Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, շարունակվեց «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով հերթական դատական նիստը: Նշենք, որ «Հին Էրիվանի» դեմ հայց էր ներկայացրել 13 պարտատեր, այդ թվում` «Յունիբանկ» ընկերությունը:
Այսօրվա դատական նիստում դատավորի անհասկանալի հանդիմանությանն արժանացան դահլիճում ներկա լրագրողները: Բանն այն է, որ դատական նիստերի դահլիճը համեմատաբար նեղ է, և պարտատերերի մեծ մասը ստիպված էր սպասել դրսում: Դատավորը շեշտեց, որ գործում իր համար կարևորը պարտատերերն են: «Ես, իհարկե, դեմ չեմ, որ լուսաբանվի, բայց պարտատերերն ավելի կարևոր են: Դուք կարող եք նաև դրսում սպասել և լուսաբանել»,- նախքան դահլիճը մեկ այլ` ավելի ընդարձակ դահլիճով փոխելը, լրագրողներին դիմելով, ասաց դատավորը:
Հետաքրքիր է` ինչպե՞ս է փորձառու դատավորը պատկերացնում միջանցքից դատական նիստին հետևելը, առավել ևս` լուսաբանելը:
Ի դեպ, նույն իրավիճակը ստեղծվել էր նախորդ դատական նիստի ժամանակ, և դատավորը, հաշվի առնելով այդ հանգամանքը, խոստացել էր դիմել դատարանի նախագահին` այս գործերն առավել ընդարձակ դահլիճում քննելու խնդրանքով, սակայն երևի մոռացել էր խոստման մասին և, համոզվելով, որ լրագրողները չեն պատրաստվում զիջել իրենց տեղը և միջանցքից «լուսաբանել», 15 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո ներկաներին ապահովեց ընդարձակ դահլիճով:
Ինչևէ, անդրադառնալով դատաքննությանը` նշենք, որ շուրջ 2 ժամ էլ ծախսվեց գործում առկա որոշակի թերությունները պարզաբանելու համար: «Յունիբանկի» ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը նախ հայտարարեց, որ հետազոտել է գործի նյութերը և պարզել, որ «Հին Էրիվանի» ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը օրինական ներկայացուցիչ համարվել չի կարող, քանի որ նրա անունով ընկերության տնօրենը լիազորագիր չի ստորագրել: Հակոբյանի առարկություններից և Հարությունյանի պնդումներից կես ժամ անց միայն դատավորը փաստեց, որ գործի նյութերում ընկերության տնօրենի կողմից Հակոբյանին տրամադրված լիազորագիր չկա, և նա մինչ պատշաճ փաստաթուղթ ներկայացնելը չի կարող մասնակցել դատավարությանը:
Այսօրվա նիստում «Հին Էրիվանի» մյուս ներկայացուցիչը` Դավիթ Դանիելյանը, միջնորդեց գործում որպես 3-րդ անձ ներգրավել ընկերության սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: Փաստաբանի խոսքով` թեև սնանկության մասին օրենքը նման դրույթ չի սահմանում, սակայն դատավորը կարող է օգտվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով և բավարարել այն: Սակայն դատավորը մերժեց` նշելով, որ այս դեպքում ընդունելի չէ 3-րդ անձի ինստիտուտը, քանի որ Տեր-Առաքելյանն արդեն իսկ այդ գործի շրջնակներում մասնակից է, և անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է պահանջ ներկայացնել:
Կողմերն այսօր ևս անդրադարձան նախորդ նիստում բուռն քննարկման առիթ հանդիսացած` առարկությունների օրինական լինելու հարցին և շուրջ 1 ժամ քննարկեցին այն: Մասնավորապես` բանկի ներկայացուցիչը նշեց, որ իր զարմանքն է հարուցել այն, որ երբ ինքը նախորդ դատական նիստի ավարտից հետո դատարանից խնդրել է գործի նյութերը, դրանք հետազոտելու ընթացքում իրեն է մոտեցել մի երիտասարդ կին և, ներկայանալով որպես դատավորի օգնական, 5 րոպեով խնդրել է փաստաթղթերը, սակայն ինքը հրաժարվել է դրանք տրամադրել: «Հնարավոր է` փաստաթղթեր պակասեին կամ նորն ավելանար»,- պատճառաբանեց ներկայացուցիչը` հավելելով, որ հետո օգնականը վերադարձել է ստորագրված առարկություններով:
«Այո’, տեղի ունեցել տեխնիկական անճշտություն, բայց դա չպե'տք է հիմք հանդիսանա, որ դատարանին կասկածեք»,- հայտարարեց դատավորը և հորդորեց կողմին` հարգել միմյանց:
Դրանից հետո դատավորի գործողությունների վերաբերյալ առարկություններ հայտնեց ներկայացուցիչը` նշելով, որ ինչպես այս, այնպես էլ նախորդ նիստի ժամանակ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնում: Դրա վերաբերյալ փաստաբանը ծավալուն հիմնավորումներ ներկայացրեց: Հետո էլ միջնորդեց փորձաքննություն նշանակել «Հին Էրիվանի» ներկայացուցիչ Դանիելյանի կողմից ստորագրված ինչ-որ փաստաթղթի վերաբերյալ:
«Դատարանի մոտ տպավորություն է, որ դուք, բուն խնդիրը թողած, ինչ-որ բաների հետևից եք ընկել, ինչո՞ւ եք այդքան կասկածամիտ, 10:30-12:30 կանգնած ենք նույն տեղում»,- պատասխանեց դատավորը և համոզեց փաստաբանին` հրաժարվել փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունից:
Ի դեպ, այսօրվա դատական նիստում բանկի ներկայացուցուցիչ Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ բանկը պատրաստ է վճարել «Հին Էրիվանի» աշխատակիցների պահանջած գումարները, եթե նրանք համաձայնեն: Փաստաբանը նաև փաստեց, որ պահանջների մեծ մասում կան անհասկանալի դրվագներ, որոնք դրանց կեղծ լինելու վերաբերյալ կասկածներ են հարուցում:
Դատարանը, ողջունելով այս առաջարկը, հայտնեց, որ այդ մասին բանկը պետք է գրավոր դիմի պարտատերերին:
Այսպիսով` դատարանը, անցնելով բուն խնդրի քննարկմանը, հնարավորություն տվեց «Յունիբանկին» ներկայացնելու իր պահանջները, որի հրապարակումը, սակայն, կիսատ մնաց, քանի որ դատարանում ընդմիջման ժամ էր: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 23-ին: