Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժամանակը, որ մեր աչքի առաջ է միշտ, ես հիմա անվանելու եմ կիրառական, ի տարբերություն մյուս՝ հավերժական ժամանակի, որին հիշում, որը տեսնում են բանաստեղծությանն առնչվելիս միայն, որովհետեւ նա ներկայանալու, հենց լինելու այլ եղանակ չունի էլ: Բանաստեղծություններն, իրենց հերթին, շատ չեն լինում, բայց նրանք, որոնք լինում են, պայմանավորում են որեւէ կիրառական ժամանակի գոյության հնարավորությունն իսկ (ամենակարճ գոյությունը նույնիսկ կարելի է միայն հավերժի մեջ): Այսպես է, որ դեռեւս շարունակություն կա:
Ելնելով ասվածից՝ ասեմ նաեւ, որ «գրելու տարեթիվ-ժամանակ», «գրական պրոցես» եւ նման այլ հասկացություններն այստեղ սովորական եղանակով չեն աշխատի: Որովհետեւ Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը ոչ հին է, ոչ նոր, այլ… չեմ հիշում նման բնորոշում, ուստի՝ արարչա-վաղնջական…
Վաղնջականը գոնե փորձեմ բացատրել: Այսպես. Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը հազվադեպ պատահողներից է: Ունենք նաեւ այն իմացումը, թե բանաստեղծը մի քանի ուրիշ բանաստեղծների ջանքի «արդյունքն» է: Ժառանգորդությունը՝ ժառանգորդություն, բայց բառ առ բառ, տող առ տող ղողանջող մի «աննմանություն» անընդհատ հուշում է, որ այն աղբյուրը, որից ջուր են խմել այս տաղերը, Կաթնաղբյուր է եղել. տվյալ դեպքում դա ոչ թե արդեն բանաստեղծված, այլ դեռեւս աշխարհի անվանումով զբաղ՝ աշխարհը փաղաքշող Լեզուն է. արարման ջանքի գոլորշին չափազանց է զգալի…
Խոսքիս վերնագիրը Ա. Վարդանյանի «Հայոց այբուբեն» բանաստեղծությունից է:
Կրկնում եմ՝ Մենք ծարավ ենք, երեխաներ…
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
«Ելք երկրից» ժողովածուն Աղվան Վարդանյանի մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում էբանաստեղծական ներկայության: Ընդ որում` անհրաժեշտ ներկայության: Նրա` զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային-ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Խմբագիր`Հակոբ Մովսես: Ձևավորումը`Սամվել Փարթամյանի: Գրքում օգտագործված են դրվագներ Էդուարդ Խարազյանի «Ձորաղբյուր» կտավից:
Ներկայացնում ենք մի քանի բանաստեղծություն գրքից:
ԱՍՅԱ ՀՈՐԱՔՈՒՅՐԸ
(Ախալքալաք: Մաջադիա)
Նա դուռը բացեց ու հեծկլտաց,
Նա ընկերոջս վզովն ընկավ,
Խոսեց-հարցըրեց-գնաց-եկավ,
Նայեց մեզ, ուրախ-տխուր ժպտաց:
Սեղանը առատ` կաթ ու մածուն,
Պանիր ու կարագ ու մեղրահաց,
Մենք ուտում էինք կամաց-կամաց`
Փառք տալով հողին, ամենեցուն:
Կերանք, խմեցինք, կողքի ընկանք,
Ծխեցինք երկար, ծույլ լռեցինք,
Ասացինք` էս օրն ավարտեցինք,
Ելնենք-պառկենք, որ ծեգին գնանք:
Նա մեզ ջուր բերեց, գիշեր բարի
Մաղթեց, դուրս ելավ կեսգիշերով,
Ու մենք քնեցինք անուշ քնով`
Կարոտելով մեր սիրածներին:
Արթնացանք, իրար քիչ ձեռ առանք,
Դուրս թռանք, փութով լվացվեցինք...
Նա տուն էր դառնում ժամը վեցին`
Ցեխոտված բահը ուսին առած:
- Արտը ջրեցի գիշերն,- ասաց,-
Էս երեք օր է` աչք չեմ փակել,
Ախր, էս ո՞ւր եք հագել-կապել,
Ախր, շատ շուտ եք գնում,- ասաց:
Ու սեղան բացեց: Հեռու կանգնել,
Նա մեզ էր նայում լուռ գոհությամբ:
Հետո համբուրեց, ճանապարհեց`
Աղավնիների ուղեկցությամբ:
ԴԻԼԻՋԱՆ-85
Գարուն: Առավոտ: Օդն` անմահական:
Եվ թռչունների հանճարեղ համերգ:
Ծանր գլուխս սեղանին հակած`
Ընկած եմ ծարավ, աչքերիս դեմ` մեգ:
Որ մանրանկար համերգ է դրսում,
Չեմ զգում` գիտեմ դեռ մանկությունից,
Իմ սափորի մեջ ավեր է ու սուգ,
Այս առավոտը չի մոտենում ինձ:
Երեկվա մեջ եմ, դժվար մի ճիգով
Ջանում եմ մաքուր երազս հիշել,
Սակայն շարվում են դառը զուգերգով
Հայացքիս առաջ դատարկված շշեր:
Մեկը իջնում է ուռած աչքերով,
Ուզում է կորչել դաշնամուրի մեջ,
Տարուբերվում է պատկերը մերոց`
Թռչող ափսեներ, մաղձ, կռիվ ու վեճ:
Մեկը ուզում է հեռանալ-գնալ,
Անտառի խորքում փոխարկվել խոտի,
Սակայն ասում է` քիչ էլ դիմանամ,
Քիչ էլ դիմանամ, կըելնեմ ոտի:
Թափված սեղանին և սեղանի տակ
Զինվորներ, փղեր, թագուհի, արքա,
Եվ ես ըմբռնում, տեսնում եմ հստակ,
Որ արդեն չունեմ ոչ մի կարգին քայլ:
Ախ, իմ թռչուններ, գարուն, առավոտ,
Ինձ համար համերգն այս չկայացավ`
Դարձյալ ընկած եմ ծարավ ահավոր,
Անառակ, անբան, անզգայացած:
ԱՅՆ ԱՓ
Երկիրն է այս: Էլ բան չկա`
Մռայլուրախ, պարզամթար`
Վերջին քայլով բացակայեմ
Էջմիածնի պատերի տակ:
Նախիջևան - Էջմիածին
Ընթացքից վերջ լույսս խավար
Ճեղքված քարից ակունք կտա,
Կդառնա սյուն վառ ու խաղաղ:
Ինչ երկար էր այս կարճ ճամփան
Սերերի ու կորուստների,
Նախիջևան կյանքն ինձ խփեց
Էջմիածին մահ քարերին:
Մի շնչելի տարածություն,
Անջնջելի մի կարճ միջոց
Ինձնից զատված բառը անցավ
Իմ ու այլոց սրտի միջով:
Ինձնից զատված: Այլոց միջով:
Աչքերս` խուփ, քունքիս` նշան,
Մի զվարթուն ճամփա բացեց`
Այլուրերում նախանշած:
Էլ բան չկա: Երկիրն է այս`
Ծնունդին ու մահին մոտիկ.
Էջմիածին սկիզբն` ի մեջ
Նախիջևան խնկահոտի:
ԶԱՐՄԱՆՔ
Իմ կոկորդը, կուրծքը, ձեռքը` թղթին դրված,
Ժամանակի շունչը անշնչելի,
Այս Հայաստան վախը` թռչունների
Առավոտյան երգին համադրված:
Ու դեռ` խաղաղվելու ձգտում անզսպանակ,
Ու դեռ` ղողանջելու հույսեր գունեղ...
Բայց որտե՞ղ է մահը` քառասուն հեղ
Նախորդ քառատողում ինձ ըսպանած:
ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ո՞ւր է քո եղբայրը, Աղվա՛ն:
20 ՏԱՐԻ ԱՆՑ
Պարզ բաներ միայն` խնձոր ու քար,
Աղ, թռչուն, ամառ, արյուն ու կին`
Մինչև լինելիքն ականակիր
Քեզ են վկայում անակնկալ:
Օդ, կրակ, ջուր, հող, երկիր ու խոսք,
Որ ասվեց-չասվեց, բայց կտևի,
Իմ վերջին քայլին կհետևի,
Երբ ես քո դուռը բախեմ վախով,
Բաբախեմ զվարթ, որ ինձ մնաց`
Ինչ գրել էիր իմ բիբերում,
Ես ինձ` քո շունչը, քեզ եմ բերում`
Այլևս դարձած գինի ու հաց:
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
«Ասյա հորաքույրը» - այս գործը «բերել եմ» Ախալքալաք հերթական ճամփորդությունից:
«Դիլիջան-85» - գրեթե վավերագրություն է` երիտասարդ ստեղծագործողների 80-ական-ների դիլիջանյան բոհեմական հավաքներից: Չորրորդ քառատողում Հրաչյա Բեյլերյանն է, հինգերորդում` Հրաչյա Թամրազյանը, շախմատային չերևացող հակառակորդս` Վասակ Դարբինյանը: Չեն երևում, բայց կան Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շառոյանը, Վանո Սիրադեղյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արտակ Վարդազարյանը:
«Այն ափ» - Սանահին վանքի տապանաքարերից մեկի միակ գրությունն է:
«Վրեժ Իսրայելյան», «20 տարի անց» - երկարատև դադարից հետո գրված գործեր են: