կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 15:28
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն ինձ ասել է, որ Վարդան Այվազյանն էլ լուրջ շահեր ունի. Նիկոլ Փաշինյան

Հովիկ Աբրահամյանն ինձ ասել է, որ Վարդան Այվազյանն էլ լուրջ շահեր ունի. Նիկոլ Փաշինյան

Արմավիրի մարզի գյուղացիները դարձյալ ոռոգման ջրի պակասի խնդրի առաջ են կանգնել. ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը եւ կառավարությանն առաջարկեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի գումարներից ուղղել ջրամբարների կառուցմանը, որովհետև ջրի հարցը շատ ավելի կարևոր է, քան այդ ճանապարհի կառուցումը:

 

Լյովա Խաչատրյանը նշեց, որ պետք է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, լուրջ ուսումնասիրություններ անել և պարզել, թե, օրինակ, ինչո՞ւ Ապարանի ջրամբար վերջին չորս տարիներին ջուր չի լցվում:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ չեն պատժվում Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներն անխնա օգտագործողները: Նա նշեց, որ անընդունելի է համարում կառավարության` Սեւանա լճից ջրի լրացուցիչ քանակ վերցնելու նախագիծը, որովհետև լուրջ խնդիրներ են առաջանալու: Ըստ Դեմիրճյանի՝ գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ տարեկան 170 մլն խմ-ից ավելի ջուր բաց թողնելու դեպքում լիճը կճահճանա: Նա նշեց, որ կառավարությունը հիմնավորում է դա Արարատյան դաշտավայրի անապատացումը կանխելու հարցով: Այդ հարցը լուրջ հարց է` 303 արտեզյան հորերից 120-ը չորացել են, գրունտային ջրերի մակարդակն իջել է, ավեի քան 30 համայնքներ մնացել են առանց խմելու և ոռոգման ջրի: Ըստ Դեմիրճյանի՝ այս ծանր վիճակն առաջացել է Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի` ձկնաբուծարաններում անխնա օգտագործման հետեւանքով: Առանց հաշվարկի ստեղծվել են ձկնաբուծարաններ, որոնք օգտագործում են ջրի թույլատրելի ծախսի ավելի քան 60 տոկոսը: Բավարար վերահսկողություն չի իրականացվել ջրային ռեսուրսների նկատմամբ, իսկ մեղավորները չեն պատժվել:

 

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խնդրի առաջացման պատճառներից մեկը համարեց, ձկնարդյունաբերությամբ պայմանավորված, արտեզյան ավազանից անթույատրելի քանակությամբ ջուր բաց թողնելը:

 

Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին` նրանց համարելով միակ մեղավորը: Նրա խոսքով` 8000 հա տարածություն մնացել է առանց ջրի: «Վարդան Այվազյանն ասում է` գյուղացին ջուր չունի: Բա ո՞վ է մեղավորը, որ այսօր գյուղացին հայտնվել է անջուր հողերի առաջ: Սերժ Սարգսյանն ասում է` բա թողենք, որ Արարատյան դաշտավայրը չորանա՞: Բայց իր ղեկավարած իշխանությունն է մեղավոր, որ իրականացրել է ազգային հարստության թալան: Նույնն է, թե բանկի սեփականատիրոջն ասե`ՙ միլիարդավոր գումարներ են գողացել բանկից, իսկ նա ասի` դե ոչինչ, դոշակի տակի պահած փողերից տարեք, դրեք տեղը»,- ասաց պատգամավորը:

 

Նրա համոզմամբ` նախ պետք է լինի իրավական գնահատական` պարզելու, թե ոնց է տեղի ունեցել ջրի գողացումը: Ըստ Փաշինյանի` իրավական իմաստով դա նույնպես ազգային հարստության թալան է, որովհետև, ըստ Սահմանադրության, պետությունն է պարտավոր ապահովել ազգային հարստության պահպանումը: «Իսկ մենք փաստ ունենք, որ ջուրը հոսել է, գողացվել է անհայտ ձևով: Մինչև ջրի դեֆիցիտը լրացնելը, պետք է իրավական գնահատական տանք, մեղավորներին պատասխանատվության ենթարկենք, հակառակ դեպքում` նույն տրամաբանությամբ Սևանը կչորանա մի քանի տարի անց»,- ասաց նա:

 

Փաշինյանը հավելեց նաև, որ շրջանառվում են շատ ազդեցիկ պաշտոնյաների անուններ, որոնք ներգրավված են ձկնաբուծության ոլորտում` Սամվել Ալեքսանյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան... «Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն ինձ ասել է, որ ձկնարդյունաբերության մեջ Վարդան Այվազյանն էլ լուրջ շահեր ունի: Հիմա պարոն Այվազյանը գյուղացիների դա՞րդն է լացում, թե՞ իր արդյունաբերության և իր շահերի դարդն է լացում: Հանրությանը պետք է հստակ պատասխան տրվի թե հիշյալ ազդեցիկ մարդիկ ինչքանո՞վ են այդ խնդրում մեղավոր, թե ինչո՞ւ պատասխանատուները չեն կանխել ջրի գողացումը»,- ասաց պատգամավորը: