Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 5-ին ԳԴՀ Համբուրգ քաղաքի Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցում (Bucerius Law School ) տեղի է ունեցել իրավագիտական քննարկում-միջոցառում՝ «Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և այլ ցեղասպանություններ. որտեղ են ավարտվում խոսքի ազատության սահմանները» խորագրով: Միջոցառման կազմակերպիչներն էին Գերմանիայի «Հանրային իրավունքի երիտասարդ գիտություն» կազմակերպությունն ու Միացյալ ազգերի գերմանական ընկերությունը՝ Բեռլինում ՀՀ դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ և ԳԴՀ Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի անմիջական ֆինանսական աջակցությամբ:
Դողու Փերինչեկի գործի առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռից հետո ցեղասպանության ժխտման հարցի շուրջ քննարկումների նոր ալիք էր ծավալվել:
Համբուրգի Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցը Գերմանիայի սահմաններից դուրս ևս բարձր հեղինակություն է վայելում: Այն Եվրոպայի հեղինակավոր և բացառիկ ուսումնական հաստատություններից մեկն է, մրցակցում է Հարվարդի և Օքսֆորդի հետ: Բուցերիուս իրավագիտական համալսարանի ազդեցությունը չի սահմանափակվում իրավաբանական շրջանակներով, այն տարածվում է քաղաքական և սոցիալական գիտությունների ոլորտներում, և համալսարանը հստակ ասելիք ունի նշյալ ոլորտներում կայացվող տարբեր որոշումներում: Հաստատությունը Գերմանիայի դաշնային և երկրամասային դատաիրավական համակարգի երեք անկախ փորձագիտական կենտրոններից մեկն է: Համալսարանն ունի 28 պրոֆեսոր, որոնք ղեկավարում են առանձին ամբիոններ և բազմաթիվ ինստիտուտներ ու հետազոտական կենտրոններ: Աշխարհի 30 երկրներում Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցն ունի 100-ից ավելի գործընկեր համալսարաններ, որոնց թվում են Օքսֆորդի, Քեմբրիջի, Ելի և Կալիֆոռնիայում Սթանֆորդի համալսարանները:
Բանավեճ–կոնֆերանսին ներկա էին շուրջ 150 իրավաբաններ, գիտահասարակական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Համբուրգի քաղաքային խորհրդի պատգամավորներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը և Բուցերիուս իրավագիտական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Դորիս Քյոնիգը: Հայաստանի Հանրապետության դեսպանն, իր շնորհակալությունը հայտնելով գիտական կենտրոնի ղեկավարությանը այս կարևոր թեմայով կոնֆերանս կազմակերպելու համար, խոսեց նաև այն մասին, որ Ցեղասպանության հետևանքները վերացնելու ճիշտ ձևն է հատուցման հարցի քննարկումը։
Հիմնական բանախոսները հանդես եկան հետևյալ թեմաներով`
Պրոֆեսոր, դոկտոր Միհրան Դաբաղ ( Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի և Ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Թեման «Ազգային տեսլականը և ցեղասպանության քաղաքականությունը: Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը»:
Դոկտոր Մաթիաս Ուֆֆեր, (Բեռնի համալսարան իրավաբանական ֆակուլտերի գիտաշխատող )
Թեման «ՄԻԵԴ-ը սխալ ուղու վրա.ինչու է Փերինչեկի գործով վճիռն անպիտան»:
Էլիֆ Ասկին, ԳԴՀ Հայդելբերգ քաղաքի Մաքս Պլանկի անվան Օտարերկրյա հանրային իրավունքների և ազգերի իրավունքների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող
Թեման «Պատմական կեղծիքների պատժումը միջազգային համադրումներում»
Դոկտոր Մաթիաս Հոնգ, Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգս համալսարանի գիտաշխատող
Թեման «Ցեղասպանության ժխտումն ու խոսքի ազատությունը սահմանադրական իրավունքի տեսանկյունից»
Միջոցառումը վարում էր Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտաշխատող Հաննա Բիրկենքյոթերը:
Բանախոսություններից հետո քննարկումների ընթացքում բանախոսներին բազմաթիվ հարցեր ուղղեցին թուրքական համայնքի և գերմանալեզու թուրքական մամուլի ներկայացուցիչները:
Հարկ ենք համարում նշել, որ ներկաների հարցերին առավել հստակ և բովանդակալից պատասխաններ էին հնչեցնում պրոֆեսոր Միհրան Դաբաղը և դոկտոր Մաթիաս Ուֆֆերը։ Միջոցառմանը ներկա թուրքերի հարցերին հակիրճ պատասխանեցին նաև պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթը և դեսպան Հովհաննեսյանը։ Վերջինս հատկապես անդրադարձավ Առաջին համաշխարհայն պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանի հայության` ռուսական բանակին աջակցելու թուրքական քարոզչամեքենայի կողմից հաճախակի շահարկվող հարցին: Օրինակ բերելով 1890-ականների համիդյան ջարդերը Սասունում կամ 1909 թ մասսայական սպանդը Կիլիկիայում, երբ ոչ մի պատերազմ կամ արտաքին սպառնալիք չկար, Վ.Հովհաննեսյանն ապացուցեց, որ Օսմանյան կայսրության քրիստոնյա հպատակները որևէ հավատարմության պարտավորություն չունեին իրենց դարերով արյունալի ստրկության մեջ պահող թուրք սուլթանների և կառավարությունների առջև։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ մոտեցումը հիմնավորեց շվեյցարացի իրավաբան դոկտոր Ուֆֆերը։