«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը շնորհավորել է եզդիներին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ։
«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, այսօր ուզում եմ ձեզ շնորհավորել Սուրբ Նաբիի տոնի կապակցությամբ և ցանկանում եմ, որպեսզի համերաշխության և սիրո խորհուրդը այս տոնի իրագործվի ձեր ընտանիքներում։
Կուզեի նաև հիշեցնել այն հաճելի ավանդույթը, որ ունի եզդիական ազգը այս տոնի կապակցությամբ։ Այսօր բոլոր իրար հետ գժտված մարդիկ պետք է հաշտվեն, և իմ կարծիքով մենք բոլորս սովորելու բան ունենք այս տոնի խորհրդից։ Նաեւ շատ հետաքրքիր զուգահեռ կա Սուրբ Նաբիի և քրիստոնեական Սուրբ Սարգսի միջև։ Ինչպես գիտեք՝ այսօր եզդի ազգի չամուսնացած ներկայացուցիչները երեկոյան ուտելու են աղի բլիթ՝ ակնկալիքով, որ կտեսնեն իրենց ապագա ամուսիններին կամ կանանց, իսկ հայ ազգը երկու շաբաթ առաջ նշել է Սուրբ Սարգսի տոնը, որը ուներ նույն խորհուրդը։ Սա վկայում է մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և հազարամյա ընդհանուր հայրենիքում ապրելու փաստի մասին։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եզդի ազգի մեր ներկայացուցիչներին և ցանկանում եմ, որ նրանք ապրեն ուժեղ և արդար Հայաստանում, որը մենք բոլորս պետք է միասին կառուցենք»։