Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիեննայում նոյեմբերի 21-ից 24-ը կայացել են ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO-ՄԱԱԶԿ) 50-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաև Արդյունաբերական զարգացման խորհրդի 44-րդ նստաշրջանը, որոնց մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Տաիզո Նիշիկավայի, Ծրագրերի իրականացման և տեխնիկական համագործակցության գծով տնօրեն Ֆիլիպ Շոլտեսի, կազմակերպության այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվել են Հայաստանում ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Հանդիպումների ընթացքում հայկական կողմը կարևորել է կազմակերպության հետ համագործակցության խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը: Իրենց հերթին՝ ՄԱԿ Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել արդյունաբերական, բնապահպանական և այլ ծրագրերի բարեհաջող իրականացմամբ և ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող տևական աջակցության կապակցությամբ:
50-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում նոյեմբերի 22-ին անցկացվել է «Ստեղծագործական շոու. Հին ավանդույթների նոր պատմություններ» խորագրով միջոցառումը, որին ներկայացվեց ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի տեխնիկական աջակցությամբ և 8 հայկական կազմակերպությունների համատեղ ուժերով ստեղծած «5900BC» ապրանքանիշի նոր հավաքածուն:
Հայաստանում իրականացված ծրագիրն ընտրվել էր բազմաթիվ այլ ծրագրերից՝ որպես օրինակելի և լավագույնս հաջողված ծրագրերից մեկը:
Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունը և Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Բանախոսներն իրենց ելույթներում շնորհավորել են ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությանը (UNIDO) 50-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարությանը՝ ծրագրին ֆինասական աջակցություն ցուցաբերելու և ՄԱԿ-ի Արդյունաբերական կազմակերպությանը՝ ծրագիրն իրականացնելու համար:
Միջոցառումների մշակութային հատվածում Հայաստանը ներկայացնող հայտնի դաշնակահարուհի Նարե Աղրամանյանը հանդես է եկել Արամ Խաչատուրյանի, Կոմիտասի, Արնո Բաբաջանյանի և Վիգ Ցարթմանի ստեղծագործությունների կատարումներով: