կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 12:20
Մշակույթ

Կառավարությունները կուգան ու կերթան, արվեստով զբաղվելը քեֆ է

Կառավարությունները կուգան ու կերթան, արվեստով զբաղվելը քեֆ է

Նոր ձևավորվող կառավարության հետ կապված` սպասելիքներ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

 

Նա հիշեցրեց` Թումանյանը մի լավ գործ ուներ «Քեֆ անողին քեֆ չի պակսի», ըստ այդմ, Բաբայանի հավաստմամբ, արվեստով զբաղվելը քեֆ է` Փարաջանովը բանտում էլ էր արվեստագետ:

 

«Բայց ես կուզեի, որ մեր կառավարությունը ծրագիր ունենար և բացատրեր` մեր ապագան ինչպե՞ս և որտե՞ղ է տեսնում: Որտեղ ասելով` ամենևին էլ նկատի չունեմ ՄՄ-ն, այլ արժեքային ինչ համակարգում: Մենք, ի վերջո, պետք է հասկանանք` ինչի համար ենք ապրում, հանուն ինչի ենք պայքարում: Մինչև այս հարցերի պատասխանը չիմանանք` արտագաղթի տեմպերը չեն պակասի, քանի որ անհեռանկար, ապագայի հանդեպ անորոշությունը մարդուն թևաթափ է անում»,- ասաց Բաբայանը:

 

Ըստ նրա` ողջունելի է այն, որ մշակութային ոլորտում մի շարք հաջողությունների ենք հասնում, մրցանակներ բերում տուն, բայց ի՞նչ անենք երկրում առկա հակամշակութային մթնոլորտի հետ: Մշակույթը, Բաբայանի հավաստմամբ, չի կարող լինել հանուն մշակույթի:

 

«Այն, ինչ մենք անում ենք, չի կարող միայն մեր նեղ շրջանակի համար լինել: Եթե այդպես է` մեր արածը գրոշի արժեք չունի: Մշակույթն ատամ լվանալու մածուկ է, ատամնաշարը՝ հասարակությունն է: Չկա մշակույթ` մի' դժգոհեք կարիեսից: Մշակույթը պետք է բոլոր ոլորտներին` դատախազությանը, պաշտպանության նախարարությանը»,- ասաց թատրոնի տնօրենը:

 

Նա նշեց նաև, որ եթե ԱԺ-ում պատգամավորներն իրար հետ «արա»-ով են խոսում, պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ նրանցից, պետք չէ սպասել, որ մենք տնտեսապես զարգացած երկիր կունենանք: Ըստ Բաբայանի` «արա»-ով խոսողը չի կարող երկրի զարգացմամբ զբաղվել: