Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում ամփոփել են ՌԴ-ում միջխորհրդարանական հանդիպման աշխատանքները:
«Անհրաժեշտություն կար աշխուժացնելու հայ-ռուսական տնտեսական կապերը, ուսումնասիրելու, թե ինչ խոչընդոտների են հանդիպում մեր տնտեսվարողները ՌԴ-ում, կամ ինչ հնարավորություններ կան նրանց համար ՌԴ շուկայում: Եղան առաջարկներ, որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, փորձել բարելավել օրենսդրական դաշտն ու տնտեսական քաղաքականությունը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ըստ նրա` աշնանային նստաշրջանում հանձնաժողովի պատգամավորները հանդես կգան ամբողջական առաջարկներով:
Լրագրողների հարցին` ի՞նչ հայ-ռուսական բարեկամության մասին է խոսքը, եթե ունենք «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեծ թափով զինում է Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, և երբ կան այնպիսի ստորացնող հայտարարություններ ռուսաստանցիների կողմից, ինչպիսին Կիսելյովի հայտարարություններն էին, Նաղդալյանը պատասխանեց, որ, իհարկե, տարբեր կերպ կարելի է մեկնավանել հայ-ռուսական բարեկամությունը:
«Գույք պարտքի դիմաց» ծրագիրը մենք մեկնաբանում ենք որպես մեզանից վերցված գույք, երբ համատեղ ծրագիրն իրագործելը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան եթե այդ գույքը Հայաստանը փորձեր շահագործել: Ռուսաստանը եղել և մնում է մեզ համար գլխավոր ռազմավարական գործընկեր: Գլխավոր խնդիրները անվտանգության խնդիրներն են, և սա պետությունների քաղաքականություն է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը նշեց, որ Հայաստանն ունի էներգետիկ անվտանգության խնդիր, ԼՂ խնդիր:
«Այնպես չէ, որ Հայաստանը ամբողջովին կախվածություն ունի Ռուսաստանից, բայց այնպես էլ չէ, որ Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի, որևէ մեկ այլ երկիր կարող է փոխարինել: Ունենք մեծ սփյուռք, տնտեսական կապեր, և համեմատականներ անցկացնելով` պետք է գնահատականներ հնչեցնել: Որպես ռազմավարական գործընկեր` Ռուսաստանի դերն ու նշանակությունը ես չէ, որ պետք է ասեմ, նաև կան անվտանգության խնդիրներ: Մենք բարձրացրել ենք Ադրբեջանին վաճառվող զենքի վերաբերյալ մտահոգությունները, նրանք ասացին, որ բոլոր դեպքերում տարածաշրջանում չի կարող հավասարակշռությունը խախտվել»,- ասաց նա:
Հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ բուն հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացվել է այդ հարցը և բանավեճ է ընթացել, եղել են ռուս պաշտոնյաների կարծիքներ, որ իրենք էլ են անհանգստացած, որ զենքի վաճառքն անցնում է սահմանը և կարող է վտանգավոր լինել, բայց եղան հայտարարություններ, որ ռազմական հավասարակշռությունը վերահսկվում է, և Հայաստանը անհանգստանալու խնդիրներ չունի: