կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-07 16:57
Իրավական

ՍԴ-ն ծանր հարված հասցրեց իր հեղինակությանը

ՍԴ-ն ծանր հարված հասցրեց իր հեղինակությանը

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթներն անվավեր և հակասահմանադրական ճանաչող` Սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1142) հրապարակման պահից ի վեր մեկնաբանում են շատերը, եւ յուրաքանչյուրն` իր շահից բխեցնելով: Yerkir.am-ն այս հարցի շուրջ զրուցեց իրավաբան, Շվեյցարիայի Բեռնի համալսարանի դոկտորանտ Մհեր Արշակյանի հետ:

 

-Կարո՞ղ եք ասել, թե ինչպես պետք է հասկանալ ՍԴ այս որոշումը:

-Չեմ ուզում կոպիտ ասել, բայց  տպավորություն է, որ ՍԴ-ն չի հասկանում իր կողմից կիրառված նորմի` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետի իմաստը: Այն վերաբերում է հակասահմանադրական նորմերի իրավաբանական ուժը կորցնելու համար ավելի երկար ժամկետ սահմանելուն: 

 

Սահմանադրական դատարանը  որոշման եզրափակիչ մասում երկարաձգում է իրավանորմերի ուժը կորցնելը, սակայն այդ նույն եզրափակիչ մասի սկզբում արդեն իսկ անվավեր է ճանաչում դրանք: Այսինքն` եթե նորմը անվավեր ես ճանաչում, դու չես կարող դրա իրավաբանական ուժը կորցնելը երկարաձգել: Այս նորմերը վերցվել են գերմանական Սահմանադրական դատարանի պրակտիկայից, բայց կիրառվում են առանց հասկանալու:

 

ՍԴ-ն նորմի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը երկարաձգելու պարագայում այդ պահին այն անվավեր չիճանաչում, այն ճանաչում է միայն Սահամանդրությանը հակասող: Իսկ եթե անվավեր է ճանաչում, ապա ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այսինքն` անվավեր նորմի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը չես կարող հետաձգել:

 

-Այս մասին էլի է խոսվել: Իսկ ընդդիմախոսները հակադարձո՞ւմ են, և ի՞նչ են ասում:

-Չեն հակադարձել, սա նույնն է, երբ ասես` թանը սպիտակ է,  ասեն` սև է: Այնքան անտրամաբանական կլինի դրան հակադարձելը: Ես ՍԴ որոշումը նայեցի ու  գտա, որ նույնիսկ  «ՍԴ մասին» օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը կիրառելու անհրաժեշտությունը չկար: Սահմանադրական տեսության մեջ նշվում է, որ նորմի կիրառման դեպքում պետք է հիմքեր լինեն: Բայց ՍԴ-ն իր որոշման մեջ ոչ մի տողով չի հիմնավորում, որ վիճարկվող հակասահմանադրական նորմերի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը հետաձգելը ավելի ընդունելի է քան դրանք որոշման ընդունման պահից անվավեր ճանաչելը: Այսինքն, ՍԴ-ն պետք է այդ նորմերի ուժը կորցնելու ժամկետը հետաձգելը հիմնավորի այն փաստով, որ դա չանելը ավելի հակասահմանադրական իրավիճակ կառաջացնի և այդ հակասահմանադրական վիճակի առաջացումը հստակ կանխատեսելի է ու անխուսափելի:

 

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ՍԴ անդամներն իրենց որոշումը հրապարակելուց հետո սկսեցին մեկնաբանել իրենց իսկ ընդունած որոշումը:

-Չեմ ուզում կոպիտ արտահայտվել, բայց տպավորությունը շատ վատն է:  Նախ` ՍԴ անդամն իրարամերժ հայտարարություններ է անում նույն օրը, և դա ապացույց է այն բանի, որ էս մարդիկ ինչ-որ մեկի ասածով են խոսում: Հակառակ դեպքում` տրամաբանությունը ո՞րն է, որ մարդը չկարողանա մեկնաբանել իր իսկ ընդունած որոշումը: Սա խոսում է այն մասին, որ ՍԴ ինստիտուտի անկախությունը արդեն  լուրջ վտանգված է: Այդ քայլը շատ ծանր հարված էր ՍԴ հեղինակությանը:

 

Երկրորդ` քսան տարվա ՍԴ անդամը մեկնաբանելիս ասում է, թե մենք կարող ենք երկարաձգել մեր որոշման ուժի մեջ մտնելը, ինչպե՞ս կարելի է նման անգրագիտություն ասել:  Սահմանադրության մեջ պարզ գրված է, որ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:  Ոչ թե որոշման ուժի մեջ մտնելու ժամկետն է երկարաձգվում, այլ հակասահմանադրական նորմի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը:

 

-Քաղաքացիները, հիմք ընդունելով ՍԴՈ-1142 որոշումը, կարո՞ղ են կուտակային վճարումները չանել:

-ՍԴ-ն իր իսկ որոշմամբ համապատասխան նորմերը ճանաչել է անվավեր, դրանք հրապարակման պահից սկսած` իրավաբանական ուժ չունեն: Այսինքն` քաղաքացիներն իրավունք ունեն ընդհանրապես վճարումներ չանելու:

 

Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ