Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Վիրավորանքը և զրպարտանքը ԶԼՄ-ներում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ գործող օրենսդրությունը բավարար կերպով կարգավորում է ԶԼՄ-ներում վիրավորանքի ու զարպարտանքի խնդիրը: Ըստ նրա` անհասկանալի է օրենքի նախաձեռնության մոտիվացիան:
«Ես տպավորություն ունեմ, որ նախագծի հեղինակները ցանկանում են կարգավորել բամբասանքի ոլորտը, բայց այն չի կարգավորվում, որովհետև բամբասանքը մարդկային գործունեության ոլորտից է: Եթե կարող եք կարգավորել բամբասանքի ոլորտը, Նոբելյան մրցանակ կարելի է տալ»,- ասաց Լևոն Բարսեղյանը` հավելելով, որ եթե օգտատերը ցանկանա տարածել վիրավորանք, ապա կարող է նույն լուսանկարով ու կենսագրությունով բացել 30 հատ կեղծ պրոֆիլ և տարածել իր զրպարտող նյութերը:
Լևոն Բարսեղյանը եկել էր բամբասանքը պատկերող գծագրով: Նրա խոսքով` բամբասանքը ծնվում է սուր անկյուններում` շենքերի, «բեսեդկաների», խոհանոցների անկյուններում: Ուստի` ունի առաջարկ՝ այսուհետ կլոր գծագրել կառուցվող բոլոր շինությունները, որպեսզի չլինեն սուր անկյուններ, հետևաբար` չծնվի բամբասանք:
Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանին դուր եկավ Լևոն Բարսեղյանի այդ հումորը:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես դեմ էր նախագծին` ասելով, որ այն ավելի շատ խնդիրներ է առաջացնելու: Նա նշեց, որ լրատվամիջոց են համարվում նաև օդնոկլասնիկյան և ֆեյսբուքյան պրոֆիլները, և քանի որ Հայաստանը չունի սոցիալական ցանցի սեփական սերվեր, ապա բոլոր օգտատերերը մեխանիկորեն դառում են անհայտ օգտատեր, իսկ «Ֆեյսբուքը» չի բացի ոչ մի օգտատիրոջ տվյալներ, որպեսզի հնարավոր լինի նույնականացում ապահովել:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի ղեկավար Սուրեն Դեհերյանը նշեց, որ դեմ է այդ նախագծին, քանի որ այս պահին այդ օրինագծի անհրաժեշտությունը չկա: Ըստ նրա` նախագիծը անհարմարություններ է ստեղծում համացանցի օգտատերերի համար: Համացանցը մի միջավայր է, որը հնարավորություն է տալիս բոլորին ունենալու ազատ արտահայտվելու հարթակ, և համացանցի վերաբերյալ ցանկացած կարգավորում չպետք է ունենա ռեպրեսիվ սահմանափակող բնույթ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ օրինագիծը պետք է հանվի շրջանառությունից, քանի որ տեխնոլոգիական առումով օրինագծում ներառված լուծումները անիմաստ են և վտանգավոր ԶԼՄ-ների համար, բացի այդ` օրինագիծը խնդրահարույց է՝ իրավաբանական առումով:
Ըստ Աշոտ Մելիքյանի` գործող օրենսդրությունն արդեն ամրագրել է զրպարտանքի և վիրավորանքի խնդիրները՝ երբ դիմում են խմբագրությանը` հեռացնել գրառումը, չհեռացնելու դեպքում դիմում են դատարանին: «Իհարկե, պետք է պայքարել վիրավորանքի ու զրպարտանքի դեմ, բայց շատ հասարակական-քաղաքական գործիչներ կարող են օբյեկտիվ քննադատությունը համարել զրպարտանք ու դիմել դատարան»,- ասաց նա: