կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 19:55
Քաղաքական

Պահանջագրով ի՞նչ է ուզում քառյակն իշխանությունից և ինքն իրենից

Պահանջագրով ի՞նչ է ուզում քառյակն իշխանությունից և ինքն իրենից

Ոչ իշխանական քառյակը երկար քննարկումներից ու կուլիսային բանավեճերից հետո վերջապես հրապարակեց իշխանությանը ներկայացվելիք 12 կետանոց պահանջները: Դրանց բնութը, ուղղվածությունը և հատկապես` կոնկրետությունը ինքնին արդեն բացատրում են, թե ինչու այսքան ուշացավ դրանց շուրջ քաղաքական ուժերի կոնսենսուսը:

 

Սովորաբար, Հայաստանում շատ ավելի հեշտ է լինում ընդհանուր հայտարարի գալ ընդհանրական, այսպես կոչված` դեկլարատիվ բնույթի ձևակերպումների շուրջ, որոնց գործնական կիրառության խնդիրը մղված է բացարձակապես երկրորդ պլան: Եվ այս տեսակետից քառյակի պահանջների կոնկրետությունը նշանակում է, որ գոնե ընդհանուր մոտեցումներ որդեգրելու հարցում այս ուժերը կարողացան հաղթահարել մի չափազանց կարևոր արգելք ևս, ինչն ինքնին բարձրացնում է թե' այդ պահանջների և թե' դրանց թիկունքում կանգնած ուժերի համախմբման քաղաքական և հանրային կշիռը: Որքան դրանք կարելի է իշխանությանն ուղղված պահանջագիր համարել, նույնքան էլ, թերևս, դրանց շուրջ կոնսոլիդացվելուն ուղղված առաջարկ-խնդրագիր` հասարակությանը: Այլ կերպ ասած` քաղաքական ուժերը նորից փորձ են անում դառնալ ոչ այնքան նեղ կուսակցական կամ խմբակային, որքան հանրային հետաքրքրությունների ու պահանջների «իրավատերը»:

 

Խնդիրն այն է, որ պահանջների չճնշող մեծամասնությունը սոցիալ-տնտեսական ուղղվածություն ունի և ուղղակիորեն առնչվում է երկրի, հասարակության և տնտեսության ամենախոցելի, թիրախային խնդիրներին ու մարտահրավերներին: Դրանց մի մասը կարճաժամկետ ազդեցություն ունեցող պահանջներ են, ինչպես, օրինակ, առանց Ազգային ժողովի համաձայնության` Որոտանի ՀԷԿ-ի գույքի վաճառքի կասեցմանը, «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցներին կուտակված պարտքերը մարելու, գյուղմթերքների արտադրության և ոռոգման ջրերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները մեծացնելու մասին կետերը: Դրանք սոցիալական և հասարակական կոնկրետ շահառու խմբերին այս պահանջների ներքո համախմբելու լուրջ ներուժ ունեն:

 

Սակայն պահանջների մյուս մասն ակնհայտորեն համակարգային նշանակության է և իրական հասցեատիրոջ` իշխանության համար շատ ավելի ցավոտ այն իմաստով, որ ուղղակիորեն հարվածում է նրա վերարտադրման, անվերահսկելիության գործոններին: Դրանցից են 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու, ընտրություններին փաստացի մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու, ընդդիմությանը կառավարման վերահսկողական լծակներ տրամադրելու, մենաշնորհների դեմ օրենք ընդունելու մասին կետերը: Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ քառյակի` բավարար հետևողականության և պահանջատիրության դրսևորման պարագայում հենց այս կետերի հարցում են լինելու հիմնական բախումները իշխանության հետ:

 

Սակայն ամենակարևորն այն է, որ պահանջները իշխանության կողմից մանիպուլյացիայի ենթարկվելու և, ըստ էության, բովանդակազրկվելու չափազանց քիչ տեղ են թողնում: Մի հանգամանք, որը բնորոշ է եղել նախկին նմանատիպ գործընթացներին և իշխանություններին ներկայացվող պահանջներին: Դրա ամենաթարմ օրինակը վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելն էր, որի հենքի վրա քառյակը մի ամբողջ ռազմավարություն էր մշակել, որն ուղղակի մեկ րոպեում փուլ եկավ, երբ նախագահը, քառյակից առաջ ընկնելով, ինքը նախաձեռնեց Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը և քառյակին թողեց կատարված փաստի առջև: Այս պահանջներում նման հնարավորության տեղ թողնող կետերը շատ քիչ են: Ըստ էության` իշխանությունը հայտնվում է դրանք կատարելու կամ մերժելու երկընտրանքի առջև:

 

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ դրանցից որ ճանապարհով էլ իշխանությունը գնա, որոշումներն ընդունվելու են հօգուտ հանրային շահի և քառյակի: Եթե այն ընդունում է առաջարկությունները, ինչը չափազանց անիրատեսական է թվում այս պահին, ապա գործնականում հնարավորություն է ստեղծվում լուծելու ներկայիս ամենահրատապ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները: Եթե մերժում է, նախ ապացուցում է իրավիճակը ոչ համարժեք գնահատելու և բացառապես պոպուլիզմով զբաղվելու պրակտիկան շարունակելուն հակվածությունը, երկրորդ` դրանով նպաստում է քառյակի ձևաչափի` որպես քաղաքական գործոնի ուժեղացմանը և հանրայնացմանը, որը կրկին աշխատում է իշխանության դեմ:

 

Այս երկընտրանքից խուսափելու կամ դրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար իշխանությունն ընդամենը մեկ, բայց բազմիցս փորձված և իրեն արդարացրած ճանապարհ ունի` ընտրանքային մոտեցում ցուցաբերել պահանջներին և առաջարկել լուծումների գնալ այն կետերում, որոնք իր համար համեմատաբար պակաս ցավոտ կլինեն: Որպես կանոն` իշխանությունը փորձում է դա իրագործել` այլընտրանքային և հիմնականում շատ ավելի ընդհանրական և լղոզված տարբերակներ, լուծումներ առաջարկելով` հույս ունենալով, որ կարող է պահանջագրերը ներկայացնող քաղաքական ուժին կամ ուժերին ներքաշել դրանց շուրջ անիմաստ ու ոչ մի տեղ չտանող քննարկումների և դրանով արժեզրկել թե' այդ ուժերին և թե' նրանց պահանջներն` ինքնին: Այսինքն` շեշտը դրվելու է հանրության շրջանում թե' քառյակի և թե' նրա պահանջագրի նկատմամբ հասարակության անվստահություն հարուցելու մեթոդների վրա: Հետևաբար, ողջ հարցն այն է, թե որքանով են քառյակի ուժերը պատրաստ նման մանիպուլյացիոն հնարքներին դիմակայելուն և իշխանության հերթական ծուղակը չընկնելուն:

 

Նման ռեսուրսը չափազանց փոքր է: Ավելի հավանական է թվում քառյակի որոշ ուժերի կողմից իշխանությանն ընդառաջելու տարբերակը: Բայց սա փորձություն է, որին ինքն իրեն ենթարկում է քառյակը: Եվ այս իմաստով որքան նման պահանջների առաջադրումը խնդրահարույց է իշխանության համար, նույնքան էլ քառյակի` դրանց նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու առումով: Օրինակ` հարց է առաջանալու` եթե իշխանությունն առաջարկի համագործակցել այդ կետերից միայն մի քանիսի շուրջ, քառյակը համաձայնելո՞ւ է դրան, թե՞, այնուամենայնիվ, այդ պահանջները դիտարկում է որպես ընդհանրություն, այսինքն` միասնական մի փաթեթ, որը կա'մ ընդունվում է ամբողջությամբ, կա'մ մերժվում է ամբողջությամբ:

 

Եթե այս հարցում մանևրումներ լինելու են, ապա դա առաջին հերթին հարվածելու է հենց քառյակին` հասկանալի դարձնելով, որ այստեղ թելադրողը ոչ թե քաղաքական սկզբունքներն են, այլ իշխանության հետ անձնական և, այսպես կոչված, բիզնես շահերի սպասարկումը: Այլ կերպ ասած` քառյակն ինքն իրեն կանգնեցնում է լինել-չլինելու երկընտրանքի առջև, որը որոշվելու է հետևողականության, գործողությունների տրամաբանվածության և սկզբունքայնության հարթություններում:

 

Հաշվի առնելով այն փաստը, որ ողջ քաղաքական դաշտը գնում է դեպի 2017 և 2018 թվականների համապետական ընտրություններ և իշխանության թելադրանքով արդեն իսկ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, նման փորձությանը չդիմանալը կարող է կործանարար լինել նրանց բոլորի և առանձին վերցրած յուրաքանչյուրի համար:

 

Գևորգ Աղաբաբյան