կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-13 11:48
Աշխարհ

ԱՄՆ-ում առևտրի կենտրոնը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությանը նվիրված շապիկների վաճառքն արգելելու համար

ԱՄՆ-ում առևտրի կենտրոնը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությանը նվիրված շապիկների վաճառքն արգելելու համար

ԱՄՆ Գլենդել քաղաքում «Ամերիքանա»- առևտրի կենտրոնի տնօրինությունը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությանը նվիրված շապիկների վաճառքն արգելող` իր որոշման համար՝ պնդելով, որ դա եղել է «ցավալի թյուրիմացության հետևանք». տեղեկացնում է Asbarez-ը:

 

Ըստ կայքի՝  տնօրինությունը շապիկների ցուցադրումն արգելելու համար ներողություն է խնդրել առևտրի կենտրոնում խանութ վարձողներ Թինա Ջուլճյանից, Ալեքս Քոտակոլյանից և Արմին Հարիրիից, ովքեր իրենց «Shop1915.com» կայքում վաճառվող շապիկները որոշել էին վաճառել տվյալ խանութում: Սակայն «Ամերիքանա»-ի տնօրինությունը, առանց արդարացուցիչ պատճառ ներկայացնելու, փորձել էր արգելել այդ շապիկների վաճառքը՝ պնդելով, որ այդ կապակցությամբ «բողոքներ են ստացել»:

 

Այս կապակցությամբ մարտի 9-ին Հարութ Սասունյանը գրել էր հոդված՝ դատապարտելով այս արարքն ու այն տարրական իրավունքների ոտնահարում համարելով: 

 

Խանութը վարձող անձինք խորհրդակցել են իրավաբանի հետ, ով հաստատել է, որ
«Ամերիքանա»ի արարքն ապօրինի է, սակայն միաժամանակ հանձնարարել է ենթարկվել հրահանգին՝ նկատի ունենալով, որ դատարան դիմելու դեպքում «Ամերիքանա»-ն իրավաբանական ուժեղ խմբով պաշտպանելու է իր շահերը։

 

Հոդվածի վերջում Սասունյանը կոչ էր արել հայ համայնքին և պետական պաշտոնյաներին` «Ամերիքանա»-ի վրա ճնշում բանեցնելով՝ ուղղել այս անարդարությունը: