կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 20:38
Քաղաքական

Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար. Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսուա Օլանդին

Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար. Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսուա Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

 

Սերժ Սարգսյանը ողջունել է նախագահ Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է: Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալությամբ է հիշել մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ այս օրը Հայաստանում հայ ժողովրդի կողքին լինելու և ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու մասին:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար, որի հիմքում այսպիսի քայլերն են: Նախագահը նշել է, որ շատ բարձր է գնահատում պարոն Օլանդի այսօրվա ելույթը և դրա միջոցով աշխարհին հղված նրա ուղերձները, առանց որոնց ոգեկոչման այսօրվա միջոցառումները լիարժեք չէին լինի:

 

Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, թե այնպիսի զգացողություն ունի, որ Երևանում պատմական իրադարձության մասնակցեց. պատմական, որովհետև 100-րդ տարելիցն էր Հայոց ցեղասպանության: Պատմական, որովհետև միջոցառման բոլոր մասնակիցները խաղաղության և հույսի ուղերձ հղեցին այն ազգերին, որոնք պատմության ընթացքում ճնշվել են ու դառնություններ կրել: