կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-22 18:09
Առանց Կատեգորիա

Բոլորն ուզում են աշխարհը փոխել, ու ոչ ոք չի ուզում սկսել իրենից. Ժասմեն Ասրյան

Բոլորն ուզում են աշխարհը փոխել, ու ոչ ոք չի ուզում սկսել իրենից. Ժասմեն Ասրյան

Հարցազրույց  թիվ 3 ընտրատարածքում ՀՅԴ պատգամավորության թեկնածու Ժասմեն Ասրյանի հետ

Ժասմեն Հովհաննեսի Ասրյանը ծնվել է 1949թ. հուլիսի 28-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ)  Մարտակերտի շրջանի Վանք (Գանձասար) գյուղում: Մայրական կողմից նա սերում է Հասան-Ջալալյանների տոհմից (Իսաջան-Բեկ Հասան Ջալալյանի ծոռնուհին  է): Հավատարիմ մնալով տոհմական վաղնջական ավանդույթին` Ժասմենը շարունակում է ազգանվեր գործունեությունը: Հայրը՝ Հովհաննես Ասրյանը, նույնպես ազգի նվիրյալներից էր. Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, դաժան փորձություններից հետո հայտնվելով Ֆրանսիայում,  առանց վարանելու դարձել էր ֆրանսիական Դիմադրության շարժման անդամ ու ֆաշիզմի դեմ պայքարը շարունակել Միսաք Մանուշյանի ջոկատում: Ժասմենը 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և, որպես   դերասան, աշխատանքի անցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Շնորհաշատ դերասանուհուն հանդիսատեսը լավ է հիշում Քլեայի  (Ֆիգեյրեդո «Եզոպոս»), Ուրանիա (Պսաֆաս «Հիմարից հիմարը»), Սյուզոն  («Ութ սիրագորով կանայք»), Վարդուհի (Արամ-Աշոտ Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ»), Զառա (Երիցյան «Իմ զոքանչը»), Մարիամ Գյուլ ( Ա. Բարսեղյան «Պըլը Պուղի») և այլ գլխավոր կերպարներում:

Ժասմեն Ասրյանը ՀՀ Հանրային խորհրդի Ազգային արժեքների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահն է: Նա զբաղված է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդում է արվեստի պատմություն: Պատգամավորության թեկնածուն ամուսնացած է, ունի երկու դուստր և չորս  թոռ: Նա Հայաստանում միակ դերասանուհին է, ով ազգանվեր գործունեությամբ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմին: Եվ պատահական չէ, որ ոչ դաշնակցական դերասանուհին ընդգրկվել է ՀՅԴ և´ համամասնական, և´ վարկանիշային ցուցակներում: Այս առիթով էլ հանդիպեցինք դերասանուհու հետ:

-Ինչո՞ւ Դաշնակցություն:

- Ըստ իս` ազգային նկարագիր ունեցող յուրաքանչյուր հայի մեջ նստած է Դաշնակցության ոգին, այսինքն՝ ազգայինը: Հիշում եմ՝ դեռ խորհրդային ժամանակից, դպրոցական տարիներիս էլ, եթե որևէ մեկն ազգասիրական ելույթներ էր ունենում, անմիջապես բնորոշում էին՝ «դաշնակցական է»: Մինչ Արցախյան շարժումն էլ ինձ բոլորը դաշնակցական էին անվանում իմ ազգասիրական դրսևորումների համար: Ես ՀՅԴ անդամ չեմ, սակայն Արցախյան շարժման սկզբից ևեթ, առնչվելով ՀՅԴ անդամների հետ, համոզված էի, որ հայրենիքի ու ազգի պաշտպանությունն ու անվտանգությունը պետք է վստահել միմիայն ՀՅԴ-ին: Այս էր պատճառը, որ անվարան համաձայնեցի, երբ նրանցից առաջարկություն ստացա: Ի դեպ, այս առաջարկությունը միակը չէր, մինչ այդ այլ քաղաքական ուժերից էի առաջարկություն ստացել, որոնք մերժել էի: Եթե վերլուծենք ՀՅԴ անցած ուղին և ներկայի գործունեությունը, ապա կհամոզվենք, որ 127-ամյա կուսակցությունն առանձնանում է իր անշահախնդրությամբ ու ազգանվեր կեցվածքով:

- Ձեր ծրագրային դրույթներից  ո՞րը կառանձնացնեիք, Ձեր ծրագիրը  կրկնո՞ւմ  է ՀՅԴ ծրագիրը:

-Չի կրկնվում, թեև ես ամբողջությամբ ընդունում եմ ՀՅԴ ծրագիրը: Կարևորը գաղափարախոսության ընդհանրությունն է, ասել է, թե մենք նույն ուղղությամբ ենք նայում:

- Ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը ԱԺ-ում:

- Չեմ տարբերակում քայլերի հերթականությունը: Հավատարիմ մնալով էությանս ու սկզբունքներիս` առանց առանձնացնելու քայլերս, պարտավոր եմ ծառայել երկրիս ու ժողովրդիս:

- Ձեր կարծիքով որքա՞ն ձայն կհավաքի ՀՅԴ-ն:

-Քարոզարշավի ընթացքում նկատելի է, որ մեծ է ընտրողների հետաքրքրությունն ու վստահությունը ՀՅԴ-ի նկատմամբ: Նրանք, Դաշնակցությանը համեմատելով այլ կուսակցությունների հետ, առանձնացնում են կուսակցության կեցվածքը, գրագետ պատգամավորներ ունենալը և նրանց անբիծ դիմագիծը: Չեմ կարող ասել` քանի տեղ կունենանք, բայց վստահ եմ, որ ավելին կլինի, քան նախորդ գումարման ժամանակ էր:

-Մտնում եք մեծ քաղաքականություն, ի՞նչ եք կարծում, ՀՀ-ն պե՞տք է ճանաչի Արցախի անկախությունը, թե՞…

 -Պարտավոր է ճանաչել, բայց նախորդող դիվանագիտական քայլեր են անհրաժեշտ՝ միջազգային օրենքներին համապատասխան: Ավելին՝ ՀՀ-ն  միջազգային կառույցներում ու տարբեր պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններում Արցախին վերաբերող  հարցերում չպետք է հանդես գա Արցախի Հանրապետության փոխարեն: Արցախի Հանրապետությունն էլ չպետք է թույլատրի որևէ մեկին իր փոխարեն հանդես գալ: Ի վերջո, հրադադարի պայմանագիրը կնքվել է Արցախի Հանրապետության (ԼՂ), Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև:

-ՀՀ-ն ունի՞ արտաքին քաղաքականություն:

 - Չափազանց թույլ է այն: Գտնում եմ, որ արտաքին քաղաքականության մեջ մեծ ձեռքբերումներ կունենայինք, եթե ԱԳՆ-ն դաշնակցական ղեկավարեր: ՀՅԴ-ի ներուժն ու ունեցած  կապերն այդպես էլ արժանվույն չգնահատվեցին անկախացած  Հայաստանի Հանրապետությունում:

-Բոլորը բողոքում են ստեղծված իրավիճակից, Դուք ելքի ի՞նչ ուղիներ եք տեսնում:

- Ցավոք, բոլորն ուզում են «աշխարհը փոխել, ու ոչ ոք չի ուզում սկսել իրենից»: Ես ելքի ուղիները տեսնում եմ ՀՅԴ-ի` իշխանության գալու մեջ: Կարծում եմ` ԱԺ մտնել ցանկացող բոլոր քաղաքական ուժերն այս վճռորոշ պահին կհամախմբվեն ՀՅԴ-ի շուրջը: Ու այդ գործում մեծ անելիք ունի մեր ժողովուրդը՝ իր վստահության քվեն տալով ՀՅԴ-ին:

Զրուցեց Գոհար Արշակյանը