կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-14 12:48
Իրավական

Ոստիկանությունը՝ օրերս Երևանում հնչած կրակոցների հեղինակների մասին

Ոստիկանությունը՝ օրերս Երևանում հնչած կրակոցների հեղինակների մասին

 Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել օրերս Երեւանի Ուլնեցու փողոցում հնչած կրակոցների հետաքննության վերաբերյալ.

 

«Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին` ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել էին փորձաքննություններ:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին էր ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:

 

Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությանը մասնակցել են նաև 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն և 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն:

 

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ: Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Գոռ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է»: