կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 12:07
Հասարակություն

Եթե, Պահք պահելով, հրաժարվենք միայն կենդանական կերակրից` նշանակում է` ոչինչ չանել

Եթե, Պահք պահելով, հրաժարվենք միայն կենդանական կերակրից` նշանակում է` ոչինչ չանել

Պահք պահելով` առաջին հերթին մաքրում ենք հոգին, հետո նոր` մարմինը, ուստի` Պահքի խորհուրդը պետք է առաջին հերթին հոգևոր կերպով ընկալենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

 

Ըստ նրա` եթե, Պահք պահելով, հրաժարվենք միայն կենդանական կերակրից` նշանակում է` ոչինչ էլ չանել: «Ուրախությամբ կարող եմ ասել, որ Պահք պահող երիտասարդների թիվն ավելացել է, ի դեպ, այն երիտասարդների, ովքեր գիտակցված են Պահք պահում, այլ ոչ թե սննդակարգը փոխելու միջոցով նիհարելու համար: Պետք է հասկանալ, որ տարվա ընթացքում երբ ուզեք` կարող եք դիետա պահել, Պահքի խորհուրդը դրա մեջ չէ»,- ասաց տեր Նիկողոսը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է դնել Զատկի սեղանին, ըստ քահանայի, առաջին անհրաժեշտություններն են` կարմիր խաշած ձուն, չամիչով փլավը, կանաչին, ձուկն ու գինին: «Կարծում եմ` պետք է գիտակցել նաև, որ Զատկի տոնն ամենևին էլ «ուտելու» տոն չէ, և այդ օրն ուղղակի պետք է բոլորս հավատով լցվենք` Սուրբ Հարության հավատով»,- ասաց նա:

 

Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանն էլ նշեց, որ տարեցտարի ավելանում է այն երիտասարդների թիվը, որոնք պահպանում են եկեղեցական կարգերը:

 

Տաթևը տեղեկացրեց նաև, որ վաղը` Ճրագալույցի պատարագից հետո, կլինի խաչերթ: «Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից մի խումբ երիտասարդներով կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ: Հրապարակի մեջտեղում ծաղկյալ խաչը կլինի, որը կզարդարենք` ավետելով Հարության տոնը: Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ»,- ասաց նա: