Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովհաննիսյանի, Վրեժ Մարկոսյանի և Արմեն Մխիթարյանի օրենսդրական նախաձեռնությունը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին մերժվեց կառավարության կողմից:
Մասնավորապես` առաջարկվում էր Հայաստանից դուրս ապրող ՀՀ կենսաթոշակառուներին չվճարված կենսաթոշակների գումարը վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար` առանց ժամկետային սահմանափակման: Ներկայումս ժամկետային սահմանափակումը մեկ տարի է: Առաջարկվում է ՀՀ-ում չգտնվող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարել առանց ժամկետային սահմանափակումների:
Սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ կառավարությունը մերժում է պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որովհետև օրինագիծն ընդունելու դեպքում էապես կավելանան կենսաթոշակների վճարմանն ուղղված ծախսերը, և 2-3 տարում կենսաթոշակները վճարելու համար պահանջվելու էր միանվագ 25 միլիարդ դրամ կամ տարեկան 12 միլիարդ դրամ:
Արտեմ Ասատրյանը նշեց նաև, որ, կախված երկրի ֆինանսական հնարավորություններից, աշխարհում տարբեր մեթոդներ կան երկրի սահմաններից դուրս ապրող կենսաթոշակառուների թոշակը վճարելու համար:
«Մենք արդյո՞ք հնարավորություն ունենք կենսաթոշակ վճարել նաև երկրից դուրս: Հարցը հետևյալն է` կենսաթոշակներն արտահանե՞լ, թե՞ ոչ: Կառավարության համար առաջնահերթությունը Հայաստանում մշտապես ապրող կենսաթոշակառուների սպասարկումն է և նրանց կենսամակարդակի բարձրացումը: Կառավարությունը հետագայում կանդրադառնա այս խնդրին, սակայն հիմա այն մերժում է»,- ասաց նախարարը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց. «Արդյո՞ք ճիշտ է մեկի հաշվին մյուսին փող տալը, մյուս կողմից էլ` հասկանում եմ, որ տարեկան 12 միլիարդ դրամը կառավարության համար շատ թանկ գումար է»,- ասաց նա: