կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-08 12:46
Քաղաքական

Քառյակն առաջարկում է լսումներ արտագաղթի վերաբերյալ

Քառյակն առաջարկում է լսումներ արտագաղթի վերաբերյալ

ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանություններն իրենց առաջնահերթությունների մասին պատկերացումներով ձևավորել են աշնանային նստաշրջանի մի օրակարգ, որում թեև ներառված են մի շարք կարևոր հարցեր, սակայն կա մի հարց, որն արտացոլված չէ այդ օրակարգում, մինչդեռ այն Հայաստանի բարօրության և ապագայի ամենակարևոր հարցն է, ուստի քառյակի ուժերը պահանջում են ԱԺ նախագահից, իրականացնելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածները, հրավիրել ԱԺ լսումներ այդ անհետաձգելի հարցով: Լևոն Զուրաբյանը նշեց, որ խոսքն աղետալի չափերի հասնող և Հայաստանի անվտանգությանը սպառնացող լայնածավալ արտագաղթի մասին է:

 

«2008-13թթ. հեռացել է 212 հազար մարդ: Երկրի քաղաքական ուժերը պարտավոր են սկսել բաց քննարկումներ երկրի արտագաղթի ծավալները նվազեցնելու շուրջ: Եկեք` բաց խոսակցություն սկսենք` երկիրը դատարկվելուց փրկելու նպատակով»,- ասաց պատգամավորը:

 

«Մենք ժողովրդի հետ շփվում ենք առանց միջնորդների»,- Լևոն Զուրաբյանին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույն հարցի կապակցությամբ ավելացրեց. «Արտագաղթի հետ կապված` քառյակի բարձրացրած հարցը պատասխան չստացավ, այն շատ հրատապ է, դա ընդդիմության կամ իշխանության հարց չէ, այն կարող է դեմոգրաֆիկ լուրջ վտանգներ ունենալ: Մենք լուրջ ուսումնասիրություններ ենք անցկացրել արտագաղթի և դեմոգրաֆիական խնդիրների վերաբերյալ և ցանկանում ենք ԱԺ-ին այդ ուսումնասիրությունները հասու դարձնել: Դուք որոշեք, դա կարող է լինել փակ կամ բաց քննարկում, բայց դա թիվ մեկ անհրաժեշտություն է և թիվ մեկ մարտահրավեր: Դիմում եմ Ձեզ, պարո'ն Սահակյան, երբ Ձեզ հարմար է, կազմակերպել լսումներ կամ այլ ֆորմատներով քննարկումներ: Կարևորը մենք այդ հարցը ԱԺ-ին ներկայացնելու հնարավորություն ունենանք»:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Դուք գնահատական եք հնչեցնում, այնինչ դա հանձնաժողովների խնդիրն է: Հհարցը պատրաստեք, կնայենք»: