կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-21 17:35
Իրավական

Քննիչների գործով նախաքննական մարմինը կրկին ՀՔԾ-ն է

Քննիչների գործով նախաքննական մարմինը կրկին ՀՔԾ-ն է

Շենգավիթի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը կրկին կատարվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գործով Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

 

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս դիրքորոշումը թերևս ակնհայտ էր նաև ՀՔԾ-ի կողմից առաջին անգամ կատարված նախաքննության արդյունքում քրեական գործը կարճելու որոշման մեջ:  Yerkir.am-ը հայտնել էր, որ Ս. Մկրտչյանն իր ցուցմունքում նշել էր, որ իր լիազորությունը պատշաճ է կատարել:

 

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է Սամվել Մկրտչյանի և Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի դեմ այն պատճառով, որ մեկ այլ քրեական գործով նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու որոշումը, որը պետք է սահմանված ժամկետից երեք օր առաջ ուղարկվեր դատախազին, քննչական բաժնի գործավարի անփութության պատճառով ուղարկվել է ժամկետից մեկ օր հետո:

 

ՀՔԾ-ն գործի նախաքննությունը կատարելուց հետո որոշել էր գործը կարճել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, սակայն դատախազությունը վերացրել է որոշումը և վերոհիշյալ երկու անձանց ներգրավել` որպես մեղադրյալ` Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` գործով քննիչ Հակոբ Մանուկյանի պաշտպան է ներգրավված նաև փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

 

Նշենք նաև, որ մեղադրյալները ներկայումս ազատության մեջ են: