կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 16:09
Քաղաքական

Հուլիսի 1-ից պարտադիրի փոխարեն՝ նպատակային սոցիալական վճար. պետական հատվածի աշխատողների համար պարտադիր է

Հուլիսի 1-ից պարտադիրի փոխարեն՝ նպատակային սոցիալական վճար.  պետական հատվածի աշխատողների համար պարտադիր է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

 

Կառավարությունն հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

 

Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար ներդնել կամավոր` երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով:

 

2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարն այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է, որ ս.թ. հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: «Այս իրողությունը նաև նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը: Հանրությունը, Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան այս իրողությունը»,- շեշտել է վարչապետը: