կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-06 17:59
Տնտեսական

Սյունիքի մարզում գյուղատնտեսության սուբսիդավորման հետ կապված որեւէ խնդիր չկա. մարզպետ

Սյունիքի մարզում գյուղատնտեսության սուբսիդավորման հետ կապված որեւէ խնդիր չկա. մարզպետ

Օրերս Yerkir.am-ը տեղեկություններ ստացավ, որ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների ասել են, թե գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման ծրագրերի չափաքանակները քչացրել են, նույնիսկ` որոշ միջոցներ հետ են կանչվել Երեւան` Արարատյան հարթավայրի' ցրտահարությունից տուժած համայնքներին ու գյուղացիական տնտեսություններին աջակցության ծրագրերին այդ միջոցներն ուղղելու պատճառաբանությամբ:

 

Հատկանշական է, որ մայիսի 4-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ, Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ կատարած այցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, անդրադարձել ցրտահարության պատճառած վնասներին, ասել, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ՝ ոռոգման ջրի վարձը, իրականացվում են նաև վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի սուբսիդավորման ծրագրեր:

 

Դրանից առաջ, սակայն, վարչապետը նշել էր, որ կառավարությունը գյուղացու կողքին է կանգնելու' հստակ ծրագրերով, գործով, այդ ամենը, սակայն,  ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում: «Բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղացին եւս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Եվ հարց` առաջինը Սյունիքի գյուղացի՞ն պետք է ընդուներ, որ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ...

 

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում հերքեց, թե նման խնդիր կա: Նա ասաց, որ ներկայումս մարզպետարանը լրացուցիչ տեղեկատվություն է տարածում, որ գյուղատնտեսական վարկերից ով ուզի, կարող է օգտվել, իհարկե, վարկերը պետք է ոչ միայն վերցնել, այլեւ դրանց տակից դուրս գալ:

 

«Ուղղակի հաշիվը մի փոքր քիչ է եղել, որը մենք կապում ենք նաեւ որոշակի հիմնախնդիրենրի հետ: Նախարարի վերջին այցելության ժամանակ մենք նորից պայմանավորվել ենք, որ գյուղատնտեսության աջակցության գործակալության եւ մարզի գյուղատնտեսության վարչության միջոցով գյուղացիական տնտեսությունները փորձեն հնարավորինս ներկայացնել, որ կան նմանատիպ տնտեսություններ, որոնք կարող են օգտվել գյուղատնտեսական ծրագրերով իրականացվող սուբսիդավորումից»,- ասաց Վահե Հակոբյանը:

 

Նա տեղեկացրեց, որ այս ոլորտում մի քիչ անկում կա, բայց դա պայմանավորված չէ միջոցների սղությամբ: Իսկ խոսակցությունների կապակցությամբ, թե գյուղատնտեսության սուբսիդավորման համար նախատեսված միջոցները պետք է Սյունիքի մարզից ուղղվեն Արարատյան հարթավայրի' ցրտահարությունից տուժած տնտեսություններին աջակցության ծրագրերին, Սյունիքի մարզպետը նշեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, ավելին` 2-3 օր առաջ է մարզպետարանում այս կապակցությամբ խորհրդակցություն կայացել, եւ սկզբունքային որեւէ խնդիր չի առաջացել սուբսիդավորման կապակցությամբ:

 

«Եթե մեր մարզում յուրաքանչյուր բնակիչ կարողանա ներկայացնել, որ համապատասխանում է պահանջներին, որեւէ խնդիր չկա' կարող է օգտվել այդ սուբսիդիաներից»,- վերջում մեկ անգամ եւս հավաստիացրեց մարզպետ Հակոբյանը: