Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սովորաբար պատերազմները լինում են կամ կենսական տարածքի, կամ կենսական շահույթի համար: Ուկրաինայում ընթացող պատերազմը բացառություն չէ: Մի փոքրիկ դիտարկում կատարենք այս առումով:
Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրեց նրան, որ Եվրամիության բոլոր երկրները միացան Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Եվրոպան պատրաստակամությամբ պաշտպանեց Մոսկվայի հետ բիզնես կապերը դադարեցնելու Վաշինգտոնի նախաձեռնությունը:
Սակայն օրերս ականավոր տնտեսագետ Ջեֆֆերի Սաքսը գերմանական 《Շպիգել》 հանդեսին տված հարցազրույցում նշեց հակառուսաստանյան պատժամիջոցների անիմաստության մասին:
Ամերիկյան արտաքին քաղաքականության այս գործիքակազմը չի աշխատում պետությունների քաղաքական կուրսը փոխելու տեսանկյունից: Երկար տարիներ Վաշինգտոնը փորձում է պատժամիջոցներով փոխել Իրանի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի զարգացման կուրսերը, և դա ոչնչի չի հանգեցնում: Դա չի օգնի նաև Ռուսաստանի պարագայում:
Բայց երբ ամերիկյան տնտեսագետը խոսում է Մոսկվայի վրա սանկցիաներով ճնշում գործադրելու անիմաստության մասին, այդ դեպքում ինչո՞ւ են դա իրականացնում: Եվ ո՞րն է դրա վերջնական նպատակը:
ԱՄՆ-ը ճնշում է Եվրոպական Միությանը՝ ստիպելով հրաժարվել ռուսական խողովակային գազից: Եվրոպան համաձայնվում է և փոխարենը նրան առաջարկում են ամերիկյան հեղուկ գազը: Այն վատը չէ, բայց բավականին թանկ է: Գերմանիան արդեն հայտարարել է, որ սկսում է հեղուկ գազի համար տերմինալներ կառուցել: Վաշինգտոնը խոշոր պայմանագրերի առաջարկներ է ստանում, որն առանցքային նշանակություն է ունենալու իր գազատրանսպորտայի համակարգի զարգացման և Եվրոպան ամբողջապես ամերիկյան էներգակիրներից կախման մեջ գցելու տեսանկյունից: (Առանց այդ էլ լոյալ Բրյուսելն ավելի է թուլանում): Բայց դա դեռ ամբողջ օգուտը չէ:
Էներգակիրների ավելի բարձր գինը բերելու է եվրոպական ապրանքների թանկացմանը, որն իջեցնելու է մրցունակությունը: Միացյալ Նահանգները պարզապես դուրս կմղեն Գերմանիային և Ֆրանսիայի ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան շուկաներից: ԵՄ տնտեսությունը զգալիորեն կնվազեցնի զարգացման տեմպերը, ինչը կազդի բնակչության բարեկեցության վրա։
Բացի այդ, Վաշինգտոնը կվախեցնի Եվրոպային ռուսական սպառնալիքով և կպահանջի պաշտպանական ծախսերի ավելացում։
ԵՄ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ են։ Սա նշանակում է, որ զենքը պետք է լինի միատեսակ, այսինքն՝ հիմնականում ամերիկյան: Այն հիմնականում պետք է գնել կամ արտադրության լիցենզիա ստանալ Վաշինգտոնից: Եվ կրկին հսկայական շահույթ: Այժմ ԱՄՆ ռազմատեխնիկական արդյունաբերությունը, որը սերտորեն կապված է երկրի քաղաքական ղեկավարության հետ, զարգանալու նոր հնարավորություն է ստանում։
Իհարկե, սա դեռ ամենը չէ։ Սրան կարող ենք ավելացնել եվրոպական ավիաընկերությունների բաժնետոմսերի արժեքի անկումը, որոնք այժմ չվերթներ են կատարում դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը, ինչը կհանգեցնի ինչպես ֆինանսական (որքան լրացուցիչ վառելիք է ծախսվում), այնպես էլ հեղինակության կորուստների։ Կարելի է մատնանշել պարենային ապրանքների անխուսափելի թանկացումը և այլն։ Ի դեպ, Ռուսաստանի նկատմամբ ոչ այնքան բարեկամական որոշ երկրներ (Վրաստան, Մոլդովա, Թուրքիա) հրաժարվել են պատժամիջոցներից՝ գիտակցելով իրենց տնտեսությանը հասցվող հնարավոր վնասը։
Այսպիսով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերջնական շահառուն Վաշինգտոնն է, որը երկար տարիներ Կիևին մղում է Մոսկվայի հետ բաց առճակատման։
Խաչատուր Ստեփանյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ,
պ.գ.դ., պրոֆեսոր