կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-05 12:30
Քաղաքական

Կառավարման համակարգի ընտրության հարցում ԵՄ-ն ՀՀ-ին խորհուրդ տալ չի կարող

Կառավարման համակարգի ընտրության հարցում ԵՄ-ն ՀՀ-ին խորհուրդ տալ չի կարող

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր քննարկում` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ` ԱԺ պատգամավորների, քաղաքական կուսակցությունների, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության մասնակցությամբ: Քննարկումը վարում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

 

Գագիկ Հարությունյանը նախ նշեց, որ շատ կարևորում է քաղաքական ուժերի առաջարկներն ու փաստարկները, որոնք լավ հիմք են հանձնաժողովի համար` վերջնական կողմնորոշվելու սահմանադրական բարեփոխումների հարցում: Նա նշեց, որ կուտակվել են լրջագույն հիմնախնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովը նույն թեմայով քննարկումներ է սկսելու նաև Հայաստանի բոլոր մարզերում:

 

«Շատերը գերկարևորում են կառավարման ձևը, ինձ համար դա իրավա-քաղաքական խնդիր է: Սակայն ինձ համար ամենակարևորը մարդն է` իր իրավունքներով: Հարցրեք յուրաքանչյուր մարդու` նա կարողանո՞ւմ է այսօր իրացնել իր իրավունքները, թե՞ ոչ»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան կարծիք հայտնեց, որ բոլոր կողմերը պետք է շեշտադրեն հետևյալ հարցերը` բարեփոխումներն անհրաժե՞շտ են, թե՞ ոչ, կառավարությանը ո՞ր համակարգն է պետք, և սահմանադրական բարեփոխումները որքանո՞վ են կապված ընտրական բարեփոխումների հետ:

 

«ԵՄ-ն չի կարող Հայաստանին խորհուրդ տալ, թե ինչ կառավարման համակարգ պետք է ունենա, դա ինքնիշխան որոշում է, ցանկացած համակարգում բարելավվելու տեղ կա: Կարևոր է հատկապես քաղաքական ուժերի հավասարակշռության հանգամանքը»,- ասաց նա:

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ թե' իշխանությունը, թե' ընդդիմությունը իրենց կարևոր դերն ունեն մեծ քաղաքական նվագախմբի մեջ, իսկ դիրիժորը պետք է լինի ժողովուրդը: