կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-24 13:45
Մշակույթ

Մնջախաղի թատրոնի շենքի խնդիրը լուծում ունի, բայց հարց լուծողները չկան

Մնջախաղի թատրոնի շենքի խնդիրը լուծում ունի, բայց հարց լուծողները չկան

Մայիսի 26-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի նոր ներկայացում` «Այծ ծես»: Ներկայացման սցենարի հեղինակն Անահիտ Շիրինյանն է, բեմադրող ռեժիսորը` Ժիրայր Դադասյանը, բեմադրող նկարիչը` Շամիր Շահիրյանը, իսկ երաժշտության հեղինակը` Վաչե Շառաֆյանը:

 

Լրագրողների հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ սա առաջին ներկայացումն էր, որի ընթացքում իրականացվել է իր երազանքը` հատուկ ներկայացման համար երաժշտություն է գրվել: Նա տեղեկացրեց, որ Շառաֆյանի երաժշտությունը շուրջ 13 հատվածից էր բաղկացած, որի 12 մասերն ամբողջությամբ ներկայացված են բեմադրության մեջ:

 

«Երաժշտությունը շատ մեղեդային է, միևնույն ժամանակ` ժամանակակից: Մեզ համար մեծ պատիվ էր, որ Շառաֆյանը համաձայնեց գրել ներկայացման երաժշտությունը, քանի որ նա մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից է, ով, ցավոք, ավելի շատ դրսում է հայտնի»,- ասաց Դադասյանը:

 

Նա նշեց նաև, որ «Այծ ծեսը» թիմային աշխատանքի արդյունք է, որի միջոցով նաև անդրադարձ է կատարվում հայկական միջնադարյան մնջախաղին, և սա, Դադասյանի հավաստմամբ, մի գիծ է, որն արդեն ներկայացվում է մյուս բեմադրություններում նույնպես, և հենց որի միջոցով էլ Մնջախաղի թատրոնը տարբերվում է մյուս թատրոններից:

 

Կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանն էլ նշեց, թե ուրախ է, որ վերջապես իր գործերից մեկը կներկայացվի Հայաստանում, քանի որ վերջին երկու ամսում 5 համաշխարհային պրեմիերա է ունեցել արտերկրում:

 

«Կարծում եմ` սա միայն Դադասյանի երազանքը չէ, մեր երկուսի երազանքն էր` գրել երաժշտություն ներկայացման համար: Ի դեպ, գործը, որքան էլ որ հատուկ ներկայացման համար է գրված, այն, այնուամենայնիվ, առանձին կյանք կունենա և շատ ինքնուրույն է: Ես վաղուց էի ուզում դաշնամուրային շարք գրել, և Դադասյանի առաջարկը դրդապատճառ հանդիսացավ, որ ցանկությունս կյանքի կոչեմ»,- ասաց Շառաֆյանը:

 

Դադասյանն անդրադարձավ նաև 40-ամյա թատրոնի խնդիրներին` Մնջախաղի թատրոնը մինչ օրս չունի շենք: «Մնջախաղի արվեստը միակ ազգային թատերական ժանրն է, և մշակույթի նախարարության առաջնահերթությունը հենց մնջախաղի թատրոնի շենք կառուցելը պետք է լինի: Մենք արդեն նամակով դիմել ենք  քաղաքաշինության նորանշանակ նախարարին` Նարեկ Սարգսյանին, և հույս ունենք, որ այս անգամ արդեն հարցը լուծում կստանա: Նախագիծ կար, ըստ որի` թատրոնը պետք Հյուսիսային պողոտայում կառուցվի, սակայն խնդիրներ առաջացան բնակիչների հետ: Հիմա նորից նույն նախագիծը ցանկանում ենք կյանքի կոչել Հյուսիսային պողոտայի մեկ այլ անկյունում»,- ասաց նա:

 

Դադասյանը նշեց նաև, որ մնջախաղի փառատոնի բյուջեն չի վերանայվում, և տարօրինակ է, որ երկու տարին մեկ անցկացվող փառատոնի բյուջեն 8 մլն է, այնինչ` ամենամյա փառատոների բյուջեն տասնապատիկ անգամ ավելի շատ է լինում: Փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 10-15-ը, մասնակցելու  18 հայտ է արդեն ներկայացվել` Իսպանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Իտալիայից, Գերմանիայից: «Ուզում ենք, որ փառատոնը տարածվի նաև մարզերում, իսկ դրա համար նախ գումար է անհրաժեշտ, հետո` պայմաններ` պատրաստվելու համար, այսինքն` մեզ անհրաժեշտ է տարածք` իբրև պայման: Ես թատրոնի շենք չեմ ուզում, այլ մնջախաղի կենտրոն»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: