կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 15:45
Քաղաքական

Կառավարության ծրագիր. մոտեցումները արտաքին հարաբերությունների հարցում

Կառավարության ծրագիր. մոտեցումները արտաքին հարաբերությունների հարցում

Արտաքին հարաբերությունների հարցերում կառավարությունը, ըստ նոր ծրագրի, հետամուտ է լինելու միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության ու դիրքերի ամրապնդմանը:

 

Այդ նպատակով կառավարության ծրագրում շարադրված են բազմաթիվ կետեր այս կամ այն երկրի, ռազմաքաղաքական կամ տնտեսական բլոկի հետ հարաբերությունների արժեւորմամբ ու հարաբերությունների խորացման ուղղությամբ' սկսած ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումից, մինչեւ ասիական ու աֆրիկյան երկրների հետ հարաբերություների խորացումն ու գործընկերային հարաբերությունների շարունակականությունը: Սրանք, սակայն, նորություն չեն' նախորդ կառավարությունն էլ իր ծրագրում նման կետեր ներառել էր:

 

Մի քանի կետեր, սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում ու միջազգային քաղաքական թատերաբեմերում ստեղծված ու ստեղծվող իրողություններն ու իրավիճակները, ամեն դեպքում ուշագրավ են դառնում:

 

Դրանցից առաջինը ԼՂ հիմնախնդրին վերաբերող դրույթն է: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում»` արտաքին հարաբերությունների ոլորտում ամրագրում է կառավարությունը: Եվ այստեղ, հատկապես հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները, դրանց հանդեպ հակամարտող կողմերի ու լայն հասարակության արձագանքները, միանշանակ լրացուցիչ պարզաբանման կարիք են ստանում «Ինչպե՞ս, ի՞նչ գնով» հարցերի պատասխանները, որ ծրագրում, բնականաբար, նշված չեն:

 

Հետաքրքրություն ներկայացնող հաջորդ դրույթը` «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը»: Բազմիցս է նշվել, որ այս մոտեցմանն ամենախանգարող իրողություններից մեկը հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց ներքո Հայաստանի ստորագրության առկայությունն է, որը ոչ մի կերպ հետ չի կանչվում: Բայց այս մասին ոչ մի խոսք ծրագրում:

 

Մի ուշագրավ դրույթ էլ է ամրագրել կառավարությունը' «Եվրոպական Միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, ԵՄ-ի հետ համագոր­ծակ­ցության խորքային բնույթ արտահայտող իրավական նոր շրջանակի ձևավորումը»: Այս դրույթը ուշագրավ է հատկապես ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ձախողելուց հետո: Թեեւ ԵՄ ամենատարբեր չինովնիկների կողմից ամենատարբեր առիթներով նշվել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ կարող է ստորագրել ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական կողմը, բայց դա դեռ վարկած է: Որովհետև ասոցացման համաձայնագրի չստորագրումը պայմանավորված էր հատկապես Ռուսաստանի դիրքորոշմամբ: Եվ ինչքան էլ Հայաստանից տեսակետներ հնչեն, թե ՄՄ-ին միանալու` Հայաստանի ցանկությունն ու անդամակցության գործընթացը միայն տնտեսական ուղղության հարցեր են, ակնհայտ է' Հայաստանը կատարեց Ռուսաստանի ցանկությունը' չասոցացվել ԵՄ-ի հետ, այլ ՄՄ-ին մաս կազմել հենց քաղաքական ենթատեքստով: ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ինչ-որ նոր ձեւաչափ կարող է դուր չգալ Ռուսաստանին: Իսկ թե ինչ է լինում նման դեպքերում, մենք տեսանք անցյալ տարի սեպտեմբերի 3-ին ու դրանից հետո...

 

«ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը»,- նշում է կառավարությունը: Այս կետն էլ ուշագրավ է այնքանով, որ ԱԺ նախագահ դառնալուց անմիջապես հետո Գալուստ Սահակյանը հրահանգեց պատգամավորներին' գործուղումների մեկնել միայն ծայր անհրաժեշտության դեպքում: Ու եթե այսպես պետք է իրագործվի այս դրույթը, ապա այն այնքան էլ իրատեսական չէ:

 

«ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրա­կանացումը»,- ասում է կառավարությունն իր ծրագրով: Եվ հետաքրքիր է' ինչպե՞ս է դա կարգավորվելու, հատկապես այն պարագայում, երբ ուկրաինական դեպքերի համատեքստում մեր ռազմավարական գլխավոր դաշնակիցը' Ռուսաստանը, արդեն իսկ առաջ է քաշում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայման տեսակետը կամ, ավելի ճիշտ, այդ հարաբերությունների դադարեցում` ընդհանրապես:

 

Վերջում կառավարությունը նշում է, թե միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքակա­նության դիրքորոշումներն ավելի լսելի և ընկալելի դարձնելուն ուղղված քայլեր է իրականացնելու: Միգուցե այս կետով կառավարությունը նկատի ունի նաեւ, որ այնպիսի իրավիճակներում, երբ Հայաստանի համար կամ Հայաստանին վերաբերող կարեւորագույն հարցերի շուրջ ԱԳՆ-ն կա'մ չէր արձագանքում, կա'մ ուշացումով ու լղոզված էր արձագանքում, հիմա ավելի արագ ու հստա՞կ տեսակետներ կհայտնի: Գուցե, իսկ թե իրականում ի՞նչ կլինի, կերեւա ապագայում: