իրականացնում, այլ, կարծես, որոշակի բոնուս աշխատանք կատարեմ: Այսինքն' ես անում եմ դա, քանի դեռ այլ առաջնահերթ անելիքներ չունեմ: Շատ հաճախ, երբ սկսվում են նման բռնկումները, չեն ուղեկցվում իրավիճակի հանգամանալից վերլուծությամբ, ի սկզբանե չի մշակվում այն ճանապարհը, որով դու պետք է անցնես` քո վերջնակետին հասնելու համար: Այդ անորոշությունն իրականում շատ վատ է ազդում մարդկանց մոտիվացիայի վրա, տպավորություն է ստեղծվում' կարծես ճահճում ես աշխատում և, չիմանալով ճանապարհդ, չես կարողանում պլանավորել ռեսուրսներիդ ծախսը: Այս դեպքերում հաջորդ քայլն արդեն ձախողումն է: Պետք է ասեմ, որ Հայաստանն այնքան էլ բարենպաստ պայմաններ չի ստեղծում քաղաքացիական ակտիվության համար, բայց եթե նախկինում բավականաչափ կացնային եղանակներով էին ճնշում այդ շարժումները /որոնք, բնականաբար, լրացուցիչ հակազդեցություն էին առաջացնում/, հիմա մեթոդները բավականաչափ բարդացել ու «նրբացել» են, հիմա դիրքային մարտերի են անցել, որի հիմնական նպատակը դիմացինին ուժասպառ անելն է:
-Քաղաքացիական ակտիվիզմն ինչո՞ւ մեզ մոտ համախմբված բնույթ չի կրում, նկատե՞լ եք, որ մեզ մոտ ակտիվիստներից յուրաքանչյուրը, կարծես, ուզում է լիդեր լինել, ոչ ոք չի ցանկանում հետևորդ լինել:
-Ցանկացած' քիչ թե շատ տարերային գործընթաց միշտ առաջացնում է լիդերներ և հետևորդներ: Հիմնականում լիդեր են լինում նրանք, ովքեր խոսքի ուժ ունեն և պատրաստ են կոնկրետ պահի իրենց վրա վերցրել որոշման պատասխանատվությունը /թե ինչպես են իրենք օգտագործում այդ ուժը, հարցի այլ կողմն է/: Մեզ մոտ կարողությունների պակասից առաջացող անձնավորված վարքի օրինակներ եմ տեսնում, որը եթե մի դեպքում բավականաչափ մտածված է արվում /այո, կան նման պարազիտային դեմքեր/, մյուս դեպքում' չիմացությունից: Ընդհանրապես չկա միասնականության զգացումը, կան անջատ-անջատ իրավիճակներ, որոնք չեն բերում ընդհանուր հայտարարի: Ինչ վերաբերում է միասնական օրակարգ ստեղծելուն, բավականաչափ «ձանձրալի» գործ է' աշխատատար, երկարաժամկետ, արագ արդյունքներ չապահովող, «դրայվ» ու սուր զգացողություններ չառաջացնող: Մի խնդիր էլ կա' քաղաքական ուժերի' չհաղթահարված բարդույթն է, որ, իրենցից բացի և ի դեմս ակտիվիստների, կարող են լինել հասարակական ակտիվության այլընտրանքային ձևեր: Մինչև հիմա էլ կա այդ թյուր պատկերացումը, որ դրանք մրցակցային գործընթացներ են, ինչն աբսուրդ է: Իրականում' նրանք շատ քիչ են հատվում և կոչված են խնդիրը սպասարկելու տարբեր տեսանկյուններից, սա մոտավորապես նման է նրան, որ միմյանց հետ մրցակցեն մուրճն ու պտուտակահանը:
-Որքանո՞վ է կարևոր ակտիվիստի' ապակուսակցական լինելը:
-Ինքս բավականին երկար ժամանակ քաղաքացիական գործունեությունը համատեղել եմ կուսակցական գործունեության հետ: Մտահոգությունը հետևյալն է, որ կուսակցականը կարող է քաղաքացիական շարժումը, էներգետիկան, ստացված արդյունքն օգտագործել նեղ կորպորատիվ շահերի համար: Նման դեպքեր եղել են: Եթե այդ ֆակտորը հանում ենք, որևէ խնդիր չեմ տեսնում, ավելին' կարելի է փորձի փոխանակում անել: Իհարկե, այդ երկու ձևաչափերն ունեն տարբեր մեթոդաբանություններ, բայց որոշ հարցերում դրանք իրար նման են:
-Մինչև ո՞ւր է հասնում ակտիվիստների բողոքի ձայնը մեզ մոտ, այսինքն' ակտիվիստի' այս կամ այն գործողությունից ելնելով' որքանո՞վ է հնարավոր հարցին' հօգուտ հասարակության լուծում տալ: Եվ հետո' որքանո՞վ է քաղաքական ուժերին ձեռնտու ակտիվ քաղաքացի ունենալը:
-Ամեն ինչ կախված է մտահոգ քաղաքացիների պատկերացումներից, թե իրական խնդիրը որն է: Օրինակ' Վիշապների պուրակի դեպքը հաջողությամբ պսակվեց, քանի որ հստակ էր' տարածքը չպետք է օգտագործվի մասնավոր շահի համար, քանի որ հանրային տարածք է և ունի այսինչ-այսինչ գործառույթները: Բայց դրա կողքին զուգահեռ տեսնում ենք այլ գործընթացներ, որոնք գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար խնդրի իրական պատկերն աղավաղում են: Դա խոսում է այն մասին, որ սեղանին դրված չէ խնդրի լուծումը, այլ այն ակտիվացնելու կամ շահագործելու միջոցով որոշակի դիվիդենդներ շահելու մտադրությունը: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է ձեռնտու ակտիվ քաղաքացի ունենալը, ապա պետք է նշեմ, որ Հայաստանին /և ոչ միայն/ ձեռնտու է այնքանով, ինչքանով նա ուզում է արևի տակ իր տեղն ունենալ ու զարգանալ: Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են ակտիվ քաղաքացիներ, քանի որ ակտիվ քաղաքացին պահանջատեր քաղաքացին է: Պետությունը հիմնվում է ակտիվ քաղաքացիների վրա, որոշ դեպքերում իրենք են ազդեցություն ունենում իրավիճակի ելքի վրա, որոշ դեպքերում հայտնվում են լուսանցքում կամ բանտի ճաղերից ներս, բայց, ընդհանուր առմամբ, ակտիվ քաղաքացին է հասարակության շարժիչ ուժը:
-Ինչո՞ւ դեպքերը, դրանցից քաղված լավ ու վատ օրինակները չեն դառնում նախադեպեր հաջորդ անգամվա համար:
-Չեն ստեղծվում այն մեխանիզմները, որոնք կկարողանան, որոշակի ընդհանրացումներ կատարելով, օգտագործել կուտակված դրական փորձը, և դրա հիմնական բացասական կողմն այն է, որ ամեն անգամ նորից ենք սկսում, ամեն անգամ նորից նույն խութերին կպչում, նույն խնդիրները փորձում լուծել: Շատ քիչ են լինում նաև քննարկումներ, թե ինչպես կարող են հաջողված կամ չհաջողված դեպքերը դառնալ նախադեպեր:
-Հերթական անգամ, երբ առիթ կլինի` նոր էջից սկսելու ու պայքարելու, առաջին հերթին ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք, ի՞նչ հերթականությամբ ի՞նչ քայլեր անենք: Որքանո՞վ ենք պատրաստ հաջորդ «առիթին»:
-Ամեն նոր էջն իրականում ավելի դժվար է բացվում: Պետք չէ թերագնահատել այն համակարգը, որն ի պաշտոնե կանգնած է քո դեմ' որպես այն խնդիրների ծնող, որոնք դու անընդունելի ես համարում: Այդ համակարգը բավականաչափ ուշադիր է, ունակ է դասեր քաղելու, որովհետև, ի տարբերություն քեզ, նա հասկանում է իր կենսական շահը, հասկանում է, որ խնդիրը վերաբերում է իր սեփական անվտանգությանը: Այդ զգացողությունն է, որ բացակայում է մյուս' ակտիվ քաղաքացիների կողմում: Կարիք չկա սպասել հաջորդ նմանատիպ առիթին, քանի որ առիթներ շատ կլինեն. մեր ղեկավարությունը խրոնիկ հիվանդություն ունի օդից առիթներ ստեղծելու, նրանք բավականաչափ կրեատիվ են այս առումով: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք դու դրան պատրա՞ստ ես, թե քեզ պետք է քնից արթնացնեն, և դու էլ, աչքերդ տրորելով, արագ-արագ, քնաթաթախ վազես մարտադաշտ: Դժվար է ասել' որքանո՞վ ենք պատրաստ, քանի որ կա որոշակի անկանխատեսելիության գործոն: Օրինակ` շատ անսպասելի և անկանխատեսելի էր այն ալիքը, որն առաջացավ տրանսպորտի թանկացման ժամանակ: Ակտիվությունը, ինչպես ցանկացած երևույթ, օդից չի առաջանում և վակուումի մեջ չէ, այն պետք է դիտարկել նաև հնարավորինս ամբողջական ու ընդհանուր ներպետական, հասարակական համայնապատկերի մեջ, որը մտահոգիչ է: Եթե վերջնականապես պարտվեն հակազդեցության քաղաքացիական ցիվիլ միջոցները, կարծում եմ' այդ ձևերին կգան փոխարինելու շատ ավելի ոչ խաղաղասիրական դիմադրության ձևեր: Սյունիքի մարզպետի նշանակումը, ոսկու շուկայի դեպքը և տասնյակ այլ օրինակներ իրականում վիշապի ատամներ են ցանում: Դա պետք է հասու լինի թե՛ երկրի իշխանությանը' որպես անխուսափելի հետևանք, թե՛ նրան հակազդողներին' որպես հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու հուշում:
Կարինե Հարությունյան