կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 14:52
Հասարակություն

Ոչ թե Միկոյանի, այլ ժամանակի և կերպարի հակասականությունը ցույց տվող հուշարձան պետք է տեղադրվի

Ոչ թե Միկոյանի, այլ ժամանակի և կերպարի հակասականությունը ցույց տվող հուշարձան պետք է տեղադրվի

Միկոյանի արձանն ինչո՞ւ պետք է դնել և ինչո՞ւ` ոչ. քննարկումները շարունակվում են:

 

Հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ է արձանը տեղադրելուն: Ըստ նրա` Միկոյանը եղել է ԽՍՀՄ-ում երկրորդ խոշոր քաղաքական գործիչը` Ժուկովից հետո, նա 3-րդ համաշխարհային պատերազմը կանխող անձերից մեկն է եղել, և նրա օրոք Հայաստանը ծաղկել է: «Բարեկեցիկ կյանքը, որ դուք ունեք, Միկոյանի շնորհիվ է»,- ասաց սոցիոլոգը` այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Նրա խոսքով` չպետք է նրան միանշանակ բացասական ներկայացնել: Ա. Ադիբեկյանը օրինակ բերեց Ստալինին, ով Վրաստանին պակաս վատություններ չի արել, սակայն մինչ օրս նրա արձանն ու տուն-թանգարանը պահպանվում են:

 

Երբ սոցիոլոգը նշեց, որ մարդը դրական գործեր արել է, և պետք է գնահատել, նրա խոսքն ընդհատեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը. «Չորս արձան ունի, Երևանում դպրոց կա նրա անունով, կա փողոց, հերիք չի՞, քի՞չ է… Չկա ԽՍՀՄ-ը, որին նա ծառայել է, թող արձանը Մոսկվայում դնեն, թող Նյու Յորքում դնեն»:

 

Երբ Ա. Ադիբեկյանն ասաց, թե զբոսաշրջիկներն ասում են, որ միայն հին եկեղեցիներ են Հայաստանում տեսնում ու հարցնում են` դուք նոր պատմություն չունե՞ք, Ա. Բախշյանը հռետորական հարցով պատասխանեց. «Է, թողնո՞ւմ եք, որ ունենանք»:

 

Քննարկմանն ավելի ուշ միացավ ճարտապետ, Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Լևոն Իգիթյանը: Նա նշեց, որ կողմ է այդ արձանը տեղադրելուն, քանի որ Միկոյանը եղել է 20-րդ դարի անհատականություններից մեկը: Սակայն նա նշեց, որ, որպես ճարտարապետ, կողմ է այդ ժամանակաշրջանի և կերպարի հակասականությունը ցույց տվող հուշարձանի տեղադրմանը, այլ ոչ թե` հենց Միկոյանի, եւ պետք է ժողովրդի էներգիան այդ կողմն ուղղորդել: