կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 17:04
Հասարակություն

Մինչև օրվա կեսն եք ընդդիմադիր, հետո էլի իշխանամետ եք, չէ՞, լինելու. ՕԵԿ-ագրարային համալսարան վեճը չի լուծվում

Մինչև օրվա կեսն եք ընդդիմադիր, հետո էլի իշխանամետ եք, չէ՞, լինելու. ՕԵԿ-ագրարային համալսարան վեճը չի լուծվում

ՕԵԿ-ագրարային համալսարան վեճը դեռ չի հանդարտվում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը նշեց, որ ՕԵԿ-ը ոչ մի կերպ չի ցանկանում ենթարկվել օրենքին: Էֆենդյանի տեղեկացմամբ` ՕԵԿ-ը վիճելի տարածքում արդեն շենքը կառուցել, ավարտել է, հիմա ներքին հարդարման աշխատանքներն է կատարում:

 

«Իրենց գրասենյակից տեղ ունեն` մտնում-դուրս են գալիս, չգիտենք էլ` ի՞նչ են անում: Որոշումը կա, որ նրանք ոչինչ անելու իրավունք չունեն, բացի տանիքի վերանորոգումից, բայց, միևնույն է, անում են` ինչ ուզում են: Հնարավո՞ր է արդյոք այսօր Երևանի կենտրոնում երկհարկանի շենք կառուցել առանց շինթույլտվության, պարզվում է` այո, և շատ վատ է, որ նման բան պատգամավորներն են անում` օգտագործելով իրենց դիրքը: Կյանքի նպատա՞կ են դարձրել այդ ապօրինի կառույցը: Թող դիմեին համապատասխան մարմիններին ու օրինական անեին ամեն ինչ, զոռբայությամբ հարց են լուծում, ինչ է, թե` տեսեք-տեսեք` ես պատգամավոր եմ, ինչ ուզում, անում եմ»,-ասաց Էֆենդյանը:

 

Նա նշեց նաև, թե ՕԵԿ-ական պատգամավորներն արդարանում են` հողը քաղաքապետը իրենց է տվել: Ըստ Էֆենդյանի` եթե անգամ այդպես է, շինթույլտվություն պետք է ունենան, իսկ եթե փաստաթուղթ ունենային` քաղաքապետարանը նրանց երկու անգամ չէր տուգանի:

 

«Հոգիներս դուրս եկավ նրանց հետ: Երբ ասում ենք` ապօրինի գործ եք անում, ասում են` մենք ընդդիմադիր ենք: Հա, հասկացանք, որ ընդդիմադիր եք, բայց այդ որտե՞ղ է գրված, որ ընդդիմադիրը պետք է օրենքը խախտի, և հետո` մինչև օրվա կեսն եք, էլի, ընդդիմադիր, հետո էլի իշխանամետ եք, չէ՞, լինելու: Ինձ համար` որպես Երևանի քաղաքացու, վիրավորական է նրանց նման պահվածքը: Դա՞ է օրինակելի պատգամավորը, որը ժողովրդից աշխատավարձ է ստանում»,- ասում է Էֆենդյանը:

 

Ի դեպ, վիճելի հողային տարածքի կապակցությամբ քանի որ հարցեր կային և՛ կադաստրի, և՛ քաղաքապետարանի, և' գույքի կառավարման վարչության հետ, որոշվել է դատական գործընթացում, որպես երրորդ կողմ, ներգրավել նաև այդ պետական մարմիններին:

 

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին: