Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Վերջին հանդիպումներից մեկը ՀՅԴ-ն հատուկ անցկացրեց Զեյթունում, ուր արդեն 43 տարի է, ինչ բնակվում է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Այսօր Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ռուստամյանը նշեց, որ ինքն իսկապես այս ընտրություններին շատ մեծ նշանակություն է տալիս, քանի որ դրանք, նախեւառաջ, շատ մեծ քաղաքական նշանակություն ունեն: Բացի այն բոլոր խնդիրներից, որոնց մասին խոսվել է ու ու դեռ կխոսվի, նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, տարբեր կենցաղսպասարկման, թաղային հարցերի, խնդիրների լուծումը մեկ կարեւոր հարցի մեջ է` այս բոլոր հարցերը չեն լուծվի, ու դժգոհությունը կպահպանվի, եթե ժողովուրդը չազատվի գոյություն ունեցող, բոլորին արդեն խեղդող մթնոլորտից, որ առաջացել է մենիշխանության պատճառով:
«Այս երկրում կա մի իրողություն, որից չենք կարողանում տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն ազատվել` կա միահեծան իշխանություն, գործող, իշխող կուսակցության ու պետության նույնացում: Սա բերել է նրան, որ մի 3-5 տոկոսը Հայաստանում, ովքեր մոտ են կանգնած նախագահի աթոռին, ապրում են լավ` գերհարստություն, ունեցվածք կուտակած, իսկ մնացածը հանձնված են բախտի քմահաճույքին: Այս միահեծան իրավիճակը, ամեն ինչի մոնոպոլիզացումը բոլոր ոլորտներում արտահայտված են: Սա տարածվել ու հասել է մինչեւ թաղեր, եւ ամենապարզ խնդիրները` աղբահանություն, ասֆալտապատում, թե տրանսպորտի խնդիր, հավատացե’ք, որ բոլորը կապված են այդ մոնոպոլիզացված վիճակի հետ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա կոչ արեց չհավատալ իշխանությունների այն ասածներին, թե իբր շատ են ուռճացնում ընդդիմադիր ուժերն ու թեկնածուները Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը, եւ սա շատ-շատ պետք է լուծի ասֆալտապատման, կենցաղսպասարկաման հարցեր: ՀՅԴ ցուցակի առաջատարը պարզաբանեց, որ դրա նպատակը շատ պարզ է` ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը զրոյացվի, իսկ դա նշանակում է` մարդիկ չեն մասնակցի ընտրություններին, կառաջանա մի իրավիճակ, որ ընտրազանգվածը կձեւավորվի բարեկամա-խնամիական, ծանոթ-ընկերական հարաբերությունների միջոցով: Իսկ այդտեղ կսկսեն աշխատել այն վարչա-ֆինանսական միջոցները, որ իշխանություններն ունեն, եւ հեշտությամբ կվերարտադրվեն, սահուն կերպով, անխափան կպահպանեն իրենց իշխանությունը Երեւանում:
Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Երեւանի ավագանու ընտրություններն այն ընտրություններն են, որով հնարավոր է հասնել նրան, ինչին չհասանք նախագահական ընտրություններում` իրավիճակը փոխել:
«Ես ձեզ իսկապես պատասխանատվությամբ ու համոզումով ասում եմ` այդ նույնը կարելի է անել` փոխելով քաղաքապետին»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Այնուհետեւ նա մանրամասն բացատրեց, թե ինչպես է դա հնարավոր ու իրատեսական: Վերջում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ ստում են նրանք, ովքեր ասում են, թե բոլորը նույն բանն են խոստանում, նույն ծրագրերն ունեն:
«Սուտ են ասում, նույնը չեն: Մեկը թող ասի, որ գալու են միանգամից մունիցիպալ ոստիկանություն ստեղծեն, չեն ասում: Միայն մենք ենք ասում: Մեկը թող ասի` ես եկա իշխանության, ինձ ընդդիմադիր քաղաքական ուժին կտրամադրեմ ինձ վերահսկելու լծակներ` չեն ասում: Մեկը թող գա ու ասի, որ երեւանցիների համար կարեւոր, գլխավոր հարցերը ես կդնեմ հանրաքվեի եւ երեւանցիների միջոցով այդ հարցերը կլուծեմ, չեն ասում: Եվ այդպես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել»,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը: