Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի և Վահան Բաբայանի ներկայացրած` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կողմ էր քվեարկել 47 պատգամավոր, դեմ` 42-ը:
Պատգամավորների շրջանում խառնաշփոթ սկսվեց, որովհետև շատերը ճիշտ չէին քվեարկել:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պատգամավորների մի մասը սխալվել է, և հայտարարեց, որ օրինագիծը կրկին դնում է քվեարկության: ԲՀԿ-ական պատգամավորները ծափահարեցին, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Ես զարմանում եմ` էդքան փոքր հնարավորությունից կարելի՞ է ուրախանալ: Եթե այդպես է` հաճախակի կտանք ձեզ նման հնարավորություն, որ ուրախանաք»:
Էդուարդ Շարմազանովը նշեց. «Նենց չի, որ անցել էր նախագիծը, ո'չ, չէր անցել, ուղղակի, որպեսզի պրոբլեմ չլինի, նորից ենք դնում քվեարկության»:
Վարման կարգով ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պահանջեց հիմնավորել կրկնակի քվեարկությունը: Էդուարդ Շարմազանովը հիմնավորեց. «Ձեր խմբակցությունից երկու հոգի են սխալ քվեարկել, մեր խմբակցությունից` վեց հոգի»:
Էլինար Վարդանյանը հարցրեց. «Կարո՞ղ եք հղում անել ԱԺ կանոնակարգին, որ կա «սխալ քվեարկություն» տերմինը»: «Կարող եմ հղում անել, որ պատգամավորները քվեարկությունից հետո ասում են, որ սխալ են քվեարկել»,- ասաց Շարմազանովը:
«Եթե չի աշխատել սարքավորումը, չեն քվեարկել, կարող ենք նորից կազմակերպել քվեարկությունը»,- ասաց ԱԺ նախագահը:
Քվեարկությունը կրկին կազմակերպվեց, եւ ԲՀԿ-ականների օրենքը չընդունվեց:
«Պարոն Սեդրակյանի տեխնիկական կոճակը չի աշխատում»,- ծիծաղը չկարողացավ զսպել Շարմազանովը:
Տիգրան Ուրիխանյանը վարման օրենքով ձայն խնդրեց` ասելով. «Խոսքը գնաց քաղաքակա՞ն, թե՞ տեխնիկական սխալի մասին: Հազիվ մեկ անգամ լավ բան արեցիք, հետո միանգամից չեզոքացրեցիք, մարդիկ փորձառություն ունեն և քվեարկել են հօգուտ ժողովրդի»: