կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 18:20
Առանց Կատեգորիա

Ինչու է Նախիջևանը վերածվում հակամարտության նոր օջախի

Ինչու է Նախիջևանը վերածվում հակամարտության նոր օջախի

Նախորդ օրվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները չէին դադարում տեղեկատվություն հրապարակել այն մասին, որ Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ գյուղին հարակից սահմանային շփման հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև, ինչի պատճառով գյուղի բնակիչները հարկադրված են եղել լքել բնակավայրը: Ռուսական «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին, նույնիսկ գրեց, թե մարտերն սկսվել են այն պատճառով, որ հայկական ուժերը հարձակվել են Լաքաթաղ գյուղի վրա: Խոսվում էր նաև ադրբեջանական կողմից մարդկային կորուստների մասին: Ըստ ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցի` հարձակողական գործողությունների դիմած հայկական ուժերը, իբր, կրակը դադարեցրել են միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը ռազմական ուղղաթիռներ է օդ բարձրացրել:

 

Թեեւ տարածվող լուրերը պաշտոնապես հերքվում էին միաժամանակ թե' Հայաստանի և թե' Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների կողմից, սակայն տեղեկատվության հոսքը չէր դադարում: Այն, որ, ի պատասխան հունիսի 5-ին Նախիջևանի հետ շփման գծում դիպուկահարների կրակոցներից երկու հայ զինծառայողների սպանությանը, հայկական կողմն անցնելու էր պատժիչ գործողությունների, որևէ կասկած չէր հարուցում: Դա պաշտպանության այն նոր մարտավարությունն է, որ որդեգրել են Հայաստանի և ԼՂՀ-ի զինված ուժերը: Դրա մասին բաց տեքստով նախազգուշացրել էր նաև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Սակայն Ադրբեջանը և Ռուաստանը ոչ պաշտոնական մակարդակով ակնհայտորեն իրողությունները ներկայացնում էին խտացված գույներերով, ինչը պատահական լինել չէր կարող:

 

Նախիջևանյան ուղղությունը նախահարձակ լինելու տեսանկյունից հայկական կողմի համար ստրատեգիապես ամենաաննպատակահարմար ուղղությունն է` հաշվի առնելով, առաջին հերթին, այդ շրջանի առանձնահատուկ կարգավիճակը Թուրքիայի համար, ի դեմս Նախիջևանի` երկրորդ ճակատը չստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև գործողությունների մոտիկությունը քաղաքամայր Երևանին և խիտ բնակեցված Արարատյան դաշտին: Այնտեղ հայկական կողմը կարող էր միջոցներ ձեռք առնել` դիրքերն ավելի ամրապնդելու, դրանով ինչ-որ իմաստով նաև հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու և խուճապային տրամադրություններ հրահրելու նպատակով: Սակայն դժվար է հավատալ, որ հայկական զինված ուժերը կարող էին մարտական ինտենսիվ, ճակատային երկարատև գործողություններ սանձազերծել: Հետևաբար, նախիջևանյան հատվածում իրավիճակը սրելուն միտված տեղեկատվական ուղղորդված հոսքերի ապահովումը արվել է միտումնավոր, որը կարող էր հետապնդել մեկ հիմնական քաղաքական նպատակ` հակամարտության կամ առնվազն դրա կարգավորման պրոցեսի մեջ ներքաշել մի կողմից` Թուրքիային, մյուս կողմից` Ռուսաստանին` հաշվի առնելով, որ լարվածության էսկալացիան տեղի է ունենում հենց ռուսական ռազմաբազայի վերահսկողության գոտու անմիջական հարևանությամբ: Որ դա միանգամայն հնարավոր է, վկայում է օրեր առաջ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի այն հայտարարությունը, որ եթե Նախիջևանում ինչ-որ լուրջ բան լինի, Ռուսաստանն անպայման կարձագանքի:

 

Ակնհայտ է, որ այն պահին, երբ Ռուսաստանը և Թուրքիան իրենց իրավունք վերապահեն դիվանագիտական քայլերի դիմել, նախիջևանյան ուղղությամբ հետագա սրացումները կանխելու նպատակն օգտագործելով, Ղարաբաղյան հակամարտությունը դադարելու է լոկալ բնույթ ունենալուց և ձեռք է բերելու տարածաշրջանային ընդգրկում` դրանից բխող բոլոր հետանքներով: Իսկ առաջին լրջագույն հետևանքը, գոնե քաղաքական և դիվանագիտական առումով, լինելու է ռուս-թուրքական ակտիվացման գործոնով թելադրված` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատին հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից դուրս մղելը:

 

Թերևս հենց այս վտանգն զգալով էր պայմանավորված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի կողմից Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին բանակցելու համար կրկին հանդիպելու առաջարկների հնչեցումը, որոնք մերժվում են Բաքվի կողմից: Հետևաբար, հարց է առաջանում, թե հատկապես ո՞ւմ է ձեռնտու իրադարձությունների` հենց այս սցենարով զարգացումը:

 

Ադրբեջանը չի թաքցնում Նախիջևանը հակամարտության նոր, թեժ գոտու վերածելու հարցում իր շահագրգռությունը և այդ առումով շրջանին ռազմավարական նշանակություն է տալիս: Դրանով էր պայմանավորված Նախիջևանում առանձին համազորային բանակ ստեղծելու` նախագահ Ալիևի հրամանը, այդ բանակը ժամանակակից զինտեխնիկայով շարունակաբար համալրելը: Բաքվում և Անկարայում լավ են հասկանում, որ եթե նոր պատերազմի ուղղությունը տեղափոխվի Նախիջևան, բնական է դիտարկվելու Թուրքիայի ակտիվացումը և միջնորդական դերակատարության ստանձնումը: Սա նաև հրաշալի հնարավորություն է լինելու Ռուսաստանի համար` ցույց տալու Հայաստանի նկատմամբ` անվտանգության երաշխավորի իր պարտականությունները կատարելու «պատրաստակամությունը», որի հիմքը կազմելու է, սակայն, ոչ այնքան Հայաստանի, որքան ռուսական տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահը: Իսկ այդ շահը ներկայումս թելադրում է, որպեսզի թե' Հայաստանը և թե' Ադրբեջանը, ռուսական ինտեգրացիոն նախագծերից բացի, ընտրության այլ հնարավորություններ չդիտարկեն: Այս տեսանկյունից լրիվ հասկանալի է դառնում նաև «Ռեգնում»-ի կողմից իրողություններն այլ լույսի ներքո մատուցելու` ընդգծված մոտեցումը: Այս ամիս Ադրբեջան, ապա նաև Հայաստան է այցելելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս այցի սեղմագրումից և ամփոփումից էլ պարզ կդառնա, թե դեռ որքան ու ինչպիսի ջուր է տանելու նախիջևանյան այս խմորը:

 

Գևորգ Դարբինյան