կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-15 16:47
Հասարակություն

Եզդիներին շարունակում են սպանել` ամեն օր` լինի կին, երեխա, թե տղամարդ

Եզդիներին շարունակում են սպանել` ամեն օր` լինի կին, երեխա, թե տղամարդ

21-րդ դարում Ցեղասպանություն են իրականացնում եզդիների հանդեպ ու ամեն, ամեն օր եզդի է մեռնում` կին, տղամարդ, թե երեխա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Եզդիների միության փոխնախագահ Խդըր Հաջոյանն` անդրադառնալով վերջին օրերին Իրաքում հարյուրավոր եզդիների սպանությանը:

 

Հաջոյանը տեղեկացրեց, որ Սինջար լեռան վրա հայտնված եզդիներն անելանելի վիճակում են` մինչ օրս ծարավից տասնյակ երեխաներ են մահացել:

 

« «Իսլամական պետության» զինյալները նրանց երկընտրանքի առաջ են կանգնեցրել՝ կամ ընդունել իսլամ, կամ էլ՝ մեռնել, իսկ իսլամ ոչ ոք չի ընդունի: Մենք կապի մեջ ենք, մշտապես տեղեկացված, թե ինչ է կատարվում Իրաքի հյուսիսում. հիմա գլխավոր խնդիրն այն է, որ գրոհայինները փակել են դեպի ջուր տանող ճանապարհը, որպեսզի լեռան վրա գտնվող եզդիները սովամահ լինեն»,-ասաց Հաջոյանը:

 

Նրա կարծիքով` անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իր ուշադրությունը սևեռի Իրաքի կողմը, որպեսզի հարցը լուծում ստանա: Այս օրերին եզդիները բողոքի ակցիաներ են կազմակերպում Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանատների առջև՝ միջազգային հարթակներում այդ խնդիրը բարձրաձայնելու հարցում օգնություն ակնկալելով:

 

«Ֆրանիսայի կառավարությունը որոշել է զենք հատկացնել Իրաքում գտնվող քրդերին, որպեսզի պատերազմեն ընդդեմ այդ ահաբեկչական խմբավորման: Այնտեղ կազմվել են եզդիական զորաջոկատներ, որոնք ինքնապաշտպանական գործողություններ են իրականացնում: Մենք կուզեինք, որ Ֆրանսիան նաև հետամուտ լիներ, որպեսզի այդ զենքերը ճիշտ տեղում և ճիշտ ձեռքերում հայտնվեն»,-ասաց Հաջոյանը:

 

Նա նշեց նաև, թե հույս ունի, որ ՀՀ կառավարությունը նույնպես հետամուտ կլինի այս հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու համար: Հաջոյանը նշեց նաև, որ իրեն ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ որպես մարդասիրական օգնություն եզդիների համար հատկացված գումարն առաջիկա օրերին արդեն կփոխանցեն իրենց հասցեատերերին: