կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 19:39
Քաղաքական

Պետք է ՀԱՊԿ անդամի կողմից մյուսի անվտանգությանը սպառնացող երկրին զենքի վաճառքն արգելող փաստաթուղթ մշակվի

Պետք է ՀԱՊԿ անդամի կողմից մյուսի անվտանգությանը սպառնացող երկրին զենքի վաճառքն արգելող փաստաթուղթ մշակվի

ՀԱՊԿ շրջանակներում գործում են այնպիսի միջազգային պայմանագրեր ու արձանագրություններ, որոնք թույլ չեն տալիս ՀԱՊԿ անդամներին իրենց տարածքում տեղակայել երրորդ երկրների ռազմաբազաները, եթե ՀԱՊԿ անդամներից գոնե մեկը դեմ է արտահայտվում այդպիսի ռազմաբազայի տեղակայմանը: Պետք է մշակել միջազգային այնպիսի համաձայնագիր, որը, օրինակ, կարգելի ՀԱՊԿ անդամ երկրի կողմից սպառազինությունների վաճառքը երրորդ երկրների, որոնք ՀԱՊԿ անդամ չեն համարվում, երբ թեկուզ ՀԱՊԿ անդամ մեկ երկիր դեմ լինի այդ վաճառքին. Նախիջեւանի ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղակայված հայկական հենակետում լրագրողներին ասաց ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին:

 

Նա կարծիք հայտնեց, որ առաջիկայում այդ հարցը կմշակվի, քանի որ նման հարց է բարձրացրել Հայաստանի Հանրապետությունը: Լրագրողները Ա. Վիբորնիից հետաքրքրվեցին, թե ի՞նչ պետք արվի, որպեսզի, օրինակ, բացառվի ՀԱՊԿ` մուսուլմանական ազգաբնակչություն ունեցող երկրի կողմից Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալու դեպքում Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելը` որպես մուսուլմանական երկիր:

 

«Մենք կատեգորիկ դեմ ենք ցանկացած կոնֆլիկտի, որի հիմքում ազգային անհանդուրժողականությունն է կամ ազգային ժխտողականությունը: Դա եղել է ԽՍՀՄ-ի նորմ, եւ մենք, որպես ԱՊՀ անդամ երկիր, որպես բազմազգ երկիր, այն դիրքորոշման կողմնակիցն ենք, որ բացառվի անգամ ազգամիջյան թշնամանքի սպառնալիքը: Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, ինչպիսի մարդկյային եւ այլ կորուստների կարող է այն հանգեցնել, հատկապես` ազգամիջյան թշնամանքի դեպքում: Մենք այսօր եղանք Ծիծեռնակաբերդում' հարգելու մեկ դարի վաղեմություն ունեցող դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Այդ դեպքերը' Հայոց ցեղասպանությունը, եղել են 1915 թվականին: Ե'վ Հայաստանը, ե'ւ Ռուսաստանն այդ փաստերը գիտեն, գիտեն թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի հիմքում եւս ընկած էր ազգամիջյան թշնամանքը, քանի միլիոն անմեղ քաղաքացի է զոհվել: Դրա համար մենք հաշվի ենք առնում պատմության այդ դասերը եւ ամեն ինչ անում ենք, որ դրանք չկրկնվեն»,- ասաց Անատոլի Վիբորնին:

 

Նա հավելեց, որ իրենք, որպես խորհրդարանականներ, հնարավորություն ունեն իրենց երկրների ղեկավարներին միջնորդել, որպեսզի ընդունեն այնպիսի որոշումներ, որոնք համապատասխանում են հասարակությունների պահանջներին:

 

 

Այս առումով ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հավելեց, որ երեկ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամները երեկ քննարկել են շատ կարեւոր հարց.

 

«Որ ՀԱՊԿ անդամ մի երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը դիտարկվի որպես սպառնալիք հավաքական անվտանգության ամբողջ համակարգին: Մենք այժմ մշակում ենք այդ հարցի քաղաքական լուծումները: Ու հենց այն պատճառով, որ ՀԱՊԿ-ն կոլեկտիվ անվտանգության կազմակերպություն է, պետք է այնտեղ քննարկվեն հենց կոլեկտիվ անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասաց Խոսրով Հարությունյանը' հավելելով, որ այդ դեպքում արդեն նման շատ հարցեր օրակարգից դուրս կգան: