կարևոր
3826 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-13 13:39
Հասարակություն

Ու՞մ մեղքով չենք կարդում և ու՞մ «մեղքով» կարդում. հարցումներ և տեսակետներ

Ու՞մ մեղքով չենք կարդում և ու՞մ «մեղքով» կարդում. հարցումներ և տեսակետներ

Վերջերս երիտասարդների շրջանում հաճախ ենք հանդիպում կարծիքների, ըստ որոնց իրենք նախապատվությունը տալիս են ժամանակակից գրականությանը։ Կարծես թե մերօրյա սերունդը փորձում է կրթվել երիտասարդ  գրողների գրվածքներով կամ էլ բեսթսելլերներով, որոնք այդ ժամանակահատվածում լայն տարածում ունեն։ Հարցումների միջոցով փորձելով ավելի հստակեցնել պատկերը՝ պարզեցինք, որ հարցվողների զգալի հատվածը կարդում է հայ դասականներին, օրինակ՝ Սևակ, Չարենց, Դեմիրճյան և այլն, մյուս մասը կարդում է համաշխարհային (նաև երիտասարդ) գրողների ստեղծագործություններ, օրինակ՝ Պաուլո Կոելյու, Ջոջո Մոյես, երիտասարդ հայ գրողների՝ Արամ Պաչյանի, Հովիկ Աֆյանի, Դավիթ Սամվելյանի և այլոց գործեր։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին ԿԳՄՍ-ն 20 դրամաշնորհ ունի, թարգմանական, գեղարվեստական և գրականագիտական, և դրանք չեն կարող բավարարել ժամանակակից գրականությունն ընթերցողներին ներկայացնելու պահանջը։

«Հարկավոր է պետական աջակցության ծրագրեր ներդրվեն, կամ էլ պետությունը մեկենասության օրենք ընդունի, որ դրա շնորհիվ զարկ տան գրողների գրքերի հրատարակմանը՝ դիմելով տարբեր հիմնադրամների, ինչպես դա արվում է շատ երկրներում»,- ասաց մեր զրուցակիցը։

Գրողների հանրահռչակման մասին խոսելիս նա նշեց, որ հարկավոր է համալսարանների բանասիրական ֆակուլտետներում գրողների և ուսանողների հանդիպումներ կազմակերպվեն: «Գոնե տվյալ համալսարանն ավարտած գրողի հրավիրեն քննարկման, համալսարանն ավարտում են՝ գրողի երես չեն տեսնում, հաճախ այս ամենը մնում է մեր՝ Գրողների միության ուսերին, և մենք ենք կազմակերպում գրական հանդիպումներ, քննարկումներ և այլն։ ժամանակակից գրականության ուսումնասիրությունը բուհերում ևս ինձ համար անհասկանալի է,  թե ի՞նչ չափորորշիչներով են ընտրվում որպես բուհական թեմա»,- փաստեց  Էդվարդ Միլիտոնյանը։

Գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի կարծիքով՝ ամեն ժամանակ ստեղծում է  իր  ընթերցողին, և այսօրվա երիտասարդությունը թե՛ դպրոցական, թե՛ բուհական գրականությունը փնտրում է  հեռախոսներով՝ մի  քանի  վայրկյանում:

«Նա  գիրքը  չի  շոշափում, չի լսում  նրա  ձայնը: Ընթերցողը  պետք  է ճանաչի իր գրողին անհատական մոտեցում  ցուցաբերելու համար: Գրողին ճանաչում  բերող գրողների միության ոչ  լիարժեք  աշխատանքի և հեռուստատեսությունների ֆինանսական մղումները արժեզրկեցին  ժամանակակից  գրողի դերը հասարակության մեջ՝ որպես  ազգային  գաղափարախոսության անձնվեր  քաղաքացու: Նախկինում դա  անում էր  պետությունը, որն  ուներ  իր գրողները, որոնք  դժվարին  պահերին պետության  կողքին  էին,   պետությունն  էլ  նրանց ապահովում էր ճանաչելի  դառնալ:  Այս  ամենով  հանդերձ`  ճշմարիտ  գրողին, ինչպես  Թումանյանին,  Րաֆֆուն, Չարենցին ու Սևակին ազգը  միշտ սիրել է  ու կսիրի։ Չկա  ժամանակակից գրող, կա պարզապես գրող, ով  ձեռքը ժամանակի ու ժողովրդի զարկերակին պետք է միշտ պահի: Հարկավոր  է գտնել այդ  գրողներին, նրանք  քիչ  են,  բայց  կան, մեր  կողքին  են»,- ասում է գրողը։ 

«Կան մարդիկ, ովքեր ասում են՝ եթե լավ գրեինք, ընթերցող կունենայինք: Ես չեմ ընդունում նման մոտեցումը: Ինչու՞, ասե՛մ: Որովհետև այսօր էլ ստեղծվում է բավականին հետաքրքիր գրականություն, թե արձակ, թե չափածո: Կարևորը՝ կա թարմություն ու խիզախում: Բայց մարդիկ, ցավոք սրտի, թափառում են համացանց կոչվող տարածքում՝ հաճախ նաև մոլորվելով այնտեղ: Եվ լուրջ գրականությունը մղվել է երկրորդ պլան՝ դառնալով եզակի մարդկանց մենաշնորհը: Կարճ՝ խառնաշփոթ է, իրարանցում, մենք անընդհատ ինչ-որ բաներ ենք կորցնում»,- նշում է գրող, Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ, ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը։

Գրող Դավիթ Սարգսյանն էլ ունի իր տեսակետը, ըստ որի՝ այսօրվա գրականությունն իմանալու համար, պետք է մեր մեծագույն գրողների՝ հայ դասականների գրվածքներն իմանալ:

«Ես չեմ տեսնում ժամանակակից այնպիսի գրողի, ով կարող է բանաստեղծության  մեջ փոխարինել Չարենցին, արձակի կամ չափածոյի մեջ Րաֆֆուն կամ Բակունցին։ Մի՞թե նրանք կարող են ավելի ընկալելի իրականության մասին գրել ինչպես, գրել է օրինակ Դեմիրճյանը»,- նշում է Դավիթ Սարգսյանը։

Երիտասարդ գրող Օֆելի Դալաքյանն էլ կարծում է, որ ընթերցող-գրող կապն ընդհատված չէ, քանի որ ընթերցողները ելքեր գտնում են իրենց սիրելի հեղինակի հետ հանդիպելու համար, շատ հաճախ մանկավարժները կամ գրադարանավարները կազմակերպում են այդպիսի հանդիպում-քննարկումներ։ 

«Ինձ նույնպես տարբեր համալսարաններից, դպրոցներից, գրադարաններից ու քոլեջներից հրավիրում են նմանօրինակ հանդիպումների: Երիտասարադության որոշակի հատված միշտ եղել է, որ չի կարդացել ու չի կարդալու: Այսինքն, այդ ամենը ժամանակով պայմանավորված չէ, սակայն իրենց կողքին ունենք շատ կարդացող երեխաներ, կարծում եմ, որ կարելի է հենց իրենց առանձնացնել»,-ընդգծեց գրողը։

Գրող Հովիկ Աֆյանի կարծիքը կրկնվող է՝  գրող-ընթերցող կապն ընդհատված չէ ու չի լինի, քանի դեռ մի հոգի կա աշխարհում, որ գրում է, ու կա մեկը, որ գիրք է կարդում: 

«Նորմալ է, որ երիտասարդության որոշակի հատված չի կարդում, ճիշտ այնպես, ինչպես նորմալ է, որ տարեցների կամ միջին սերնդի որոշակի հատված չի կարդում: Իսկ գրախանութներում գրքերի մեծաքանակ հատված մնում է գրադարակներում ոչ միայն այն պատճառով, որ երիտասարդ գրողները ճանաչելիության խնդիր ունեն, քանի որ այդ գրադարակներում մնում են նաև ոչ երիտասարդ գրողների գրքեր, ավելին՝ հաճախ երիտասարդ գրողներն ավելի լավ են կարողանում վաճառել իրենց գրքերը, քան ոչ երիտասարդները: Այստեղ, անկեղծ ասած, այդքան էլ մեծ խնդիր չեմ տեսնում, քանի որ գրախանութների գրադարակները հենց նրա համար են, որ դրանց վրա միշտ շատ գրքեր լինեն: Այլ հարց է, որ գրողներին ու կրկին՝ ոչ միայն երիտասարդ, չեն ճանաչում, ու նորից՝ ոչ միայն երիտասարդները: Թե ինչու է այդպես՝ չգիտեմ, գիտեմ, որ տարբեր վարկածներ կան, ըստ մեկի, օրինակ, «լավ գրողը մեռած գրողն է», ըստ մյուսի, օրինակ, հիմա լավ չեն գրում: Իսկ ո՞վ ասաց, որ մարդիկ չեն կարդում: Եթե դուք կարող եք ցույց տալ տասը մարդ, որ չի կարդում, ես կարող եմ տասնհինգին ցույց տալ, որոնք կարդում են, ընդ որում՝ ամեն օր ու լավ գրականություն», - հավաստեց Հովիկ Աֆյանը:

 

 

Անժելա Սեդրակյան

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին, 3-րդ կուրս