կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 16:28
Իրավական

Այստեղ տպավորությունների տեղ չէ. Վարդան Պետրոսյանի հորդորը՝ կողմերին

Այստեղ տպավորությունների տեղ չէ. Վարդան Պետրոսյանի հորդորը՝ կողմերին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով ապացույցների հետազոտումը:

 

Դատական նիստին չէր ներկայացել Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն: Տուժողներն էլ դատարանին խնդրել էին դատական նիստն անցկացնել առանց իրենց ներկայության:

 

Այսօր դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց դեպքի վայրի լրացուցիչ արձանագրությունը: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ որևէ տեղ չկա գրված, որ վթարի տեղը գտնվում է կողնակի վրա, մասնավորապես`  քննիչի գծագրերից չի երևում, որ մեքենաների բախման վայրը կողնակում է:

 

Նա նաև փաստեց, որ նախաքննական մարմինը գծագրերը կազմելիս չէր կարող չնկատել մեքենաների անիվների թողած հետքերը: Պաշտպանը խաղալիք մեքենաների և գծագրի խոշորացված տարբերակի միջոցով փորձեց հիմնավորել այն, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե կողնակում, այլ բանուկ հատվածում: Ներկայացնելով գծագրերը՝ պաշտպանը պնդեց, որ վթարից հետո կատարված երկու գծագրերից բացակայում են կողասահքի հետքերը: Ըստ նրա՝ գծագիրը կազմելիս քննիչը դրսևորել է կամայականություն:

 

Դատավորը հրապարակեց նաև քննիչի կողմից Արթուր Հակոբյանից և Վարդան Պետրոսյանից վերցված արյան և մազի նմուշների վերաբերյալ արձանագրությունը: Նշենք, որ մազից վերցված նմուշից պետք է պարզվեր` արդյո՞ք վթարի մասնակիցները թմրանյութ օգտագործել են, իսկ արյան նմուշից՝ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը:

 

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը կասկածի տակ դրեց այն փաստի կապակցությամբ, որ քննիչը նմուշները վերցրել է դեպքից երեք օր անց: Ըստ նրա՝ քննիչն այդ քայլին է դիմել նրա համար, որ չապացուցվի Վարդանի՝ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը:

 

Նիկոլայ Բաղդասարյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ նման փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն ընդհանրապես չկար, քանի որ արդեն օդի միջոցով պարզվել էր, որ Վարդան Պետրոսյանը խմած չէր: Ըստ նրա՝ քննիչն արյան և մազի նմուշներ է վերցրել այն բանից հետո, երբ մամուլում եղան հրապարակումներ, որոնք կակածի տակ էին դնում խմածության վերաբերյալ նախորդ փորձաքննությունը:

 

Փաստաբանը նաև անդրադարձավ դատավարութան ընթացքում Բալոյանի ներկայացրած հայտարարություներին: «Անընդհատ դատաքննությունն եք ցիտում»,- ասաց դատավորը: «Բա ի՞նչը ցիտեմ, Աստվածաշո՞ւնչը»,- հակադարձեց Բաղդասարյանը:

 

Ի դեպ, նիստն ընթանում է հիմնականում լարված մթնոլորտում: Նիկոլայ Բաղդասարյանը դատավորին մեղադրում է տուժողի ներկայացուցչին հուշելու և իրեն խոչընդոտելու մեջ: Նիստը ժամանակ առ ժամանակ վերածվում է բանավեճի:

 

Մինչ կողմերը հետազոտում են ապացույցներն ու բանավիճում, Վարդան Պետրոսյանն ինչ-որ գրառումեր է կատարում նոթատետրում: Քիչ առաջ էլ դերասանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով հետազոտվող ապացուցների վերաբերյալ տպավորություններ չհայտնել: «Ես ինքս բազմաթիվ տպավորություններ ունեմ դատախազի և քննիչի գործողությունների վերաբերյալ, բայց այստեղ տպավորությունների տեղ չէ»,- ասաց նա:

 

Դատական նիստը շարունակվում է: