Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-07 18:10
Առանց Կատեգորիա

Հեֆֆերնը փակուղի է մտցնում Հայաստանը

Հեֆֆերնը փակուղի է մտցնում Հայաստանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նախորդ շաբաթ կրկին հիշեցրեց ավելի վաղ իր և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած պնդումները Լեռնային Ղարաբաղի ներկայիս տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության վերաբերյալ: «Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»,- ասել է Հեֆֆերնը:

 

ԱՄՆ դեսպանն այս հիշեցումը կատարում է մի ժամանակահատվածում, երբ ընթանում են ռուս-ադրբեջանական ինտենսիվ բանակցություններ` մի կողմից եվրասիական ինտեգրացիոն նախագծերում Ադրբեջանին ընդգրկելու, մյուս կողմից` դրան գնալու դիմաց ԼՂ-ի հարցում Բաքվի պահանջները կատարելու հնարավորությունների ու թերևս նաև մեխանիզմների շուրջ: Սրանք գործընթացներ են, որոնք ուղղված են մի կողմից ԼՂ հարցում հաստատված ստատուս քվոյի փոփոխությանը, մյուս կողմից` կամա, թե ակամա, հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս բերելուն ու բացառապես Ռուսաստանի հայեցողությանը թողնելուն: Դրա ուղղակի հետևանքը լինելու է տարածաշրջանից Արևմուտքի կատարելապես դուրսմղումը, որի շրջանակում արդեն իսկ հաջողությամբ զարգացվում է նաև հակամարտության գոտում ռուսական «խաղաղապահ ուժերի» տեղակայման հնարավորությունը` Հայաստանի և Ադրբեջանի սեպարատ համաձայնության արդյունքում:

 

Այս իմաստով Հեֆֆերնի վերաակտիվացումն ուղղված է այդ միտումները չեզոքացնելուն, որը հնարավոր է միայն մեկ դեպքում` եթե բանակցող կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, շարունակեն հակամարտության կարգավորման հեռանկարը պայմանավորել բացառապես մադրիդյան գործընթացով, որտեղ խոսքը գնում է նախկին ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու դիմաց ԼՂ միջանկյալ կարգավիճակի շնորհման մասին, ի տարբերություն ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների, որտեղ, ըստ էության, գործում է «ղարաբաղյան տարածքներ` ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալու դիմաց» գործարքային սկզբունքը: Այլ կերպ ասած` Հեֆֆերնը անուղղակիորեն փորձում է հասկացնել Հայաստանին, որ, օր առաջ ԼՂ տարածքների մի մասը զիջելով, մյուս մասը պահպանելու մադրիդյան տարբերակը թե' իր և թե' ԼՂՀ-ի համար չարյաց փոքրագույնն է, որին գնալը միաժամանակ նշանակելու է նաև մեծ չափով ազատագրվել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցությունից: Պատահական չի Հեֆֆերնը ընդգծում, որ 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելը անհրաժեշտ է հենց Լեռնային Ղարաբաղին:

 

Սակայն Հեֆֆերնը ակնհայտորեն հաշվի չի առնում երկու իրողություն: Նախ` այն տարածքները, որոնք Վաշինգտոնը համարում է միանշանակ Ադրբեջանին հանձնելու ենթակա, պատկանում են ոչ թե Հայաստանին, այլ Լեռնային Ղարաբաղին: Եվ, հետևաբար, դրանք հանձնել-չհանձնելու հարցը պետք է որոշեն ոչ թե Երևանի, այլ Ստեփանակերտի հետ, ինչը հնարավոր չէ ներկայիս բանակցային ֆորմատի պարագայում, որտեղ Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես չկա կամ կա ընդամենը որպես բանակցությունների օբյեկտ: Մինչդեռ ինքնին Հայաստանին տարածքներ հանձնելու առաջարկ անելը նշանակում է, որ Վաշինգտոնը ոչ միայն պատրաստ չէ ԼՂՀ-ին որպես կողմ բանակցություններում ընդունելու, այլև անում է ամեն ինչ` դա թույլ չտալու համար: Քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է այս ուղեգիծը, նման տեսակի որևէ առաջարկ ընդունելի լինել չի կարող:

 

Երկրորդ` առաջ քաշելով տարածքներ հանձնելու անհրաժեշտության գաղափարը` Հեֆֆերնը տարօրինակ կերպով մոռանում է նույն մադրիդյան սկզբունքների մյուս առանցքային` ԼՂ-ին կարգավիճակ շնորհելու գաղափարը և այն նույնքան հետևողականորեն և համառությամբ ադրբեջանական հասարակությանը պարտադրելու անհրաժեշտությունը: ԼՂ-ն մյուս այդ 7 շրջաններից տարբերակելը ոչ միան դեռ ոչինչ չի ասում ԼՂ-ի կարգավիճակի ճանաչման մասին, այլ խնդիրն ավելի է խճճում: Այս ամբողջ երկու ամսվա ընթացքում, երբ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը զարգացնում են հայկական կողմից տարածքներ հանձնելու անխուսափելիության գաղափարը, Ադրբեջանում նրանց գործընկերը ` Ռիչարդ Մորնինգսթարը, անգամ կես ակնարկ չի անում ադրբեջանցիներին ԼՂ-ի կորստի հետ համակերպվելու անհրաժեշտության մասին: Ընդհակառակը` Բաքվից ԱՄՆ դեսպանը կրկնում է Հեֆֆերնի արտահայտած միտքը` յուրօրինակ աջակցություն հայտնելով Ալիևի վարչակազմի վարած ներկայիս մաքսիմալիստական քաղաքականությանը: Արդյունքում ստացվում է, որ ԱՄՆ-ը փորձում է ոչ թե հակակշռել տարածաշրջանում ռուսական ագրեսիվ մարտավարությունը, այլ ընդամենը առաջ ընկնել Մոսկվայից` Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու և դրանով հակամարտության լուծմանը հասնելու միջոցով:

 

Բայց եթե և' ռուսական, և' ամերիկյան սցենարների առանցքում, միևնույն է, խաղարկվում է հայկական շահերի զոհաբերման տարբերակը, ապա ի՞նչ նշանակություն ունի, թե կողմերից որին է մերժում Հայաստանը կամ որի առաջարկ-պարտադրանքն է ընդունում: Միևնույն է` կորցնողը ցանկացած դեպքում լինելու է ինքը:

 

Գևորգ Դարբինյան