կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 10:44
Առանց Կատեգորիա

Ինքն իրենից ետ մնացող Սերժ Սարգսյանը

Ինքն իրենից ետ մնացող Սերժ Սարգսյանը

Չե՞ք զգում՝ ժողովրդավարական ոչ մի երկրում լրագրողը կամ հրապարակախոսն իր երկրի նախագահի մասին չի գրի կամ ասի` չեկիստ, գրպանահատ եւ այլն: Թվում է, թե ուրիշ ինչպե՞ս է լինում ժողովրդավարությունը: Խնդիրն այն է, որ դասական ժողովրդավարական երկրներում նախագահի եւ շարքային հրապարակախոսի բախումները բեւեռացված չեն՝ մեկը հրեշ չէ, մյուսը՝ միայն բառի տեր մարդ: Դասական ժողովրդավարական երկրներում մեկը չի հասկանում գրքի հարկի ավելացումից, մյուսը կողքից նկատում է, որ գրքի հարկով բյուջե չեն լցնում:

 

Կաթողիկոսի մասին ընդդիմադիր կայքը գրում է՝ սրիկա: Մայր Աթոռին թվում է, թե լրագրողներն ամոթ-աբուռ կորցրել են: Այնտեղ ոչ մեկի մտքով չի անցնի, որ ուրիշի լեգիտիմության մեջ փայ մտնելը վճարովի է, Բաղրամյան 26-ը քեզ վճարում է նոր սեփականություններով, հասարակությունն իր միակ զենքով՝ բառերով:

 

Սերժ Սարգսյանը գրեթե ցնծում է, որ իրեն անխնա քննադատում է (իրականում այնքան էլ անխնա չէ) երկու հեռուստաընկերություն: Մի ամբողջ երկու հեռուստաընկերություն: Իրականում մարդն այնքան չի կարողանում «սերտաճել» ժողովրդավարության հետ, որ չի հասկանում, թե ինչպես է խոստովանում իր բռնակալական հակումները: Կարող էր, չէ՞, ասել՝ միայն երկու հեռուստաընկերություն ինձ չեն քննադատում: Որովհետեւ մի կերպ է ջանում, որ մյուսները չմիանան այս երկուսին: Դեռ փորձում է հասկացնել, թե նախկինում նման բան հնարավոր չէր: Որովհետեւ ինքներդ էլ եղել եք նախկին բարքերի «կուրատորը», պարզապես արդեն ինքներդ ձեզնից էլ եք ետ մնում: Հ1-ը ձեզ՝ փեշքեշ, իսկ ինչո՞վ են զբաղված «Արմնյուսը», «Լայմը», Հ2-ը, «Արը», «Շանթը», «Արմենիան», «Երեւանը» (ձեռքս էլ չի գնում այս հեռուստաընկերության անունը գրեմ, բայց «մարդը» հաճախություն է զբաղեցնում): Եղավ 8 հեռուստաընկերություն: Դուք ձեր կողքին հազար խորհրդական ունեք, նրանք թերթեր ու կայքեր են կարդում, ձեզ չե՞ն ասում, որ նորմալ երկրում էն բառապաշարով մարդուն չեն վիրավորում, որով վիրավորում են երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն: Ի՞նչ անի վիրավորողը՝ իր մե՞ջ փնտրի պատճառը: Կաթողիկոսին մեռան ասելով՝ դժվար ժամանակներ են, հեռու մնա էդ մարդուց: Իսկ ինքը դեռ Րաֆֆի Հովհաննիսյանին է հորդորում «առաջնորդվել եղբայրասիրության եւ համերաշխության ոգով»:

 

Վիրավորանքը քաղաքում միշտ հնչում է քարը վերցնելուց առաջ: «Սիրտ չհովացնող» վիրավորանքը տեռոր է ծնում: Արաբական հեղափոխություններն արյունոտ են, որովհետեւ մարդիկ տասնյակ տարիներ իրենց զսպել են` ամենաթունդ հայհոյանքները չասելու համար: Առիթը եղավ, միանգամից անցան զենքին: Ձեր իշխանասիրությունը ոչ մի հարց չի լուծում, որովհետեւ դա իշխանասիրություն է, ոչ մի կապ չունի ինչ-որ մեկին, թեկուզ ձեր հարազատին ծառայելու հետ: Այս երկրում մարդը ձեզ ընկալելու գլուխն է կորցրել, մարդն այստեղ չի հասկանում, թե դուք՝ հանրապետականներդ, ի՞նչ նյութից եք շինված, որ այդքան անկործան եք: Մարդու նյութից շինված լինեիք, հայերենն այսքան չէր նահանջի ձեր մասին մտածելիքի մեջ: Դուք թույլ չեք տվել, որ քաղաքացին զգա ժողովրդավարական երկրի զարկերակը, անընդհատ նրան պարտադրել եք կեղծ քվե եւ կեղծ ընտրություն, դուք մթնոլորտից բացառել եք քաղաքական հարաբերությունը, ոչ մի բողոքի մեջ տեսիլք չկա, միայն հայհոյանքներ:

 

Մարդու որակն ընկել է: Որովհետեւ մարդը երբեք չի հասկանա, թե Բաղրամյան 26-ում նստած մարդը լո՞ւրջ է, երբ ասում է, թե լուրջ լրագրողները պիտի գնան ու խոսեն ԱԺ գործարար պատգամավորների հետ: Մարդն ուզում է հասկանալ, թե ի՞նչ խոտով է թեյ թրմում Բաղրամյան 26-ում նստածը, գուցե ինքն էլ էդ խոտով թրմի իր թեյը, որպեսզի հասկանա ՀՀԿ ղեկավարի ասածները: Որովհետեւ, ասում եմ ձեզ, հարաբերությունների անդունդն արդեն Բաղրամյան 26-ից Ազատության հրապարակ եւ դեպի յուրաքանչյուրի տունն ընկած տարածության մեջ չէ, այլ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքող մարդու հոգում: Ինքն այլեւս բառեր չունի ասելու, թե ուր եք հասցրել իրեն, ինքն այլեւս չի կարող ասել, որ չի դիմանում, որովհետեւ ինչ էլ ասի, դրանք բառեր են: Անդունդը մի վատ խասյաթ ունի, ինչքան խորն է, էնքան ավելի քիչ է տրամադրում իրեն նայել: Հայաստանի քաղաքացին անդունդ է, եւ Դուք հենց անդունդների շրջապատում եք ձեզ ղեկավար զգում, Դուք անդունդներ եք առաջնորդում, Դուք աշխարհում միակն եք, որ չի կարող իր ժողովրդին անդունդը տանել, որովհետեւ այն համաբաշխված է քվեի, օլիգարխիայի, 8 հեռուստաընկերության, երկնիշ տնտեսական աճի, եւ մայրաքաղաքի երկու հմայիչ կամուրջների ձգողականության միջեւ: Այսինքն` նրանք ոչ թե առաջնորդվում են, այլ իրենց մեջ կրում այս երկիր կոչվածի ամբողջ անհեռանկարայնությունը: Մարդիկ են, որոնք ամբողջ խորությամբ իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Իսկ ձեզ թվում է, թե դեռ ի վիճակի են քայլել սահմանադրական ճանապարհով:

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: