կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 13:51
Հասարակություն

Կուտակային կենսաթոշակ պարտադրողներն իրենք կամավոր չեն ընդգրկվել նոր համակարգում

Կուտակային կենսաթոշակ պարտադրողներն իրենք կամավոր չեն ընդգրկվել նոր համակարգում

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին չի վերաբերում նոր ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն նա նախանձում է իր կնոջը, ում վրա տարածվում է այս նոր կարգը:

 

Այսօր, կառավարությունում լրագրողների հարցին, թե` ինչո՞ւ ինքը մինչ օրս կամավոր կուտակային համակարգին չի անդամակցել, նա պատասխանեց, թե ուզում է տեսնել կոնսաթոշակային ակտիվների կառավարիչների կողմից առաջարկվող ագրեսիվ պորտֆել ու անպայման ընդգրկվելու է ագրեսիվ պորտֆել ունեցողների համակարգում:

 

Թեեւ կուտակային կենսաթոշակային կամավոր համակարգն արդեն 3 տարի է, ինչ գործում է Հայաստանում, բայց այդ համակարգում ընդգրկվելու համար, ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, դիմել է 3 կամ 4 հոգի:

 

Իսկ թե նման իրադրությունում այս նոր ներդրվող համակարգն ինչպես կանդրադառնա երեւույթի վրա, երբ մարդիկ կսկսեն ավելի «թաքնված աշխատել», այսինքն` թաքցնել իրենց աշխատանքը, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերին գումարներ չմուծեն, ֆինանսների նախարարը կարծիք հայտնեց, թե դժվար է գնահատել' ինչպես նոր կարգը կանդրադառնա «թաքնված աշխատողների» վրա: «Ներկայումս,- նշեց Դավիթ Սարգսյանը,- չկան հաշվարկված տվյալներ, թե ինչքան թաքնված աշխատողեր կան»:

 

Իսկ Վաչե Գաբրիելյանն այս կապակցությամբ նշեց, որ երբ երկրում գործազրկության մակարդակը բարձր է աշխատուժի տասնհինգ տոկոսից, ապա յուրաքանչյուր երկրում ստվերային աշխատաշուկայի խնդիրներ առաջանում են, եւ դրա լավագույն լուծումը հենց բարեփոխումներն են: ՀՀ կառավարությունը, շեշտեց Գաբրիելյանը, ունի համապատասխան գործիքների հավաքածու. յուրաքանչյուր աշխատողի մասին տվյալները հավաքվում են` թե ինչպիսի աճ է ունեցել, եւ այլն, ու  կան միասնական տեղեկատվական համակարգեր, որտեղ երեւում են յուրաքանչյուր մարդու տվյալները: