կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 18:26
Հասարակություն

ՕԵԿ-ագրարային համալսարան վեճի հիմքում քաղաքական ենթատե՞քստ կա

ՕԵԿ-ագրարային համալսարան վեճի հիմքում քաղաքական ենթատե՞քստ կա

Այսօր լարված իրավիճակ է եղել ագրարային համալսարանի մոտ, քանի որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի շենքերի միջև գտնվող հողային տարածքի հարցն այդպես էլ չի լուծվում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՕԵԿ մամլո քարտուղար Արթուր Միսակյանը նշեց, որ իրենք իրենց դահլիճի օդափոխության հարցն են փորձում լուծել, վերանորոգել տարածքը, սակայն ագրարային համալսարանի ղեկավարները թույլ չեն տալիս:

 

«Ագրարային համալսարանից ասում են, թե դա իրենց տարածքն է: Մենք ունենք համապատասխան փաստաթղթեր, այդ թվում` Երևանի քաղաքապետարանի որոշումը, կադաստրի պետական կոմիտեի որոշումը, ինչպես նաև տարածքի սեփականության վկայական, որ 2008-ի նոյեմբերից տարածքն ՕԵԿ-ի սեփականությունն է: Եթե իրենք պնդում են, թե իրենք էլ ունեն փաստաթղթեր, թող ներկայացնեն դրանք»,- ասաց Միսակյանը:

 

Նա նշեց նաև, թե զարմանալի է, որ համալսարանի ղեկավարությունը 6 տարի լռելուց հետո միայն հիմա, երբ ՕԵԿ-ն ասաց, որ քաղաքական կոալիցիային մաս չի կազմելու, որոշել է բարձրաձայնել այդ մասին:

 

«Եթե տարածքն իրենցն է` այդ 6 տարվա մեջ ինչո՞ւ մեկ օր չասացին` դա մերն է: Այս աղմուկը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ՕԵԿ-ը որոշում է, որ քաղաքական կոալիցիային մաս չի կազմելու: Ես հռետորական հարց եմ ուզում հնչեցնել` ինչո՞ւ մինչ այժմ որևէ մեկը չէր ասում` սա մերն է»,- ասաց Միսակյանը:

 

Ըստ նրա` համալսարանը պնդում է, որ տարածքն իրենն է դեռեւս 1930 թվականից:

 

Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը yerkir.am-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ իրենք ունեն փաստաթղթեր, ըստ որի` կառավարությունն այդ տարածքն իրենց է հատկացրել, իսկ ՕԵԿ-ին քաղաքապետարանը տարածքը տվել էր ընդամենը վարձակալության հիմունքներով: