Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ yerkir.am-ը հայտնել էր, որ Մալաթիայի բաժնի քննիչ Սուրեն Նավոյանի նկատմամբ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին, ի պատասխան մեր հարցման, հայտնել էին ՀՔԾ-ից, սակայն, թե ո՞ր հոդվածի հատկանիշներով, հրաժարվել էին ասել` նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է: Այդ հանգամանքը կասկածի տեղիք էր տվել և արժանացել մեր այն դիտարկմանը, թե Սուրեն Նավոյանն ինչո՞վ է առանձնանում ոստիկանության մյուս քննիչներից, որոնց վերագրվող հանցանքների վերաբերյալ ՀՔԾ-ն պարբերաբար մանրամասներ է հայտնում հանրությանը` նշելով առաջադրված մեղադրանքը, դեպքի մանրամասները և այլն: Նշել էինք, որ ՀՔԾ-ի կողմից այդ կարևոր հանգամանքը գաղտնի պահելը ենթադրում է, որ Նավոյանը մեղադրվում է այնպիսի հանցանքի մեջ, որը կասկածի տակ է դնում նրա պաշտոնավարման հարցը:
Եվ ահա այսօր ՀՔԾ-ն, երևի մեր կասկածները փարատելու համար, իր պաշտոնական կայքէջում վերջապես անդրադարձել է հիշյալ դեպքին և նշել, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` պաշտոնեական դիրքն օգտագործելով` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության` քաղաքացի Արման Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի քննիչներից մեկը (խոսքը Սուրեն Նավոյանի մասին է ), օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է վարույթն իրականացնող քննիչի գործունեությանը:
Հիշելով տուժողի այն հայտարարությունները, որտեղ մանրամասնորեն ներկայացված է, թե ինչպես է այս պետական պաշտոնյան միջամտել վարույթ իրականացնող մարմնի գործունեությանը, կարելի է ենթադրել, որ նա ստանձնել է արդարադատություն իրականացնողի դերը: Մինչդեռ, համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների, Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները:
Տարիներ առաջ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանապետին հանձնարարական տվեց նախաքննության մարմինների աշխատանքում տեղ գտած թերությունները վերացնելուն և նախաքննության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել, սկսվեցին ոստիկանների ձերբակալություններ ու պաշտոնանկություններ, ՀՔԾ-ում կտրուկ ավելացավ քննիչների դեմ հարուցված քրեական գործերի թիվը: Համակարգը ներսից մաքրելուն ուղղված` ոստիկանապետի որդեգրած այս քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս, սակայն շատ դեպքերում այն պարզապես ձևական բնույթ է կրում: Քննիչների վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված գործերից քչերն են մտնում դատարան: Մեծ մասը կարճվում է` հանցակազմի բացակայության հիմքով:
Հետաքրքիր է` ի՞նչ գնահատական կտա ՀՔԾ-ն քննիչ Նավոյանի գործողություններին, մանավանդ, եթե հիշյալ դեպքին զուգահեռ ուսումնասիրի նրա իրավական կերպարը: Նշենք, որ Նավոյանի` քննիչ եղած ժամանակահատվածում նրա վերաբերյալ 5 քաղաքացիական գործ է քննվել: Նույնիսկ լրագրողի աչքով դրանք ուսումնասիրելիս կարելի է ենթադրել, որ նա այնքան էլ օրինապաշտ քաղաքացի չի եղել: Ավելին` գործերից մեկով դատարանն արձանագրել է, որ չեն կարողացել նրան հայտնաբերել և ստիպված առանց նրա են գործը քննել (Գործ թիվ ԵԱԴԴ/1318/02/13):
Հետաքրքիր է, լինելով օրենքի պաշտպան, ինչո՞ւ է քննիչը խուսափել արդարադատությունից: Ի դեպ, Նավոյանի կարծիքով` իր դեմ հարուցված քրեական գործն իր անձնական կյանքն է, և ոչ ոք իրավունք չունի այն քննարկելու: Սակայն ստիպված ենք հիասթափեցնել քննիչին, քանի որ շարունակելու ենք ուշադիր հետևել գործի քննությանն ու հանրությանն իրազեկել դրա մասին:
Մեզ մնում է հերթական անգամ ցիտել Վլադիմիր Գասպարյանին. «Հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ոստիկանության անունն արատավորող ոստիկաններից»:
Հ. Գ.- Վ. Գասպարյանը ոստիկանի կերպարի և համակարգի մասին շատ ավելի դիպուկ խոսքեր ունի, որոնք գուցե տարիներ հետո թևավոր խոսքեր դառնան, պարզապես խնայողաբար ենք օգտագործում ոստիկանապետի բառապաշարը, դրանք դեռ մեր մյուս հրապարակումներում պետք կգան: